ԲՀԿ-ն խոստանում է նվազեցնել էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի սակագները
2007 թվականի խորհրդարանական ընտրություններին նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացավ երկրի քաղաքական կյանքում՝ իր առաքելությունը համարելով քաղաքացիական համախմբվածությանն ու համերաշխությանը նպաստելը: 2007-ին ԲՀԿ-ն դարձյալ գտնում էր, որ. «Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն ժողովրդի վստահությունը վայելող, բարձր արժեքներ, ազնիվ նպատակներ ու վեհ գաղափարներ դավանող անհատների եւ քաղաքական ուժերի համախմբման ու համագործակցության պարագայում»: Կուսակցության 2012-ի նախընտրական ծրագրում դեկլարատիվ ամրագրում կա. «Մեր երկիրը բազմաթիվ չլուծված խնդիրների առջեւ է կանգնած՝ սկսած աշխատանքից, սոցիալական արդարությունից ու տնտեսական պայմաններից, մինչեւ քաղաքական օրակարգում օրեցօր ավելացող հիմնահարցերը: Հայաստանն այսօր գտնվում է իր զարգացման վճռորոշ փուլում»: ԲՀԿ-ում արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու, Հայաստանում քաղաքական, սոցիալ-տնտեսական, հասարակական եւ հոգեւոր- մշակութային կայուն առաջընթաց արձանագրելու գրավականն առաջիկա հինգ տարիների համար համարում են. «Քաղաքական ուժերի եւ անհատների միջեւ հարգանքի մթնոլորտի ձեւավորումը, ազգային գերակա խնդիրների շուրջ հասարակական լայն համախմբումն ու համագործակցությունը, ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող օրենսդիր իշխանության առկայությունը»: Կուսակցության համար շարունակում է արդիական մնալ «Մարդու կողքին, մարդու միջոցով եւ մարդու համար» կարգախոսը: Սակայն 2012-ի ծրագրի նախաբանում ընտրողներին ուղղված իր խոսքում Գագիկ Ծառուկյանը խոստովանում է, որ բարեգործությամբ երկիր չես պահի. «Այս տարիների ընթացքում ես եւ իմ թիմը մշտապես եղել ենք ձեր կողքին, աշխատել ենք թեթեւացնել մեր ժողովրդի հոգսն ու ցավը, մեր հնարավորության սահմաններում սատար կանգնել կարիք ունեցողներին: Սակայն բարեգործությամբ երկիր չես կառուցի: Բարեգործությունն անձնական պատասխանատվություն է, իսկ քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ այդ պահից ինքը պատասխանատու է ժողովրդի, իր ընտրողների եւ իր պետության առջեւ»: Հանրությանն ուղղված իր ուղերձում ԲՀԿ առաջնորդը նաեւ նկատում է. «Ձեր եւ միայն ձեր ընտրությունից է կախված լինելու, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ունենալու առաջիկա տարիներին: Դուք եք այն ուժը, որով կարող ենք մեր հայրենիքը դարձնել ավելի բարեկեցիկ, ավելի ժողովրդավար, խաղաղ ու անվտանգ»:
Ու այսպես՝ հավատով եւ ճռճռան ակնկալիքներով, որ միասնական ուժերով կարող ենք Հայաստանը դարձնել ավելի հզոր, ավելի անվտանգ, տնտեսությունը՝ մրցունակ, մեր հայրենակիցների կյանքը՝ բարեկեցիկ, ԲՀԿ-ն առաջիկա հինգ տարիների համար առաջնահերթ է համարում ուժեղ տնտեսության հասնելը: Տնտեսության զարգացումը ԲՀԿ-ում տեսնում են գիտելիքների հենքի վրա: Ինչպես հինգ տարի առաջ ԲՀԿ-ում կարծում-խոստանում էին, որ տնտեսությունը չպետք է կենտրոնացված լինի մայրաքաղաքում. «Դրա զարգացումը պետք է նպաստի ՀՀ տարածքային անհամամասնությունների կրճատմանը, իսկ որպես տնտեսական աճի կարեւոր պայման՝ անհրաժեշտ ենք համարում հնարավորինս նվազեցնել էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի սակագները եւ բարձրացնել դրանց բաշխման արդյունավետության մակարդակը»: Գործարարության բարենպաստ միջավայր ստեղծելու ԲՀԿ-ի 2007-ի խոստումն առաջիկա հինգ տարիների համար էլ շարունակում է մնալ ուժի մեջ, եւ այդ համատեքստում, մասնավորաբար, առաջարկում են պետական աջակցություն փոքր ու միջին ձեռնարկատերերին: Ավելի կոնկրետ՝ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի ծախսային մասի առնվազն 0,5-2 տոկոսի հատկացում՝ 2007-ի 1 տոկոսի փոխարեն, ինչպես նաեւ վարձու աշխատանք չօգտագործող անհատ ձեռնարկատերերին հարկերից ազատում: ԲՀԿ-ի համար գերխնդիր է մնում ստվերային տնտեսության դեմ կոշտ, բայց հիմնավորված պայքարը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
ԲՀԿ ծրագրային այլ դրույթներին կանդրադառնանք առաջիկայում:
«Առավոտ» օրաթերթ