Լրահոս
Օրվա լրահոսը

Համամասնական ցուցակները հիասթափեցնող էին

Ապրիլ 06,2012 12:38

«Առավոտի» հետ զրույցում ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը, նույն ինքը՝ «Փիղը»

 –Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի համամասնական ցուցակներն արդեն  հրապարակվել ու հայտնի են: Դուք ի՞նչ տպավորություն ստացաք այդ ցուցակներից:

– Այդ  ցուցակների հրապարակումից հետո ավելի շատ հիասթափություն կա, որովհետեւ համարյա ոչ մի ցուցակ չարդարդարացրեց այն սպասումները, որ կային այդ ցուցակներից: Հերթով կարելի է անցնել ցուցակների վրայով  ու տեսնել, որ ՀՀԿ-ն ավելի շատ ընդունեց Դաշնակցության սկզբունքը՝ «Հին ընկերներին չեն դավաճանում», եւ բոլոր  հին, հնարավոր ընկերներին ներառեց իր ցուցակի մեջ: Ոչ մի նորություն չկար ԲՀԿ ցուցակում, թեեւ  բոլորը սպասում էին, որ  այդ  ցուցակում ակտիվիստներ ու լրագրողներ կհայտնվեն: Չգիտեմ, թե ներսում ի՞նչ է կատարվել, բայց այդ ցուցակը եղավ բավականին տխուր ու անհետաքրքիր: ՀՅԴ-ի ցուցակն ավելի անհասկանալի է, որովհետեւ այնտեղ բավականին շատ անծանոթ մարդիկ կան՝ մեկ: Երկրորդ՝ մինչեւ հիմա ես տպավորված եմ, որ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր այդ ցուցակում 20-րդն է, թեեւ ամենաակտիվ պատգամավորներից է եղել: Իմ կարծիքով, ինչ-ինչ նկատառումներից ելնելով նրան իջեցնել 20-րդ տեղ՝ սխալ էր: ՀԱԿ-ի ցուցակը բոլորի համար սպասելի ցուցակ էր. ՀԱԿ-ից այլ բան սպասելն անհնար էլ էր: Մի քիչ հետաքրքրություն կար «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» մոտ: Այնպիսի տպավորթյուն է, որ նրանց ցուցակը, համակարգչային ծրագիր կա՝ ռանդոմայզեր, որը միշտ տալիս է պատահական թվե րկամ գաղտնաբառեր, լցրել են ինչ-որ լոտոյի ապարատի մեջ, հետո պատահականության սկզբունքով քաշել են, բայց հերթականությունը չեն պահպանել: Ինչ-որ կոնցեպտուալ գաղափար ես չտեսա այդ ցուցակում, ինչ-որ խառը ու անհասկանալի բան էր: Լարիսա Ալավերդյանը 41-րդ տեղում հայտնվեց. հասկանալի է, թե ինչու, բայց ընդհանրապես, իմ կարծիքով, ավելի լավ կլիներ նա այդ ցուցակում չլիներ, քան լիներ 41-րդը: «Ժառանգության» ցուցակն ամենահետաքրքիրն էր, բայց նաեւ, այսպես ասած՝ ամենաանկապն էր: Այնպիսի տպավորություն է, որ կամ շատ են շտապել չեն հասցրել ցուցակ ձեւավորել, կամ մեկն իրենց տվել է այդ ցուցակն ու ասել՝ այսպես պիտի լինի, հարցեր չտաք: Համենայնդեպս,  այդ ցուցակից բխող հարցերն ավելի շատ են, քան նույն ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի, կամ գոյություն չունեցող ՕԵԿ-ի  ցուցակների դեպքում:

Դուք փորձեցիք շրջանցել ՕԵԿ-ի համամանսական ցուցակը:

– Շրջանցում եմ, որովհետեւ չեմ համարում, որ դա կուսակցություն է: Գուցե, ժամանակին փորձ է եղել կուսակցություն լինելու, բայց շատերը, որոնց IQ-ն զրոյից մի քիչ բարձր է եւ քաղաքականությունից քիչ թե շատ հասկանում են՝ ՕԵԿ-ին լուրջ չեն ընդունում: ՕԵԿ-ի ժամանակն անցել է: Այն, ինչի համար նա ստեղծվեց եւ աշխատացվեց  ժամանակին՝ հիմա արդեն իրեն լրիվ սպառել է: Թե՝ ինչո՞ւ այս ընտրություններում էլ կա ՕԵԿ, եւ թե ինչո՞ւ ենք նրան կուսակցություն կոչում՝  ինձ համար անհասկանալի է: Շատ հետաքրքիր կլինի նայել այն մարդկանց դեմքերին, որոնք ուղղակի կգնան ու կընտրեն այդ կուսակցությանը ոչ թե ընտրակաշառքի կամ բարեգործության համար, այլ ուղղակի որովհետեւ դա  ՕԵԿ-ն է:

Քննարկում ենք համամասնական ցուցակները, բայց արդյոք այդ ցուցակնե՞րն են կարեւոր ընտրություններում կամ դրանք որոշի՞չ դեր ունեն ընտրություն կատարողի համար՝ նկատի ունենալով, որ Հայաստանում, ըստ էության, քաղաքական, գաղափարական պայքար չի գնում. կա պայքար իշխանափոխության կարգախոսով կամ ընտրակաշառքի դիմաց կատարվող ընտրություն: 

– Փորձ է կատարվում անցնել գաղափարական ու քաղաքական ընտրությունների: Դա ավելի վառ է արտահայտված համացանցում կամ էլեկտրոնային լրատվամիջոցներում: Նույնիսկ ՀՀԿ-ն փորձում է ինչ-որ կերպ ընտրությունները դեպի գաղափարական պայքարի թեքել: Բայց համամասնականը, ըստ իս, ավելի շատ թոզփչոցի է ժողովրդի աչքին, որովհետեւ իշխանությունը հարցերը լուծվելու է մեծամասնականով: Իմ կարծիքով, ՀՀԿ-ն ԱԺ-ում էլի  մեծամասնություն կհավաքի ու իր մեծամասնականների շնորհիվ, որովհետեւ մեծամասնականի ընտրություններն իրենց յուրահատկությունն ունեն. մարդը, որը «Ժառանգություն» է ընտրելու, կամ այլ կուսակցություն, մեծամասնականով  կարող է ընտրել ՀՀԿ-ական պատգամավորի ընտրել, որին ճանաչում է, որն իր ծանոթ-բարեկամն է, որովհետեւ, օրինակ՝ գյուղապետն է ասում եւ այլն: Ընդդիմությունը փորձեց բացառել մեծամասնական ընտրահամակարգը՝ չստացվեց: Մինչեւ մեծամասնականը չվերանա՝ գաղափարական թեժ պայքարի մասին խոսելը, իմ կարծիքով, սխալ է: Մյուս կողմից, ըստ իս, այս ընտրություններն ավելի շատ նախագահական ընտրություններից առաջ փորձարկում, ուժերի ու դիրքերի ճշգրտման, թերությունների վրա աշխատելու  հնարավորություն են լինելու: Սա նախագահական ընտրությունների նախապատրաստություն է, եւ ես ինքս էլ նախագահական ընտրություններն ավելի շատ եմ կարեւորում: Հայաստանը մնում է նախագահական երկիր, եւ կառավարվում եւ քաղաքականությունը հիմնականում  իրականացվում է նախագահականից, քան որեւէ  կուսակցությունից: Հիմա կտեսնենք, թե որ կուսակցությունն ինչքան ձայն կհավաքի եւ ըստ այդմ կգնան նախագահական ընտրությունների:

Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու ե՞ն, թե լինելու են՝ ինչպես միշտ: Նախորդներից ավելի լավ ընտրություններ ունենալու սպասելիք կա՞:

– Իմ կարծիքով, կա սպասելիք: Առաջին ծիծեռնակը դա Հրազդանի ընտրություններն էին, որտեղ էլի ամեն ինչով՝ ընտրակեղծիքներով, մեղադրանքներով, երբեմն կեղծ մեղադրանքներով, ընտրությունները քիչ թե շատ ավելի հանգիստ անցան, քան դրան նախորդած, օրինակ՝ Իջեւանի քաղաքապետի սկանդալային ընտրությունները, կամ մինչ այդ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները:  Իշխանությունները, իմ կարծիքով, հասկացել են, որ բռի կերպով կամ բազկին ապավինելով ժողովուրդն արդեն իրեն չի ընտրում, կամ գումարը վերցնում՝ գնում ուրիշին է ընտրում: Այսինքն, իշխանությունն էլ է հասկանում, որ պետք է այլ կերպ աշխատել, եւ  այդ աշխատանքը երեւում է.  ընտրական տեխնոլոգիաներն են փոխվում: Բայց այդ,  այս տարի բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, երբ ընտրողը հնարավորություն ունի ընտրություն կատարելու չորս ցուցակի միջեւ. իշխանական դաշտում՝ ՀՀԿ-ի  եւ  ԲՀԿ-ի, ընդդիմադիր դաշտում՝ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի միջեւ: Այսինքն, բեւեռացում չկա: Անշուշտ, սա ավելի լավ է ու քաղաքական դաշտի զարգացման իմաստով էլ  ավելի հետաքրքիր իրավիճակ ստացվեց. եթե դու ընդդիմադիր ես՝ ունես ընտրության հնարավորթյուն այդ դաշտում ընտրություն կատարելու, նույնը նաեւ իշխանամետ ընտրազանգվածի մասին կարելի է ասել: Դա, իհարկե, ընդդիմության համար ցավալի է, որովհետեւ  ձայները բաժանվում են, բայց եթե խոսում ենք ընտրական մշակույթի զարգացման մասին՝ դա շատ ավելի հաճելի  ու լավ է: Հետագայում, գուցե, մենք կհասնենք նաեւ ամերիկյան «փրայմերիզ» գաղափարին, երբ կլինեն նախնական ներկուսակցական ընտրություններ, հետո նոր համապետական:

Մյուս դրական փաստն այս անգամ այն է, որ քչացել են ընտրություններին մասնակցող կուսակցությունները, ինչը քաղաքացուն ավելի շատ է կենտրոնացնում ընտրությունների վրա: Նախկինում կային փոքր կուսակցություններ, որոնք ինչ-ինչ նպատակներով մասնակցում էին ընտրություններին ու ձայն էին փոշիացնում: Հիմա ընտրողների ձայները բաշխվելու են ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ-ի միջեւ, ու, իմ կարծիքով՝ վերջ, թեեւ ՕԵԿ-ից ամեն ինչ սպասելի է:

Իսկ ընդհանրապես, մթնոլորտի հետ կապված ասեմ, որ շատ` զզվանքի աստիճանի հասնող, կեղտոտ մթնոլորտ է համացանցում: Ռեալ կյանքում իրավիճակն ավելի հանգիստ է, որովհետեւ համացանցում մարդիկ դառնում են ավելի անպատասխանատու, թաքնվում են այլ անվանումների տակ, ստեղծում են կեղծ հաշիվներ, ու շատ հաճախ համացանցում գտնվող անձը հասկանում է, որ  կարող է հեշտությամբ պատասխանատվությունից խուսափել: Եթե այն հահոյանքների 10 տոկոսը, որ  կա համացանցում, դուրս գա ռեալ կյանք՝ մենք կունենանք խայտառակ վիճակ, եւ մեր ոստիկանությունը քիթ սրբելու ժամանակ չի ունենա:

Քիչ առաջ ակնարկեցիք Հրազդանում անցկացված ընտրությունների մասին: Դուք էլ ե՞ք կարծում, որ նմանատիպ ընտրություններ են լինելու, եւ  արդյոք դա մեզ բավարարում է ու արդեն լա?վ է, որ ընտրատեղամասերում բռի ուժ չի կիրառվում:

– Այո, իմ կարծիքով՝ Հրազդանի սխեմայով է լինելու: Եթե ռադիկալ հայացքով նայենք՝ ոչ, չի բավարարում: Բայց եթե էվոլյուցիոն գործընթացների համատեքստում նայենք՝ բավարարում է: Դա կարող է լինել ոչ թե դիտորդների ասելով՝ «մեկ քայլ առաջ», այլ բավականին մեծ քայլերով առաջընթաց, որովհետեւ  երբ մարդիկ մի ամբողջ 20 տարի մշակույթ են ձեւավորել բռի կերպով, ընտրակաշառքով, առնելով,  ծեծելով, լցոնումներ անելով ընտրություններ անցկացնել, ապա Հրազդանը մի քանի քայլ առաջ է: Հիմա ես մարդիկ գիտեմ, որ շոկի մեջ են, չգիտեն՝  ի՞նչ անել, որովհետեւ նախկինում հենց այդ մեթոդներով են ընտրություններ արել: Այդ մարդիկ, այդ մեթոդներն արդեն վերանում են:

