Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրթության պատասխանատուները շեշտեցին Ջհանգիրյանի պահանջկոտությունը

Ապրիլ 06,2012 14:16

Այսօր Երեւանի «Գլաձոր» համալսարանում բացվեցին որակի ապահովման եւ կարիերայի կենտրոններ՝ ԿԳ նախարարության, «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի  եւ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ:

Որակի ապահովման կենտրոնը նպաստելու է ուսումնական նոր ծրագրերի իրականացմանը, իսկ կարիերայի կենտրոնը՝  բուհի շրջանավարտների աշխատանք գտնելուն:  Բացմանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ Գլաձորի հետ համագործակցությունն այս տարիների ընթացքում դժվար ընթացք է ունեցել, քանի որ բուհի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն աչքի է ընկնում խստապահանջությամբ: «Դա նպաստում է բուհի զարգացմանը եւ որակյալ կրթական ծառայությունների մատուցմանը: Կենտրոնների բացումն օգտակար է ուսանողների համար եւ նպաստում է եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելուն»,-ասաց նախարարը եւ հավելեց, որ ԿԳ նախարարությունը խտրականություն չի դնում պետական եւ մասնավոր բուհերի միջեւ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ առաջին անգամ միությունը համագործակցում է մասնավոր բուհի հետ. «Գլաձորն» առաջնորդվում է մասնագետներ կրթելու արդար գաղափարով, եւ մենք կաջակցենք նրա ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ՝ կնպաստենք, որ ուսանողներն աշխատանք գտնեն»:

Նշենք, որ «Գլաձորն» առաջին համալսարանն էր, որը փորձնական հավատարմագրման փուլում ինքնակամ անցավ «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ստուգումները: Հիմնադրամի նախագահ Ռուբեն Թոփչյանը նույնպես հիշատակեց բուհի ռեկտոր Ժ. Ջհանգիրյանի պահանջկոտությունը. «Երեք  տարի առաջ նա եկավ մեր կենտրոն եւ ասաց՝ ես ձեզ բոլորիդ դատի կտամ: Նրա սրտի կամքն էր, որ «Գլաձորն» այժմ հավատարմագրման ընթացքի մեջ է»,-ասաց պարոն Թոփչյանը: «Գլաձորի» ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն էլ նշեց, որ համալսարանի խնդիրն է՝ հայաստանյան շուկայի համար ապահովել որակյալ կադրեր. «Կենտրոնների բացումը ժամանակի պահանջն է: Դա չի նշանակում, թե «Գլաձորը» նախկինում որակ չէր ապահովում, պարզապես կատարյալ ոչինչ չկա»:

Հավելենք, որ ԿԳ նախարարներից Արմեն Աշոտյանը միակն է, ով «Գլաձոր» համալսարանում կարմիր ժապավեն է կտրել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30