Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 06,2012 13:42

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ հինգերորդ

ԵՎՍ ՄԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Եվ Լիանան մի քիչ մտածեց ու կմկմալով Կարենին ասաց՝ «պապան ու դու շատ ընդհանուր գծեր ունեք», եւ Կարենը ծիծաղելով ասաց՝ «ապրես», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Կարենը ծիծաղելով ասաց՝ «հետս արդեն դու-ով ես խոսում», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «մի քիչ դժար ա, բայց ինձանի կախված ամեն ինչ անում եմ», եւ Կարենն ասաց՝ «մեռնեմ լեզվիդ» եւ որոշ լռությունից հետո ավելացրեց՝ «մեռնեմ լեզվամտածողությանդ», եւ Լիանան չգիտեր ինչ ասեր ու անկախ իրենից ասաց՝ «մի մեռի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով  ավելացրեց՝ «դու դեռ էս ազգին պետք ես», եւ Կարենը ծիծաղելով ասաց՝ «առնվազն մինչեւ պրեմիերան պիտի ձգեմ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ինձ թվում ա՝ պրեմիերայից հետո էլ անելիքներ կունենամ», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «պրեմիերայից հետո ի՞նչ եք անելու», եւ Կարենը նեղսրտած  ասաց՝ «էլի՞ դուք-ի անցար», եւ Լիանան մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ պրեմիերայից հետո ի՞նչ են անում», եւ Կարենը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «բանկետ» եւ մի  քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «համենայն դեպս, չեն մեռնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «պրեմիերայից հետո էլ են շարունակում ապրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պրեմիերաներից հետո էլ ա կյանքը շարունակվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «համենայն դեպս, մինչեւ էսօր էդպես ա էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու հանդիմանանքով ասաց՝ «չըլնեմ-չիմանամ՝ մեկ էլ հետս դուք-ով խոսաս», եւ Լիանան կմկմալով ասաց՝ «մոռանում եմ», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ես մոռանում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «մոռանում եմ, որ ձեր հետ պիտի դու-ով խոսամ», եւ որոշ լռությունից հետո Կարենը հռհռալով ասաց՝ «սրանից հետո միշտ հիշի, որ մեր հետ պիտի  դու-ով խոսաս», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կփորձեմ», եւ Կարենը ծիծաղելով հարցրեց՝ «էդ դուք-ով խոսալու պատմությունը լսե՞լ ես», եւ Լիանան  հարցրեց՝ «ի՞նչ պատմություն», եւ Կարենը հարցրեց՝ «Մացակ Պապյանին  գիտե՞ս», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ», եւ Կարենը հարցրեց՝ «անունն էլ չես լսե՞լ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ», եւ Կարենը որոշ լռությւոնից հետո ասաց՝ «դու շատ փոքր ես. պարզ ա, որ լսած չես ըլնի», եւ  Լիանան հարցրեց՝ «էդ ո՞վ ա», եւ Կարենն ասաց՝ «վաթսունական թվականների ղեկավար աշխատող ա. կարծեմ մինչեւ վարչապետ հասել ա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա պարզ», եւ Լիանան ասաց՝ «մինչեւ վարչապետ հասել ա», եւ Կարենը հացրեց՝ «ո՞վ ա մինչեւ վարչապետ հասել», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «էդ ասածդ մարդը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ազգանունը մոռացա», եւ Կարենը հարցրեց՝ «գոնե անունը հիշո՞ւմ  ես», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ», եւ Կարենը հարցրեց՝ «հիշողությունդ էդքան վատն ա՞», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի պահ մտքով ուրիշ տեղ էի», եւ Կարենը հարցրեց՝ «ո՞ւր էիր», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ», եւ Կարենը որոշ լռությունից հետո նեղսրտած հարցրեց՝ «հիմի թողելու ե՞ս պատմեմ», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պատմես», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «էդ Մացակ Պապյանի պատմությունը», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «թողում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու  ավելացրեց՝ «դե պատմի. ո՞ւմ ես սպասում», եւ որոշ լռությունից հետո Կարենը սկսեց՝ «ուրեմն, վաթսունականներին էդ Մացակ Պապյանին որ շատ բարձր պաշտոնի են նշանակում, կնոջը կանչում ասում ա՝ լսի, արդեն մեծ պաշտոնյայի կնիկ ես, սրանից հետո բոլորը հետդ դուք-ով՝ հոգնակի են խոսալու, բայց դու էլ պիտի իրանց հետ դուք-ով ու հոգնակի խոսաս, որ իմանան՝ զարգացած ու կրթված կնիկ ես» եւ որոշ դադարից հետո Կարենը Լիանային հարցրեց՝ «լսում ե՞ս», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Կարենը շարունակեց՝ «մի քանի օր անց ինչ-որ մեկը զանգում ա Մացակ Պապյանի տուն,  ու Մացակ Պապյանի կինը հեռախոսափողը վերցնելով ասում ա՝ «Մացակ Պապյանի կանայք լսում են», եւ Կարենը որոշ լռությունից հետո Լիանային հարցրեց՝ «չես լսո՞ւմ», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «լսում եմ», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «որ լսում ես, բա ինչի՞ չես ծիծաղում», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «պիտի ծիծաղե՞մ», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Կարենն ասաց՝ «որովհետեւ շատ ծիծաղելի  պատմություն էի պատմում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կներես», եւ Կարենը հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մտքերով ուրիշ տեղ էի», եւ Կարենը բավական երկար լռեց, որովհետեւ զգում էր, որ խոսելն անիմաստ է, ավելի ճիշտ՝ բավական ժամանակ խոսելու բառ չէր գտնում, բայց հեռախոսն էլ չէր անջատում, որովհետեւ հեռախոսն անջատելն ավելի անիմաստ էր, քան՝ լռելն ու չխոսելը, եւ ընդհանրապես՝ էդ պահին Կարենի մտքով չէր էլ անցնում հեռախոսն անջատել, որովհետեւ  էդ պահին Կարենի մտքով չէր անցնում, որ իրենց էդ տեւական լռությունը բառի բուն իմաստով է ոսկի. այսինքն, էդ պահին Կարենի մտքով չէր անցնում, որ մի քանի օր անց ինքն իրենց էդ հեռախոսային ու բջջային  լռության պատճառով գրավ է դնելու իր ամուսնական մատանիներից երկրորդն ու երրորդը՝ քառասունութ հազար բջջային պարտքի  դիմաց, եւ չնայած էդ մեծ լռության ընթացքում էդ գրավի ու էդ պարտքի մասին մտքով չէր էլ անցնում, այնուամենայնիվ, էդ մեծ լռությունից հետո խոսեց ու հարցրեց՝ «էդ կարող ա՞ քնել ես, այ ախչի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ մտածում էի՝ դու ես քնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չուզեցի խանգարեմ», եւ Կարենը որոշ լռությունից հետո ասաց՝ «առանց քեզ քուն չունեմ, Լիանա ջան», եւ Լիանան ոչինչ չասաց ու ահավոր կարմրեց, բայց Կարենը Լիանայի կարմրելը չտեսավ ու չէր էլ կարող տեսնել, որովհետեւ էդ պահի դրությամբ բջջային հեռախոսագիտությունն էնքան չէր զարգացել, որ խոսողն իր խոսակցի կարմրելը կարողանար տեսնել, մինչդեռ Լիանան՝ որ աջ ականջով Կարենին էր լսում, իսկ ձախն էլ պահում էր ննջարանի դռանը, որ չլինի թե՝ ամուսինը ճաշասենյակ մտնի ու իր հեռախոսով խոսելը տեսնի, ձախ աչքով միջանցքի հայելու մեջ իր կարմրելը լավ էլ տեսավ, եւ չնայած Կարենի պես ինքս էլ Լիանայի կարմրելը չեմ տեսել, իր կարմրելն էսպես տեսանելի նկարագրում եմ, որովհետեւ տեսանելիորեն պատկերացնում եմ, որ իր ամուսնուց բացի որեւէ մեկի երեսը չտեսած լոռեցի կինը Կարենի էդ խոսքերից հետո հաստատ կկարմրեր, եւ էս ամենն էսքան տեսանելի ու էսքան մանրակրկիտ նկարագրում եմ, որովհետեւ իսկական գրողն ու մանավանդ արձակագիրը պարտավոր է նույնիսկ իր չտեսած բաները տեսանելիորեն ու ամենայն մանրամասնությամբ նկարագրել, եւ շատ հնարավոր է՝ Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյն Աննա Կարենինայի ու Վռոնսկու մասին ավելի քիչ բան իմացած լինի, քան՝ ես էս պահին Լիանայի ու Կարենի մասին գիտեմ, եւ Լեւ Նիկոլաեւիչի պարագայում հենց էդպես էլ եղած կլինի, որովհետեւ Տոլստոյն ազնվական լինելով՝ դժվար թե իրեն թույլ տար քիթն ուրիշների անձնական ու մանավանդ արտամուսնական հարաբերությունների մեջ խոթել, բայց Տոլստոյը չտեսած լինելով՝ միանգամայն տեսանելի ու միանգամայն հավաստի է Աննայի էդ ամբողջ անձնականն ու արտամուսնականը նկարագրել, որովհետեւ Տոլստոյն իսկական ու շատ մեծ գրող է, եւ չնայած Տոլստոյը Շեքսպիրին անուն էր կպցնում, Շեքսպիրն էլ  Տոլստոյից պակաս գրող չի, եւ Շեքսպիրն էլ Համլետին, Օթելլոյին ու իր մյուս հերոսներին երբեւէ չտեսած՝ սրանց հոգեկան տառապանքներն էր ճշմարտացիորեն ու տեսանելիորեն նկարագրում, որովհետեւ իսկական գրողը պարտավոր է նաեւ իր չտեսած բաները ճշմարտացիորեն ու տեսանելիորեն նկարագրել, եւ ահա ինքս էլ Կարենի էս հերթական ամուսնության կապակցությամբ իսկական գրողի  որակներ եմ հանդես բերում, որովհետեւ էն ամենը՝ որ Կարենի ու  իր նորահարսի մտերմության էդ հեռախոսային ստարտի ու սկզբի մասին գրեցի, զուտ գրական ու գեղարվեստական երեւակայությանս արդյունքն էր, որովհետեւ Ծաղկաձորում  ինձ էդպես էլ չհաջողվեց Կարենի ու Լիանայի մասին վանաձորցի բանաստեղծուհի Անթառանայան Լենայից լսածիս որեւէ իրական բան ավելացնել, եւ դրա պատճառը չափազանց բարձր ջերմությունս էր, որովհետեւ հաջորդ առավոտ չափազանց բարձր ջերմության մեջ մոռացա Նազենիի «Երջանկության մեխանիկայի» էդ Կարենենց հաղորդման կրկնությունը նայել, եւ եթե նայեի էլ՝ էդ ահավոր  բարձր ջերմությանս