Aravot.am-ը քանիցս անդրադարձել է բլոգեր Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի համար հեղինակի հանդեպ սկսված հետապնդումներին: Մասնավորապես, ուժային կառույցները փորձել են գրաքննություն սահմանել երիտասարդ բլոգերի երկի վրա, Հովհաննեսին կանչել են ռազմական ոստիկանություն հարցաքննության և այլն:
Aravot.am-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ Հ. Իշխանյանի նկատմամբ տեղի ունեցածը համարու՞մ է մարդու իրավունքների ոտնահարում: Պաշտպանը պատասխանեց. «Ցանկացած գեղարվեստական երկի նկատմամբ հետապնդման, մասնավորապես այս դեպքի կապակցությամբ մենք ունենք մեր դիրքորոշումը. որևէ իրավական հիմք չենք տեսնում հետապնդման համար: Սա կարող է մեր կողմից ապագայում գրաքննություն գնահատվել, բայց այսօր չեմ կարող մեկնաբանություններ տալ, քանի որ մենք ունենք դիմում Հովհաննես Իշխանյանից, և գործը գտնվում է ընթացքի մեջ»:
Մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ իրենք ակտիվորեն հետևում են այս գործին՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնեց. «Նախապես կարող եմ ասել, որ գեղարվեստական երկերի նկատմամբ ցանկացած գրաքննության փորձ խստորեն մեր կողմից դատապարտվում է և ընկալվում՝որպես խոսքի ազատության իրավունքի լուրջ սահմանափակում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև