Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «Մարտի 1»-ը ձեռնտու չէ ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմության առողջ հատվածին

Ապրիլ 06,2012 17:07

Ընդամենը վերջերս ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատու հայտարարություն արեց՝ ասելով. «Ես անձնական պատասխանատվություն եմ կրում ընտրությունների խաղաղ եւ արդարացի անցկացման համար, իհարկե, ոստիկանական գործունեության հետ կապված»: Aravot.am-ը հայաստանյան հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանից, նույն ինքը՝ «Փղից», հետաքրքրվեց՝ ոստիկանապետն ուզում է ոստիկանության նոր իմի՞ջ ստեղծել, թե՞ նոր մշակույթ: «Սա, իմ կարծիքով նոր մշակույթ ձեւավորելու փորձ է, թեեւ մի քիչ բարդ է հավատալ, որ ոստիկանությունում կարող է լինել էվոլյուցիոն զարգացում կամ բարեփոխում, որովհետեւ 20 տարի մի ոճով աշխատած մարդիկ չեն կարող կարճ ժամանակահատվածում հանկարծ վերափոխվել: Այս իմաստով վրացական տարբերակն ավելի լավն էր. կտրուկ բոլորին փոխեցին ու իսկապես նոր մշակույթ սկսեցին ձեւավորել»,- ասաց Տիգրան Քոչարյանը՝ հավելելով, թե դա Հայաստանում անելը բարդ է համապատասխան կադրեր չունենալու իմաստով՝ «համակարգը ներսից բավականին մեծ խնդիրներ ունի»:

Այսուհանդերձ, Քոչարյանի համոզմամբ՝ «Բոլոր խելացի մարդիկ հիմա հասկանում են, որ Հայաստանում նոր «Մարտիպետք չէ: Դա ոչ իշխանությանն է ձեռնտու, ոչ էլ ընդդիմության առողջ զանգվածին, որովհետեւ «մարտիմեկերը» միանգամից մի քանի քայլ ետ են շպրտում Հայաստանը եւ տնտեսապես, եւ քաղաքականապես, ու իշխանությունն էլ գիտի, որ եթե մի անգամ էլ փորձի այդպիսի բան կրկնել՝ Հայաստանը բոլոր ինդեքսներով կհայտնվի վերջին տեղերում»: Բլոգերի կարծիքով, Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հարցում ամենաշահագրգիռ կողմն իշխանություններն են. «Ընդհանուր մթնոլորտից էլ է զգացվում, որ առնվազն փորձելու են այնպես անել, որ այդ բռի ընտրախախտումները չլինեն կամ եթե լինեն՝ պատժվեն»:

Երբ Քոչարյանին հիշեցրինք հայաստանյան ընդդիմության այլ կարծիքը, թե՝ մասնավորապես ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունումը մատնում է իշխանությունների՝ եւս մեկ «Մարտի 1»-ի պատրաստվելու մասին, նա առարկեց. «Իմ կարծիքով, այդ օրենքը, որը նաեւ միջազգային ատյաններում է փորձաքննության ենթարկվում, հենց նրա համար է, որ «մարտիմեկ» էլ չլինի: «Մարտի 1»-ին զորքը գործի դրվեց անպատրաստ վիճակում, առանց ուսումնական թրեյնինգների. ում ձեռքին զենք կար՝ չգիտեր ինչպես վարվել, խախտված էր կապը՝ թե ով ինչ պիտի անի, ոստիկանությունն ու բանակային ստորաբաժանումները չգիտեին ինչ անել, ու ըստ իս՝ զոհերը եղան հենց այն պատճառով, որ ցույցի չհամակարգված ցրում էր տեղի ունենում: Նաեւ ստեղծված իրավիճակը օրենքով չէր կարգավորվում, վիճելի հիմքերով արտակարգ դրություն մտցվեց՝ պարզ չէր, թե ինչի համար, ու այդ ամենը առիթ դարձավ իշխանություններին մեղադրանքներ առաջադրելու համար, մեծ կասկածի տակ առնելու նախագահի լեգիտիմությունը: Ու չնայած, որ «Մարտի 1»-ն ինձ համար երկու կողմ ունի, բայց հիմա այսպիսի օրենքները կարող են օգնել խուսափել զոհերից: Ինձ համար ամեն մարդու, առավել եւս ամեն հայի կյանքը շատ կարեւոր ու թանկ է, մեծագույն արժեք է: Կարող է լինել բանավեճ, տաքարյունություն, հասնել հայհոյանքի, բայց գնալ, զոհվել ներքաղաքական խնդիրների համար՝ ինձ համար անհասկանալի է ու ցավալի»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30