մեջ  դժվար թե որեւէ բան ընկալեի ու հասկանայի, ու էդ բարձր ջերմությամբ վեր կացա ու վերադարձա Երեւան, եւ չնայած սա առաջին դեպքը չի՝ որ Ծաղկաձորում հիվանդանում եմ, այդուհանդերձ, առաջին դեպքն է, որ հիվանդանալով ու գրելիքս կիսատ թողնելով՝ վերադառնում եմ Երեւան, եւ Կարենի էս հերթական ու նոր երջանկության վերաբերյալ գրելիքս  կիսատ թողնելով՝ ահա մի շաբաթից  ավելի է՝ Կարենի էս հերթական ու նոր ամուսնության մասին եմ բստրելով գրում, եւ չնայած նախորդիվ բստրեցի թե՝ իրենց էդ հաղորդման կրկնությունը նայել եմ, հիմա հանկարծակի ու անսպասելի անկեղծանալով՝ խոստովանեցի, որ առանց իրենց էդ հաղորդման կրկնությունը նայելու՝ ահավոր ջերմությամբ վեր կացա ու եկա Երեւան, եւ չնայած քիչ առաջ ասացի, որ Տոլստոյը, Շեքսպիրն ու  ուրիշներն էլ են բստրելով  ու հորինելով գրել, այդուհանդերձ, իմ դեպքը մի քիչ այլ է՝ ոչ միայն էն առումով, որ ես, ի տարբերություն Տոլստոյի ու Շեքսպիրի, կոնկրետ, իրական ու ապրող մարդկանց մասին եմ գրում. ավելին. Ջանիբեկյան Կարենը ոչ միայն կոնկրետ ու ռեալ անձնավորություն է, այլեւ՝ չափազանց բացառիկ անձնավորություն, ընդ որում՝ ինքը հասարակությանը ոչ միայն իր դերասանական տաղանդով ու իր բազմաթիվ հետաքրքիր դերերով է հայտնի, այլեւ՝ իր բազմաթիվ ու հետաքրքիր ամուսնություններով, եւ քանի որ դրանցից ամենավերջինի մասին արդեն սկսել եմ գրել, բարոյապես ինձ պարտավորված եմ զգում հանդիպել Կարենին՝ ոչ միայն իր էս ամենավերջին  ամուսնության վերաբերյալ որոշ մանրամասներ ճշտելու նպատակով, այլեւ իրենից իր էս ամենավերջին անձնական իրադարձության մասին գրելու իրավունքն ստանալու նպատակով, որովհետեւ, ինքներդ էլ եք երեւի հասկանում, որ որեւէ գրող իրավունք չունի իրական որեւէ մեկի կյանքի մեջ մխրճվել՝ առանց էդ մեկից իր մասին գրելու իրավունքն ստանալու, եւ Կարենի պարագայում իմ հույսն էն է, որ եթե ինքն ու իր ամենավերջին կինը համաձայնվել են Նազենիի հաղորդման միջոցով իրենց անձնականը հասարակության սեփականությունը դարձնել, երեւի իմ էս հորինովի նկարագրություններին էլ առանձնապես դեմ չեն լինի, բայց, այդուհանդերձ, ես պարտավոր եմ տեսնել Կարենին ու իր համաձայնությունն ստանալ, եւ քանի որ վստահ եմ, որ ինքը կտրականապես դեմ չի լինի, ահա էսպես, առանց իր համաձայնությունն ստանալու, սկսել ու շարունակում եմ, բայց էս բաները գրելուն զուգահեռ, շաբաթվա մեջ առնվազն մի անգամ մտնում եմ Սունդուկյանի թատրոն ու Կարենին եմ հարցնում, բայց առայժմ չեմ հաջողացրել տեսնել իրեն ու իր համաձայնությունն ստանալ, չնայած, խոսքը մեր մեջ, իր համաձայնությունն արդեն ինձ հարկավոր էլ չի, որովհետեւ իրենց մասին ինչ որ գրելու էի,  արդեն համարյա գրեցի պրծա, եւ հիմնականում էն եմ գրել՝ ինչը որ Անթառանյան Լենան Ծաղկաձորում ինձ պատմեց, իսկ Կարենն ու Լիանան Նազենիի հաղորդման միջոցով՝ հայ հասարակությանը, եւ չնայած հիվանդությանս ու ջերմությանս պատճառով Նազենիի էդ հաղորդման կրկնությունը չտեսա, բանաստեղծուհի Անթառանյան Լենան էդ հաղորդման մասին էնքան մանրամասն էր պատմել, որ էդ հաղորդման