Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Գաբրիելյան. «Ռինգը հինգերորդ անկյուն չունի»

Ապրիլ 06,2012 13:34

Մինչդեռ՝ ԱԻԲԱ-ի կուլիսներում վեցերորդն էլ կարելի է գտնել

Տրապիզոնում կայանալիք բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի օրերին՝ ապրիլի 19-ին, կայանալու է մարզաձեւի եվրոպական կոնֆեդերացիայի արտահերթ համաժողով, իսկ հաջորդ օրը՝ գործկոմի նիստ:

Դրանց մասնակցելու է նաեւ մեր պատվիրակության ղեկավար ու եվրոպական կոնֆեդերացիայի գործկոմի անդամ Դերենիկ Գաբրիելյանը: «Առավոտը» ՀԲՖ 1-ին փոխնախագահից տեղեկացավ, որ ինչ հարցեր են քննարկվելու դրանցում:

– Պարոն Գաբրիելյան: Արտահերթ համաժողովի եւ գործկոմի օրակարգերին տեղյա՞կ եք:

– Այո: Մեկում քննարկվելու են ներկայացվող նոր օրենքները, մյուսում՝ 2012 թվականի ծրագրերը, մրցաշարերը, կանոնները, մրցավարության հետ կապված աշխատանքներն ու կանոնները:

– Ընդհանուր գծերով դրանք կներկայացնե՞ք:

– ԱԻԲԱ-ն ցանկանում է, որպեսզի Տրապիզոնում աշխատեն տարբեր մայրցամաքների մրցավարներ, որոնք միմյանց հետ այնպիսի կապեր չունեն, ինչպես նույն տարածաշրջանի ներկայացուցիչները: Դա դիտարկվում է որպես առաջադիմական քայլ՝ ենթադրելով, որ այդ դեպքում բոլորի հետ կոնտակտ հաստատելը դժվար կլինի:

– Բայց ցանկալի ելքի համար, ենթադրում եմ, կոնտակտի մեջ են մտնում ոչ թե մրցավարների, այլ նրանց նշանակողների հետ: Եվ եթե միջազգային ֆեդերացիան մտքին դնի, իրեն հարկավոր մարտի սպասարկումը կտա իր մրցավարներին՝ համապատասխան հրահանգներով:

– Համաձայն եմ, չի բացառվում: Շատ երկրների ֆեդերացիաներ, այդ թվում նաեւ մենք, հասկանում ենք, որ դա անարդարությունների դեմ պայքարի այնքան էլ արդյունավետ միջոց չէ: Դրա համար մեզանից էլ պահանջվելու է Տրապիզոնում լինել առավել քան միասնական, որպեսզի ցանկացած մենամարտում, անկախ, թե տուժող բռնցքամարտիկը որ երկրից է, կարողանանք մինչեւ վերջ պայքարել արդար որոշման հասնելու համար: Ես, օրինակ, արդեն պայմանավորվել եմ ԱՊՀ ու եվրոպական մի քանի երկրների իմ գործընկերների հետ: Մնում է, որ տեղում էլ հաստատակամ լինենք:

– Նշեցիք նաեւ մրցաշարերի անցկացման հետ կապված խնդիրները: Հետաքրքիր է, ի՞նչ սկզբունքներով են ընտրվում երկրները: Այն, ինչ կատարվում է վերջին տարիներին ԱԻԲԱ-ում ու ՖԻԼԱ-ում, խիստ կասկած է առաջացնում, թե այդ ընտրությունները կատարվում են անշահախնդիր: Մասնավորապես, բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվում էր ուղեգրերի առյուծի բաժինը, տրվեց Ադրբեջանին: Իսկ հիմա էլ միակ վարկանիշային մրցաշարը նշանակված է Թուրքիայում…

– Հարցը լուրջ է ու տեղին: Աշխարհի առաջնությունն անցած փուլ է, ու հիմա դրան եկեք չանդրադառնանք: Ինչ վերաբերում է այս վարկանիշային մրցաշարին, այն նախապես պետք է կայանար Ստամբուլում: Հետո, երբ պարզվեց, որ այնտեղ անցկացնելը չի ստացվում, մենք պայքարեցինք, որպեսզի այն բերենք Երեւան: Եվրոպական մի քանի երկրներ, Ռուսաստանն ու Ուկրաինան էլ էին դա ցանկանում, բայց արի ուտես, որ ԱԻԲԱ-ն որոշեց այն թողնել Թուրքիայում:

– Ու այսքանից հետո հավատա՞նք ԱԻԲԱ-ի ազնվությանը:

– Անկախ ամեն ինչից, պետք է պայքարենք մեր իրավունքների համար: Ու կրկնում եմ, դա հնարավոր է միայն միասնականության եւ օրենքներն ու կանոնադրությունը լավ իմանալու շնորհիվ: Բացի դա, մենք, անձամբ ես՝ որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար ու եվրոպական կոնֆեդերացիայի գործկոմի անդամ, խիստ հրահանգ ունեմ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից՝ Տրապիզոնում տեր կանգնել մեր հաղթանակներին: Բայց այստեղ խոսքը հնարավոր կողմնակալ մրցավարության մասին է: Շատ բան կախված է լինելու մեր տղաներից: Մենք նրանց բացատրում ենք, որ ռինգը հինգերորդ անկյուն չունի: Այսինքն՝ մոռացիր ամեն ինչ, դու ես ու մրցակիցդ: Մտե՞լ ես ռինգ՝ համարիր, որ դա քո շանսն է, եզրափակիչը, ու արա հնարավորություններիդ առավելագույնը:

– Իսկ քննարկվելիք նոր օրենքների մասի՞ն ինչ կասեք:

– ԱԻԲԱ-ն վերջին տարիներին փորձում է հասնել այն բանին, որ բոլոր մայրցամաքների կոնֆեդերացիաները ենթարկվեն իրեն: Ու, կարծես, որոշակի հաջողությունների հասնում է: Գործկոմի նիստում պիտի պայքարենք դրա դեմ՝ հանուն կոնֆեդերացիաների իրավունքների: Մասնավորապես, Եվրոպան, որ համաշխարհային բռնցքամարտի լիդերն է, մարզաձեւի հետ կապված ամեն մի հարցում իր ծանրակշիռ խոսքը պետք է ունենա:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30