Լրահոս
Օրվա լրահոսը

«Շոու-բիզնեսում միայն փողն ու ծանոթությունը չեն»

Ապրիլ 06,2012 13:26

Կովկասցի երգիչ Ֆելիքս Ցարիկատին չի տրվել «սեռական» առաջարկների

Երեկ Ազգային օպերային թատրոնում երաժշտարվեստի համարյա բոլոր ոլորտները ներկայացնող ռուսաստանցի անվանի արտիստների ճոխ համերգով ազդարարվեց «Մոսկվայի օրերը Երեւանում» միջոցառումների շարքը: Այն  բացվեց ռուսական հայտնի երգերի գործիքային կատարումներով, որին անմիջապես հաջորդեց ռուսաստանյան շոու-բիզնեսի ճանաչված երգիչ, ՌԴ վաստակավոր արտիստ Ֆելիքս Ցարիկատիի՝ Առնո Բաբաջանյանի հայտնի հիթերից «Երկրագնդի ամենալավ քաղաքը» երգի կատարումը:

«Առավոտը» կուլիսներում զրուցեց ճանաչված երգչի հետ: Ֆելիքս Ցարիկատին նախ հայտնեց, թե ինքը հայերի հետ համարյա համերկրացի է՝ կովկասցի, ծնունդով Նալչիկից, Հյուսիսային եւ Հարավային Օսեթիաների, Կաբարդինո-Բալկարիայի, Ինգուշեթիայի ժողովրդական արտիստ, հիանալի հայազգի ընկերներ ունի եւ նրանց հետ հանդիպման ժամանակ, երբ սեղանի շուրջ կատարում է հայկական «Դլե յամանը», պետք է ներկա լինել ու տեսնել, թե ի՜նչ է կատարվում… Իր երգացանկում բաբաջանյանական երգերի առնչությամբ էլ ասաց, թե սիրել է հայ անվանի կոմպոզիտորի ստեղծագործությունները հատկապես Մուսլիմ Մագոմաեւի անգերազանցելի մեկնաբանությամբ ու հաճախ էլ ձգտել նմանակել դրանք: Ափսոսում է, որ Բաբաջանյանի հետ ծանոթացել է կյանքի մայրամուտին:

Ֆելիքս Ցարիկատիի երկրորդ այցն է Հայաստան: Մեր զրուցակիցը 1991թ.-ն է համարում իր՝ պրոֆեսիոնալ բեմ բարձրանալու սկիզբը: Երբ ասացինք, որ իրեն հիշում ենք 80-ականների վերջին  Յուրմալայում կայացած երիտասարդ կատարողների մրցույթից,  Ցարիկատին ասաց. «1989-ին մասնակցել եմ այդ մրցույթին՝ չարժանանալով ոչ մի մրցանակի: Վատ էի պատրաստված, որովհետեւ նույն թվականին ավարտելով ԳԻՏԻՍ-ը, պատրաստվում էի հանդես գալ 3 դերերգով, այդ թվում՝ Ֆիգարոյի՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում, իսկ 1991-ին մասնակցելով հիշյալ մրցույթին՝ արժանացա «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին»:

Հետաքրքրությանը, թե ռուսաստանյան շոու-բիզնեսում ո՞վ է իր կնքահայրը կամ կնքամայրը, երգիչը հայտնեց. «Փառք Աստծո, ոչ մեկը չեմ ունեցել, բայց, փոխարենը, իմ առջեւ ճանապարհները բացվել են մորեղբորս՝ Խորհրդային Միությունում ճանաչված ու սիրված Ռուսաստանի սպորտսմենների կուսակցության նախագահ Օթարի Կվանտրիշվիլիի անվան շնորհիվ»: Հավելեց նաեւ, որ 1994-ին, երբ գազանաբար սպանվել է մորեղբայրը, իր առջեւ փակվել են TV-ների ու համերգասրահների դռները: Հարցապնդմանը՝ ի վերջո, Կոբզոնի՞, Պուգաչովայի՞ կամ ո՞ր հեղինակությունների գլխավորած խմբավորումները բացեցին դռներն իր առջեւ, արտիստն ասաց. «Ձեր թվարկած անվանիները եւ մյուսները ինձ ճանաչում են շատ վաղուց: Ցավոք, ինչպես աշխարհի, այնպես էլ ռուսաստանյան շոու-բիզնեսում, հաճախ միայն  փողն ու ծանոթությունը չէ, որ դեր են կատարում: Լինում են այլ «բնույթի» առաջարկներ եւս… Ժամանակին ինձ հետ էլ է պատահել, բայց ես կովկասցի եմ… Մի երազանք ունեմ՝ հանդես գալ բարեկամիս՝ Վալերի Գերգիեւի հետ»:

Դիտարկմանը, թե մի քանի հանրապետությունների ժողովրդական եւ ՌԴ վաստակավոր երգիչը հավանաբար ապրում է Արեւմուտքի եւ իր որոշ կոլեգաների նման աստղի կյանքով, Ֆելիքս Ցարիկատին հակադարձեց. «Առանձնատներ չունեմ ոչ մի կղզում: Մոսկվայում ունեմ 2 բնակարան, մյուս հանրապետություններում էլ՝ մեծ տներ, շատ եմ սիրում ծով, ջունգլի… սեփական «Կապրիզ» խմբի եւ «Պրեզիդենտ» շոու-բալետի հետ շրջագայությունները»:

Ընտանեկան վիճակի մասին էլ կեսկատակ-կեսլուրջ տեղեկացրեց. «Ինչպես կովկասցիների 99 տոկոսը, ես էլ ունեմ 2 ընտանիք»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30