կրկնությունը նայելով՝ առանձնապես նոր բան չէի իմանալու Կարենի էս հերթական ամուսնության մասին, մինչդեռ հիմա էդ մասին ավելին գիտեմ, քան՝ միջին վիճակագրական հայը, որովհետեւ Նազենիի կոնկրետ էդ հաղորդման  եղածչեղածը բանաստեղծուհի  Անթառանյան  Լենայի պատմածով գիտեմ, դրան էլ գումարած՝ էն ամենը, որ բանաստեղծուհի Անթառանյան Լենան գիտի իր զարմուհու՝ Անթառանյան Լիանայի մասին, ինչպես նաեւ՝ Լիանայի ու Կարենի էս նոր ու աննախադեպ ամուսնության մասին, էդ ամենին էլ գումարած էն ամենը՝ որ անձամբ գիտեմ Ջանիբեկյան Կարենի ու իր նախորդ կանանցից մի քանիսի մասին. այսինքն, Ջանիբեկյան  Կարենի նախորդ ու էս վերջին կյանքերի մասին էնքան գիտեմ, որ ինձ իրավունք տվի անդրադառնալ ու գրել էդ թեմայով՝ առանց Կարենի համաձայնությունը կորզելու, եւ չնայած երեկ էլ էդ նպատակով Սունդուկյանի թատրոն մտա ու իրեն էնտեղ չգտա, եւ չնայած էսօր, վաղն ու մյուս օրերին էլ կփորձեմ իրեն գտնել, իրեն տեսնելս արդեն առանձնապես կարեւոր էլ չի, որովհետեւ իրենց մասին ինչ գրելու էի՝ արդեն գրել եմ ու առանձնապես ավելացնելու բան չունեմ, եւ եթե նույնիսկ Կարենն իր համաձայնությունը չտա, իր էս միանգամայն նոր ամուսնության մասին էս գրածս հաստատ տպելու եմ՝ ոչ միայն էն պատճառով, որ էս գրածս իր ու իր նորահարսի մասին որեւէ բացասական բան չի պարունակում, այլեւ էն պատճառով, որ ես իր էս ամենավերջին երջանկության մասին գրելով՝ իր մասին ոչ թե լավ կամ վատ բան էի մտադիր գրել, այլ հիմնականում մտադիր էի հերքել Տոլստոյի՝ առաջին հայացքից անհերքելի թվացող  ճշմարտությունն ու հակառակն ապացուցել, այն է՝ ոչ միայն դժբախտ ընտանիքներն են իրարից միանգամայն տարբեր, այլեւ՝ երջանիկները, այլ կերպ ասած՝ ինչպես որ դժբախտ ընտանիքներն են յուրովի դժբախտ, նույնպեսեւ երջանիկներն են յուրովի երջանիկ, եւ չնայած Կարենի ամենանգամյա երջանկությունն առանձնապես երկար չի տեւում, այդուհանդերձ, Կարենն ամեն անգամ էլ խոստովանում է, որ երջանիկ է, բայց իր իսկ անձնական երջանկությանն էդքան մոտիկից առնչվելով՝ երջանկության ու երջանիկ ընտանիքների մասին իմաստություններ շաղ չի տալիս, ի տարբերություն Լեւ Նիկոլաեւիչի, ով երջանիկ ու դժբախտ ընտանիքները համեմատելով  ասում էր, որ բոլոր երջանիկ ընտանիքները նման են իար, մինչդեռ բոլոր դժբախտները դժբախտ են յուրովի,- եւ չնայած Տոլստոյը քաջություն է ունեցել էդաստիճան վիճելի միտք արտահայտել, այդուհանդերձ, Կարենի չափ քաջություն չի ունեցել՝ խոստովանելու իր իսկ երջանկությունը, եւ չնայած Տոլստոյի շնորհիվ Կարենինայի եւ ուրիշների ընտանեկան ու անձնական վիճակների մասին ահագին բան գիտենք, անձամբ Տոլստոյի ու իր ընտանիքի մասին առանձնապես շատ բան չգիտենք, եւ իմացածներս էլ ավելի շատ թանգարանային բնույթի են, քան՝ անձնական, եւ չնայած Թումանյանն էլ Համբոյի ու այլոց ընտանեկան ու անձնական վիճակներն է  արձանագրել, իր ու իր ընտանիքի մասին համարյա բան չի  ասել. այսինքն, Տոլստոյի պես Թումանյանն էլ է իր անձնական ու ընտանեկան վիճակների մասին հիմնականում լռություն պահպանել, եւ չնայած Տոլստոյն