Սյունիքի մարզում «Ժառանգության» շտաբի բացման հետ կապված խնդիրներ էին առաջացել, եւ երբ Զարուհի Փոստանջյանը զանգահարել էր Սյունիքի մարզպետին՝ հայհոյախառն արտահայտություններ էր լսել: Այսօր ասուլիսում, այս առնչությամբ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ երեկ վերականգնվել է այդ շտաբը. «Իհարկե, Զարուհու նկատմամբ եղել է ոչ քաղաքավարի պահվածք, կար վախի կիրառական բանեցում Գորիսի քաղաքացիների վրա: Բայց, իհարկե, ուրախ ենք, որ այդ հարցը հարթվել է»: Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանը ներողություն խնդրե՞լ է՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:
Խոսելով ընտրակաշառքների մասին՝ պարոն Հովհաննիսյանը պատմեց, որ երբ տնից իջնում է աշխատանքի, տեսնում է, թե ցուցակագրումն ինչպես է լինում. «Տեսնում եմ, որ այն մարդիկ, որոնց ես ճանաչում եմ որպես անվտանգության ծառայողներ օդանավակայանի կամ այլ տեղերի, իրենք մտել են այս կամ այն իշխող կուսակցության շտաբ: Եթե մենք իսկապես պիտի ունենանք ազատ, արդար ընտրություներ, պետական ինստիտուտները պետք է դուրս լինեն կուսակցական, քաղաքական պայքարից»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին քաղաքական ուժերի կողմից ազատ, արդար ընտրությունների անցկացման կոչերը հիշեցրել էին միջնադարից եկած մի երեւույթ, երբ ամենաբարձր գոռացողները «բռնիր գողին» հենց գողերն էին լինում: Aravot.am-ի այս հիշեցմանը՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ պատահել է ինձ, որ որեւէ մեկը ինձնից գողություն է կատարել, ես անպայման հետապնդել եմ գողին թե՛ բացականչելով, թե՛ գործելով: Եթե նման բան է ասել գործող պաշտոնյան, միգուցե ուրիշ տպավորություն է ուզեցել թողնել: Ընտրական գողություն եղել է, դա պետք է կանխել հնարավոր բոլոր եղանակներով, անգամ՝ հրապարակավ գոռալով, որ «սա է գողը, բռնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