Ապրիլի 6-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին` «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի, Գրողների համահայկական VI համաժողովի նախապատրասական աշխատանքների, «Լատինական Ամերիկայի կրթամշակութային կյանքին աջակցություն» ծրագրի 2012թ. կատարման ընթացքի մասին և ընթացիկ այլ հարցեր:
Օրակարգի առաջին երկու հարցերը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանը: Զեկուցողը ներկայացրեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի նպատակներն ու խնդիրները` նշելով, որ Երևանի պետական համալսարանի բազայի վրա ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ստեղծվող այս դպրոցը ՀՀ կառավարության 2012թ. գերակա խնդիրներից է: Ծրագրի նպատակն է աջակցել Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանը: Ամառային դպրոցում դասընթացներն ընթանալու են հինգ ուղղություններով` հայոց լեզվի արագացված ուսուցում, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վերապատրաստում, կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոց, Սփյուռքի լրագրողների վերապատրաստում: Դպրոցն իր աշխատանքները կազմակերպելու է հունիսի 25-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Ա.Մխիթարյանը ներկայացրեց նաև «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հինգ ուղղություններով իրականացված և իրականացվելիք աշխատանքները:
«Սփյուռք ամառային դպրոցը» պետք է դառնա ամեն ինչից անկախ, ինքնուրույն ինստիտուցիոնալ կառույց, որը կնպաստի մայրենի լեզվի ուսուցմանը, զարգացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում»,-շեշտեց Ատյանի նախագահ ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը:
Օրակարգի երկրորդ հարցի շուրջ զեկուցողը ներկայացրեց ապրիլի 18-23-ը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում իրականացվելիք Գրողների համահայկական VI համաժողովի նախապատրաստական աշխատանքները` նշելով, որ «Համաժողովին կմասնակցի 72 գրող` 40-ը` Սփյուռքից` 18 երկրից` ԱՄՆ-ից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Արգենտինայից, Իսրայելից, Վրաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Կանադայից և Աբխազիայից, 20-ը` Հայաստանից, 10-ը`Արցախից»:
Գրողների համահայկական VI համաժողովի ընթացիկ աշխատանքները ներկայացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լ.Անանյանը: Վերջինս նշեց, որ համաժողովի շրջանակներում կազմակերպվելու են նաև երկու գիտաժողով` «Հայ գրքի ճանապարհը. հիմնախնդիրներ և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» և «Արդի հայ գիրքն աշխարհի մայրաքաղաքներում» խորագրերով, մշակութային ծրագրեր, այցելություններ Էջմիածին և Ծիծեռնակաբերդ:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Ամերիայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Հ. Մանուկյանը ներկայացրեց վարչության կողմից «Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն>> ծրագրի շրջանակներում իրականացված և նախատեսվող աշխատանքների և դրանց ընթացքի մասին: Նշենք, որ ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 291-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» ծրագիրը գործում է 2010 թվականից, որի շրջանակներում իրականացվել և իրականացվում են մշակութային միջոցառումներ` բարեգործական համերգներ, հանդիպում համայնքներում, ուսուցիչների վերապատրաստում, դասագրքերի և խորհրդանիշերի առաքում: Զեկուցողը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված և նախապատրաստական փուլում գտնվող միջոցառումների ժամանակացույցը:
Ատյանի նիստի ավարտին նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց մարտի 28-31-ը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի որոշ մանրամասներ:
ՀՀ Սփյուռքի նախարարություն