Բայց մուրաբան չի վերանում:

Այո, մարդ կա, որի դեպքում ասում են՝ կարմիր կովը կաշին չի փոխում, բայց, կարծում եմ, որ նույնիսկ մուրաբա ստացողները մուրաբա տվողին չեն ընտրելու, որովհետեւ առաջին հերթին դա անորակ մուրաբա էր, նաեւ դա վիրավորանք է ընտրողի հանդեպ:

Համացանցը, կարծում ես, այս անգամ մեծ դեր կունա՞ ընտրությունների համատեքստում:

– Համացանցի հիմնական դերը տեղեկատվության արագ տարածքումն է: Մասնավորապես Ֆեյսբուքն այսօր տեղեկատվության, նաեւ ապատեղեկատվության տարածման, շփման, ինչ-որ ակցիաներ կազմակերպելու միջոց է դարձել: Եթե 2007-ին մարդիկ sms-ներով էին հաղորդակցվում, ապա  հիմա շատ հանգիստ կարող են Ֆեյսբուքի խմբով պայմանավորվել, մոբլիզացվել ու գնալ ինչ-որ հավաքի: Այդ իմաստով համացանցը շատ լավ գործիք է: Համոզելու՝ այս կամ այն ուժին, թեկնածուի ընտրելու հարցում՝ վերջին կես տարվա ընթացքում ուսումնասիրել եմ եւ կարող եմ ասել, որ չի աշխատում: Մասնավորապես Ֆեյսբուքում հիմնականում բոլորը կողմնորոշվել են, թե ով՝ ում պիտի ընտրի: Միակ բանը, որ եղավ համամասնական ցուցակների հետ կապված հիասթափությունն էր, բայց միեւնույնն է՝ ՀՀԿ-ին ընտրողը ՀՀԿ-ին է ընտրելու, ԲՀԿ-ինը՝ ԲՀԿ-ին: Հիմնականում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մի քիչ էլ ՀՅԴ-ն համացանցում իրենց ձայները կորցրեցին հենց իրենց ցուցակների պատճառով: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին, ապա նրանց ընտրազանգվածը շատ սպեցիֆիկ է. նա միեւնույնն է ընտրելու էր հենց այդ կուսակցություններին: Այդ կուսակցություններին ընտրողները մարդկանց մի կատեգորիա է, որը կամ՝ միշտ իշխանության է ընտրում, կամ՝ օրինակ ԲՀԿ-ի դեպքում, անձին է ընտրում: Այստեղ մի քիչ խնդիրներ եղան Վարդան Օսկանյանի հետ կապված, որովհետեւ շատերը չհասկացան, թե ինչպես է արեւմտամետ գործիչը մտնում ռուսամետ կուսակցության մեջ, բայց քանի որ այդ կուսակցությունում բոլորը Գագիկ  Ծառուկյանի ընտրողն են՝ անկախ Օսկանյանի հանգամնքից գնալու եւ ընտրելու են Ծառուկյանին կամ ոչ միայն Ծառուկյանին, այլ նաեւ այն մարդուն, որը, մտածում են, որ կանգնած է ԲՀԿ-ի թիկունքին:

Ես չեմ հարցնի ձեր քաղաքական նախասիրություններ մասին կամ թե ում եք ընտրելու, բայց արդյոք արդեն կողմնորոշվե՞լ եք, թե ում եք ընտրելու, թե՞ դեռ ծանրութեթեւ եք անում:

– Ես կողմնորոշվել եմ մեծամասնականով. ընտրելու եմ Ստեփան Սաֆարյանին: Իսկ համամասնականի մասով՝ դեռեւս տատանվում եմ, չգիտեմ՝ ընդհանրապես ընտրություն անելո՞ւ եմ, թե ոչ: Առաջ միշտ ընտրում էի ՀՅԴ-ին, բայց հիմա… մի քիչ հիասթափվել եմ:

Հարցազրույցը վարեց Նաիրա Մամիկոնյանը

 «Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30