Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեզ, սիրող կին՝ ընտանիքում, ակտիվ՝ քաղաքականության մեջ

Ապրիլ 06,2012 13:24

Կամ կանայք՝ կանանց մասին

Մարտի 8-ի առիթով «Առավոտի» հետ զրույցում տարբեր ոլորտների տղամարդիկ ամենաջերմ խոսքերն էին հնչեցրել կանանց հասցեին ու հայտարարել, թե պատրաստ են ողջ աշխարհը նվիրել նրանց: Քանի որ կանանց միամսյակն ավարտվում է, որոշեցինք հիմա էլ տարբեր ոլորտների կանանցից ծաղկեփունջ «հավաքել» ու նրանց կարծիքները ներկայացնել:

«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, խոսելով հայ կանանց մասին, ասում է. «Հայ կինն այսօր գտնվում է երկու քաղաքակրթությունների, ժամանակների խաչմերուկում: Մի կողմից նա սնվել եւ դաստիարակվել է հայկական ավանդական արժեքներով օրինակելի անձանց շուքի ներքո, մյուս կողմից՝ նա ապրում է պատմական մի շրջանում, երբ ժամանակի պահանջն է լինել հանրության գործունյա եւ նախաձեռնող անդամ: Հայաստանի Հանրապետության կյանքի վերջին քսան տարիներն առավել ընդգծեցին այս հասարակական պահանջը: Այնտեղ, որտեղ տղամարդիկ թերացան, կանայք անմիջապես իրենց ուսերի վրա վերցրին նաեւ այդ պարտականությունները… Ինձ համար նրանք են այսօրվա հերոսները: Կանայք կարող են դրսում ընտանիքի հացը վաստակել եւ ներսում լինել խոնարհ, սիրող մայր ու կին»:

Արդյո՞ք համատեղելի են կնոջ եւ մոր կերպարները: «Արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսա Կիրակոսյանը մի գեղեցիկ բանաստեղծություն ունի, որտեղ իր առաջնեկ դստեր ծննդյան տարեդարձը տոնում է որպես իր մայրության տոն: Իսկապես, այն վայրկյանից, երբ ծնվում է առաջնեկը, մոր համար աշխարհը կարծես գլխիվայր շուռ է գալիս, լիովին փոխվում է աշխարհայացքը: Կնոջ համար ամեն ինչից վեր եւ առաջնային է դառնում այդ նորահայտ փոքրիկ էակը, որի շուրջն է կենտրոնանում ողջ աշխարհը: Եվ այս առումով իմաստուն է այն կինը, ով կարողանում է համատեղել կնոջ եւ մոր կերպարները ու իր սերն ու ուշադրությունը հավասարապես նվիրել թե ամուսնուն, թե զավակին»,- պատասխանում է մեր զրուցակիցը: Տիկին Արմինեն ճիշտ է համարում, որ կինը լինի քաղաքականության մեջ. «Ինչպես ցանկացած ընտանիքում անփոխարինելի է կնոջ դերը, նույնպես եւ չի կարող լինել լիարժեք հասարակություն եւ քաղաքականություն՝ առանց կնոջ ակտիվ մասնակցության ու ներդրման: Ես ուրախ եմ, որ այսօր ունենք համարձակ, խելացի կանայք, ովքեր իրենց ուրույն եւ կարեւոր մասնակցությունն են ցուցաբերում մեր քաղաքական կյանքում»:

 

Իսկ դժվար չէ՞ լինել քաղաքական գործչի կին եւ միաժամանակ ծավալել հանրային ակտիվ գործունեություն: Ի պատասխան՝ Արմինե Հովհաննիսյանն ասում է. «Դժվար է այն առումով, որ քո անհատական դիրքորոշումը հաճախ պետք է որոշակի զիջումների ենթարկվի: Երբեմն ստիպված եմ կաշկանդված արտահայտել իմ մտքերը՝ հասկանալով, որ որեւէ հանրային հարցի շուրջ իմ տեսակետը կարող է վերագրվել ամուսնուս: Այդուհանդերձ, խոստովանեմ, որ հաճելի է, երբ Րաֆֆիի հանդեպ ունեցած մարդկանց սիրո եւ համակրանքի պտուղներից եմ օգտվում իմ գործունեության ընթացքում»:
ԱԺ պատգամավորության թեկնածու Մարգարիտ Եսայանն էլ հետեւյալն է ասում. «Կանանց միամսյակ, կանանց տոն, ծաղիկներ՝ կանանց, նվերներ՝ կանանց… Այս ամենը տեսել ենք, այս ամենն արդեն այնքան կանխատեսելի է եւ այնքան ծանոթ, որ անհարմար ես զգում ասել, թե որքան է հոգնեցրել: Միաժամանակ՝ երբ դրանք չեն լինում, նոր դարդուցավի մեջ ենք մեզ գցում, նեղվում ենք, նեղանում, տխրում, որ մեզ չհիշեցին, որ չշնորհավորեցին, որ մի երկու ծաղիկ չնվիրեցին: Նաեւ սա է այն հավերժական կանացի բնույթը, որը դառնում է գիր ու գրականության թեմա: Մի կորցրեք այդ ամենը»:

