Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մարդն այս պետությանը քվեարկում է իր ոտքերով

Ապրիլ 06,2012 15:53

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը

«Քաղաքականություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Դուստրիկ Մխիթարյանն այսօր «Կոնգրես» հյուրանոցում ուշադիր լսելով Ռիո+20 Ազգային գնահատման զեկույցի նախագծի վերաբերյալ ՀՀ իշխանությունների գնահատականը` զարմացած ասաց. «Ես այդպես էլ չհասկացա, թե այս զեկույցը ո՞ր երկրի մասին էր` ամեն ինչ լավ է, ամեն ինչ արվում է»: Զեկույցի վերաբերյալ կազմակերպվել էր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հանրային քննարկում: Տիկին Մխիթարյանն առաջարկեց պատրաստել ազգային այլընտրանքային զեկույց, քանի որ առկա զեկույցում ոչ մի տող չկա ներքին ու արտաքին մարտահրավերների մասին: Հունիսին, Ռիոյում կայանալիք կայուն զարգացման խնդիրներին նվիրված հերթական գագաթաժողովի ժամանակ, սույն զեկույցով պետք է ներկայացնենք, թե մեր երկիրն ինչ ձեռքբերումներ, բացթողումներ ու մարտահրավերներ ունի:
«Ներքին մարտահրավերն արտագաղթն է, այսօր մարդն այս պետությանը քվեարկում է իր ոտքերով. ասում ենք՝ աղքատությունը կրճատվել է, ինչի՞ հաշվին է կրճատվել, որովհետեւ գնացել են: Օրերս ճանապարհում էի քրոջս եւ լացս ուղղակի գալիս էր. այդ օրվա ինքնաթիռով 70 ընտանիք` մեծով- փոքրով, նորածինով, տնով- տեղով գնում էին: Սա ներքին մարտահրավեր է, սա մեր ազգային անվտանգության հարց է, եթե այս հարցը չլուծենք, էլ ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց Դուստրիկ Մխիթարյանը: Նա, մատնացույց անելով կիսադատարկ դահլիճն, ասաց. «Մենք ունենք 5000-ից ավելի հ/կ-ներ, սակայն այսօր դահլիճում 50 հոգի էլ չկան, ինչո՞ւ , կամ նրանք ընդամենը «գալչկայի» համար են եւ իմաստ չեն գտնում այստեղ գալ ու խնդիրներից խոսել, կամ այդ բոլոր կազմակերպությունները լռում են, որովհետեւ որոշները գրանտներ են ստանում ու իրավունք չունեն բարձրաձայնեն խնդիրների մասին»:
«Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ Մովսես Արիստակեսյանը, որը նաեւ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում է, Aravot.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց. «Այս զեկույցը միտված է կեղծարարության, աճպարարության միջոցով մի կերպ ցույց տալ, թե իշխանությունները ինչ-որ մի բան են կատարում, դա ուղղված է դոնոր հանրությանը, որպեսզի նրանք լրացուցիչ միջոցներ տան եւ այդ միջոցներն էլ իշխանությունները կուղղեն ապօրինի, օլիգոպոլ, իրենց եւ թոռների ու գերդաստանի շահերին: Դրանց մեջ մտնում են նաեւ գրանտակեր այն հ/կ-ները, որոնք իբր մասնակցություն են ունեցել այս զեկույցին: Ամենակարեւորը՝ այս զեկույցում չկա մարդը, որին ուղղված է Ռիո+20-ի գաղափարախոսությունը, իսկ մարդու ամենամեծ խնդիրներն են աղքատությունը, գործազրկությունը: Այսօր չկա այնպիսի մի անվտանգ ֆիզիկական միջավայր, որտեղ մարդիկ գործեն, դրա համար այդ ամենն արտահայտվում է արտագաղթով»:

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն էլ, անդրադառնալով գործընկերներից մեկի այն դիտարկմանը, թե այսօր Հայաստանի համար ամենակարեւոր հարցը Սեւանի խնդիրն է, ասաց. «Այսօր ամենակարեւոր խնդիրը բնակչության կյանքն է»: Անդրադառնալով էներգետիկ անվտանգության հարցերին, բնապահպան Սանասարյանը նկատեց. «Ատոմակայաններ կառուցելով՝ մեր երկրի էներգետիկ ճակատագիրը միջուկային էներգետիկային կապելն արդյոք պետության ազգային շահերի՞ց է բխում: Իհարկե այն ընտանիքները, որոնք ներդրումներ կկատարեն՝ 20, 30 կամ 60 տարի կստանան շահույթ, դրանից հետո Հայաստանը հարյուր հազարավոր տարիներ պետք է մտածի՝ ինչպես շրջակա միջավայրից հնարավորինս անվտանգ վերացնի վտանգավոր թափոնները»:

Aravot.am-ը բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանից հետաքրքրվեց, թե, որպես պետության ներկայացուցիչ, համաձա՞յն է հ/կ-ների արծարծած խնդիրներին եւ ինչո՞ւ այդ կարեւոր հարցերը ներառված չեն զեկույցում: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Բավականին հետաքրքիր քննարկում է գնում, ես կարծում եմ՝ իրենց առաջարկությունների հիման վրա ազգային զեկույցը կլրամշակենք: Իրոք այդ խնդիրները կան, բայց շատ եզրակացությունների հետ համաձայն չեմ. օրինակ` համաձայն չեմ, որ այս զեկույցը պետք չէ կամ ոչ մի բան չի տալիս, այս զեկույցը մշակվել է նաեւ հ/կ-ների մասնակցությամբ: Բայց, օրինակ, փաստ է, որ բնական ռեսուրսների գերշահագործումը, ապօրինի անտառահատումները, աղքատության բարձր մակարդակն այսօր կան եւ որեւէ մեկը չի կարող հերքել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30