էդքան համարձակ ու շեշտակի է բնորոշել երջանիկ ընտանիքներին,  Տոլստոյի նկարագրած ընտանիքների մեջ երջանիկների գրեթե չենք հանդիպում, եւ նույնը կարելի է ասել Թումանյանի նկարագրած ընտանիքների մասին, եւ եթե Համբոյի ընտանիքի դժբախտությունը հիմնականում սոցիալական բնույթի էր, եւ չնայած Բազազ Արտեմը, ի տարբերություն Գյուղացի Համբոյի, սոցիալական խնդիրների մեջ չէր տոչորվում ու տապակվում, այդուհանդերձ, Բազազ Արտեմի ընտանիքն էլ երջանիկներից չես համարի, եւ կարծես ինքը՝ Թումանյանն էլ չի համարել. այսինքն, Տոլստոյը, Թումանյանն ու մյուս գրողները հիմնականում դժբախտ ընտանիքների դժբախտության մեխանիկան են քննության առել, մինչդեռ երջանիկների մասին ընդհանուր առմամբ ու հեռվանց են արտահայտվել, եւ չնայած Տոլստոյը երջանիկների մասին չափազանց կտրուկ է արտահայտվել՝ բոլոր երջանիկ  ընտանիքները նման են իրար,- այդուհանդերձ, երբեմն կասկած է առաջանում՝ Տոլստոյը երբեւէ երջանիկ ընտանիք մոտիկից տեսե՞լ է, եւ ենթադրում եմ՝ ոչ, չի տեսել, որովհետեւ եթե տեսած լիներ, ինքը մարդկայնորեն, գրողաբար ու իրեն հատուկ պարզությամբ կբացատրեր ու կասեր թե՝ ինչով են իրար նման բոլոր երջանիկ ընտանիքները, կամ, որ ավելի հնարավոր էր, նույն «Աննա Կարենինայի» մեջ կամ որեւէ այլ տեղ գոնե մի երջանիկ ընտանիք կպատկերեր, որպեսզի ինքներս էլ համոզվեինք, որ բոլոր երջանիկ ընտանիքներն իսկապես նման են իրար, մինչդեռ Նազենին, ի տարբերություն Տոլստոյի ու մյուս գրողների, օրական մի երջանիկ ընտանիք հայտնաբերում ու մեզ է հրամցնում, եւ Նազենիի էս հայտնաբերածներն իրոք շատ նման են իրար, բայց ոչ թե երջանկությամբ են իրար նման, այլ երջանկության մասին իրենց  պատկերացումներով, եւ քանի որ Նազենիի հայտնաբերածները հիմնականում դերասաններ ու դերասանուհիներ են, Նազենիի հաղորդման ընթացքում լավ էլ դերասանություն են անում, թե՝  միանգամայն երջանիկ են, եւ սրանց նպատակը ոչ թե  իրենց երջանիկ լինելը  տեսցնելն ու ապացուցելն է, այլ ընդամենը՝ Նազենիի հաղորդման միջոցով հեռուստադիտողի աչքին եւս մի անգամ երեւալը, եւ չնայած սրանց մեծ մասը մասնագիտությամբ դերասաններ են եւ թատրոնից բացի նաեւ սերիալներում են զբաղված, սրանք նույնիսկ իրենց խաղացած ներկայացումներում եւ իրենց խաղացած սերիալներում երջանիկ ընտանիքներ տեսած չկան, որովհետեւ եթե էդ ներկայացումներում ու էդ սերիալներում երջանիկ ընտանիքներ լինեին, ինքներս էլ կնկատեինք ու կտեսնեինք. այստեղից եզրակացություն. կյանքում ու բնության մեջ բացարձակ երջանիկ ընտանիքներ երեւի թե գոյություն էլ չունեն, եւ դրանք գոյություն ունեն ընդամենը Նազենիի հաղորդման շրջանակներում, եւ Նազենիի հեռուստատեսային սույն պրոյեկտը թերեւս միակն է, որ հաստատում է Տոլստոյի ասածը, այն է՝ բոլոր երջանիկ ընտանիքները  նման են իրար, եւ, թերեւս, երջանիկներից միակը, որ մյուսներին չպիտի նման լիներ, Ջանիբեկյան Կարենի էս նորաստեղծ ու նորակառույց ընտանիքն է, որին, ցավոք սրտի, բախտ չունեցա Նազենիի հաղորդման կրկնությամբ տեսնել:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30