Լուսանկարում պատկերված այս նախկին առեւտրի սրահը, ինչպես դրա սեփականատերն ասաց` «անօրինական շտաբ է»: Նկատելով առեւտրի կետի վրա տեղադրված ՀՀ դրոշն ու Հանրապետական կուսակցության դրոշը Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք այդ օբյեկտը ՀՀԿ ընտրական շտա՞բ է: Օբյեկտի տերը, որը ներկայացավ Սեւակ անունով, այսպես պատասխանեց. «Երկու բառով հասկացեք` էսի ոչ օրինական շտաբ ա, ոչ էլ բան: Էսի մեր հայաթն ա, իմ ֆազենդան ա, ոնց որ մենք մեր հարազատներով, մեր ընգերներով հավաքվում ենք, լավ բաներից ենք խոսում, քննարկում ենք ինչ–որ բաներ: Էսի օրինական շտաբ չի»:
Մեր այն հարցին ի պատասխան էլ, թե ինչո՞ւ են Հանրապետական կուսակցության դրոշը տեղադրել, Սեւակը վստահեցրեց, որ Հանրապետական կուսակցության գաղափարների համախոհն է եւ իր «ոչ օրինական շտաբում» հավաքվում են բացառապես հանրապետականի կողմնակիցները:
Այս ֆազենդա-շտաբում, ինչպես ականատես եղանք, ձեռքի հետ էլ նախընտրական «բարեգործություն են անում»: Մեր զրույցի ընթացքում, մի թոշակառու ծերունի մոտեցավ «շտաբի ղեկավար» Սեւակին`ասելով, որ առողջական խնդիրներ ունի եւ խնդրեց օգնել իրեն: ՀՀԿ-ի մոլի երկրպագուն էլ ծերունուն հրավիրեց ներս`մանրամասն զրուցելու եւ օգտակար լինելու պատրաստակամությամբ:
Կարդացեք նաև
ՀՀԿ գաղափարակիր երիտասարդը մեր զրույցում հպարտորեն խոստովանեց, որ ՀՀԿ-ի եւ Հայաստանի Հանրապետության դրոշները ամառ-ձմեռ կախված են այդ «ոչ օրինական» շտաբում:
ՀՀԿ-ի այս պաստառն էլ տեղադրված էր Արշակունյաց փողոցի շենքերից մեկի պատին: Որքան էլ փորձեցինք տարածքում շտաբանման մի բան գտնել` չհաջողվեց: Անգամ տարածքի բնակիչները տեղյակ չէին, թե որտեղ է լինելու շտաբը: Հանրապետականների այս պաստառը տեղադրված է կոշկակարի կրպակի գլխավերեւում::
Նելլի ԲԱԲԱՅԱՆ