Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդդեմ տղամարդկային «մաչոյիզմի» (Տեսանյութ)

Ապրիլ 06,2012 16:16

Ամեն անգամ ՀԱԿ-ի նկատմամբ «Ժառանգությունը» բարի կամք է դրսեւորում, ուստի Aravot.am-ի հետ զրույցում մենք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունե՞ք, որ դա կշփոթեն խեղճության, թուլության հետ: Հատկապես, որ Ստյոպա Սաֆարյանի հետ նույն ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանն է, Արամ Մանուկյանի հետ նույն ընտրատարածքում Զարուհի Փոստանջյանն է եւ կոչ արվեց «Ժառանգության» անդամների կողմից, որ ասպետական ժեստ անեն, սա չի՞ տանում նրան, որ «Ժառանգությունը» գուցե վստահ չի իր ուժերի վրա, դրա համար էլ համագործակցության փորձ եք անում՝ նա պատասխանեց, որ ոչ. «Չեմ կարծում, ամեն մեկն ունի իր մեկնաբանությունը: Հայաստանյան անցյալից եկող կաղապարային մենթալիտետն ավելի տղամարդկային մաչոյիզմին է ուղղված, բայց ես կարծում եմ, որ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը կտեսնի, որ յուրաքանչյուր բարի կամեցողության, ժպիտի, առանց պայմանականության քննադատողին մոտենալը, ներելը դա միգուցե ուժի արտահայտություն է, ոչ թե հակառակը: Ուժի նոր սահմանումը մեր ժողովուրդը կտեսնի այս ընտրությունների ժամանակ: Ուժի նոր սահմանման անունը «Ժառանգություն» է: Այդ ուժը գիտի ժեստ անել, բարի կամք դրսեւորել, մարդկանց հարգել, թեկուզ հակադիր տեսակետը ընդունել, քննադատության համար շնորհակալություն հայտնել: Գալիս ենք ժողովրդին տալ այն, ինչ իրեն է պատկանում, ոչ թե այդ մուրաբան, պարարտանյութը, բժշկական հոգատարությունը, դա մեր քաղաքացու իրավունքն է: Դրա համար մենք որ ասում ենք սարեր ենք շուռ տալու, սարեր ենք շուռ տալու առաջին հերթին մեր ժողովրդի ինքնավստահության եւ հավատի մեջ»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ մեծամասնական ընտրակարգով միասնական թեկնածու պաշտպանելու բանակցությունները ձախողելուն, Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ հույս ունի, որ «մինչեւ ընտրություններ թեկուզ ուշացած, մենք կհանգենք այդ փոխադարձ լուծումներին, ըստ որի յուրաքանչյուր ընտրատարածքում կունենանք մեկ ընդդիմադիր թեկնածու, դա լինի ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից, «Ժառանգությունից» կամ այլընտրանքային քաղաքացիական առաջադրում: Եթե չեղավ այդպես, ուրեմն կգնանք առաջ, թող ամենաարժանին հաղթի, մենք էլ կշնորհավորենք արժանավորին»:

Պարոն Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ իրենք ներքին հարցումներ են արել ու պարզել, որ «Ժառանգությունն» առնվազն երկրորդ տեղում է լինելու խորհրդարանում: Ներքին հարցումներից բացի ունեն նաեւ այլ կազմակերպությունների հարցումների «ոչ պատվիրված» արդյունքները. «Ես քաղաքացիական իմ բնազդով, ժողովրդի հետ շփումով էլ գիտեմ, թե մեր իրական թվերը որոնք էին 5 տարի առաջ: «Ժառանգության» ցուցակը կենտրոնական մրցակիցն է այս ընտրություններում, պարունակում է հզոր էներգիա, ուժականություն: «Ժառանգությունը» մաս է կազմելու խորհրդարանական եւ գործադիր հաջորդ իշխանության: Դրա համար այն հարցերը, որ տրվում են, թե «Ժառանգությունը» ում հետ է պատկերացնում կոալիցիա ստեղծելը՝ պատահական չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30