Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանյան ԶԼՄ-ները լուսաբանումներով գերազանցել են թուրքականներին

Ապրիլ 06,2012 16:47

Այսօր Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ ) ԶԼՄ-ներին ներկայացրեց «Հայաստանի եւ Թուրքիայի ԶԼՄ-ների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանման հիմնական միտումները» որակական հետազոտության հիմնական արդյունքները: Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանումը Հայաստանի եւ Թուրքիայի տասը լրատվամիջոցներում՝ 2008թ. օգոստոսից մինչեւ 2010թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Կոնսորցիումը համագործակցել է Թուրքիայի Իզմիրի Տնտեսական համալսարանի հաղոդակցության ֆակուլտետի հետ:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ հետազոտություններն իրականացել են երկու փուլով. «Առաջին փուլում հետադարձ հայացք է նետվել 2007-2010թթ.-ներին, երբ փորձ էր արվում ներկայացնել հայթուրքական հարաբերությունների ակտիվացումը: Իսկ երկրորդ փուլն ընդգրկում է 2010թ.-ից մինչ օրս կատարված ուսումնասիրությունները»: Պարոն Նավասարդյանը հավելեց, որ ԶԼՄ-ների հրապարակումները հիմնականում կրել են քարոզչական եւ տեղեկատվական բնույթ:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախագահ Գեւորգ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ ծրագիրն ընդգրկում է մի շարք ուղղություններ, մասնավորապես` բիզնես հարաբերություններ եւ աշխատանքային-մշակութային կապեր. «Ծրագիրն իր բովանդակությամբ ընդարձակ է, տվել է կարեւոր արդյունք եւ միավորում է խնդրով հետաքրքրված բոլոր հասարակական կազմակերպություններին»:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ժողովրդավարության եւ կառավարման բաժնի ղեկավար Սթիվեն Բրեյգերը նշեց, որ ԱՄՆ-ը սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված կոնսորցիումի ջանքերը. «Անվտանգության տեսանկյունից դա չափազանց կարեւոր է Հայաստանի համար: Առկա է երկու երկրների լրատվամիջոցների կողմից հավասարաչափ լուսաբանման խնդիր, քանի որ հաճախ ինֆորմացիայի անհասանելիության պատճառով լրագրողները ներկայացնում են միայն երկրի կառավարության դիրքորոշումը»:

Բանախոսները նշեցին, որ ըստ ուսումնասիրուոթյունների արդյունքների` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստանի ԶԼՄ-ներում արժանացել են ավելի մեծ ուշադրության, քան Թուրքիայի ԶԼՄ-ներում: Հայաստանյան լրատվամիջոցները թեմայի շուրջ հրապարակել են 3088, իսկ Թուրքիայի ԶԼՄ-ները` 1607 նյութ: Թուրքական լրատվամիջոցներում ԱՄՆ վարչակազմը հաճախ ներկայացվում էր իբրեւ կարեւորագույն դերակատար: «Նույնիսկ ԱՄՆի դերը ներկայացվում էր որպես ավելի կարեւոր, քան Հայաստանինը, իսկ գործընթացն առավելապես ներկայացվում էր որպես ԱՄՆԹուրքիա հարաբերություններ: Երկու երկրների լրատվամիջոցները քիչ են կենտրոնացել ներքին քաղաքական իրավիճակների, սոցիալական խնդիրների վրա»,- ասված է ծրագրի ամփոփագրում: Հետազոտությունն իրականացնողներն առաջարկեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանման հարցում լինել հավասարակշիռ, ընդլայնել լուսաբանման շրջանակները եւ այլ երկրների տեղեկատվական աղբյուրների օգտագործումը, ինչպես նաեւ` հաստատել անմիջական կապեր մյուս երկրների լրագրողների եւ փորձագետների հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30