Շնորհավորելով բոլոր կանանց, մաղթելով առողջություն, սիրելու եւ սիրված լինելու երջանկություն՝ Մարգարիտ Եսայանը հավելում է. «Այս տարի առաջին մարտի ութն ու ապրիլի 7-ն է, որ նշում եմ առանց մորս՝ Ելենա Դարբինյանի: Ավելի ճիշտ՝ գնում եմ մորս գերեզմանին, նրա սիրած ծաղիկներն եմ տանում, մի քիչ լուռ կանգնում եմ: Լացս չի գալիս: Չորացել է: Չգիտեմ՝ ինչու է այդպես: Մորս սիրած մի բանաստեղծության տողերն եմ ուզում նվիրել մեզ բոլորիս եւ մաղթել, որ ձեր բոլորի մայրերը շատ երկար ապրեն եւ միշտ առողջ: Պահպանեք մայրերին, այդպիսով դուք ինքներդ ձեզ եք պահպանում:

– Շատ մի տխրիր, շատ մի խնդա, սիրելիս,

Այս աշխարհում եւ ոչ մի բան գին չունի:

Վաղանցուկ են, կան ու չկան սիրելիս,

Բոլոր իրերն ու աստղերը անհունի»:

Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի խոսքով հրաշալի է բանաձեւած, որ մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: «Իսկապես, իդեալական մայրեր պիտի ունենանք՝ իդեալական հայրենիք ունենալու համար. չէ՞ որ ամեն մարդ արարած ծնվում է մորից եւ ձեւավորվում, զարգանում ու դաստիարակվում է մոր շնորհիվ եւ միջոցով: Թեեւ խոսքս կապված պիտի լինի կանանց տոների կամ ինչպես ասում ենք՝ «միամսյակի» հետ, սակայն չեմ կարող բացասական շեշտադրումներ չանել մերօրյա նոր հայուհիների՝ իրենց զավակներին անհայրենիք եւ կոսմոպոլիտ դաստիարակության վերաբերյալ. հարցրեք մեր փոքրիկներին՝ որ մեծանաս՝ ինչ ես դառնալու, եւ կլսեք պատասխանը. մոդել, շոուբիզնեսի աստղ, հաղորդավար, իսկ բոլորովին վերջերս ասպարեզ է եկել նոր մասնագիտություն՝ «թամադա»: Այ քեզ բան՝ կին- թամադա: Մինչդեռ հայուհին միշտ էլ իր հոգուց մի բան տեղափոխում է իր զավակների կրծքի տակ՝ պահպանելու համար ընտանիքն ու հայրենիքը: Նրա հերոսության իրական չափը մեր պատմության տարբեր ժամանակներում՝ ապացուցման կարիք չունի: Մեկ օրինակ միայն. հայ կինը մարդկության ամենադաժան արհավիրքից՝ Մեծ եղեռնից փրկեց Մշո Ճառընտիրը… Արդար լինենք, հայ տղամարդն էլ երբեք չի ուրացել հայ կնոջ հերոսականությունն ու հեզությունը, նրա վեհանձնությունը, նվիրումն ու սերը գովերգել են մեծ պոետներն ու նկարիչները՝ հայրենիքի խորհրդանիշն ու կերպարը նույնացնելով մոր հետ. Մայր հայրենիք, Մայր լեզու: Այնպես որ, մեզ գենդերային հավասարությունը պետք չէ, կանանց իրավունքներն ու շահերը պաշտպանող ինչ-որ կազմակերպությունների կարիքը չունենք, կանանց տոնական միամսյակն էլ… դե լավ, ոչինչ…»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30