Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչը կստիպի փոխվել

Ապրիլ 06,2012 12:23

Անցած շաբաթ Հայաստան եկած մի շարք եվրոպացի արտգործնախարարներ այս կամ այն չափով անդրադարձան առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ դրական գնահատեցին մեր երկրում ստեղծված նախընտրական մթնոլորտը: Ընդհանուր առմամբ նույն ոգով արտահայտվեց նաեւ ԱՄՆ դեսպանը: Կարելի է, իհարկե, ասել, որ մեր իշխանություններին հաջողվել է նրանց խաբել, կամ՝ որ նրանք առաջնորդվում են իրենց երկրների շահերով եւ ցանկանում են «խաբված լինել»՝ գուցե այդ երկու պնդումների մեջ ճշմարտության հատիկ կա: Սակայն, անկախ մեր իշխանությունների խորամանկության աստիճանից, նրանց ձգտումը՝ անցկացնել խաղաղ, առանց միջադեպերի ընտրություններ, նկատելի է, ու հենց դա է, հավանաբար, արձանագրում Արեւմուտքը: Բնականաբար, այն մարդիկ, որոնք հետեւում են մեր ներքաղաքական գործընթացներին, այնքան միամիտ չեն, որ հավատան, թե ընտրությունները կանցնեն առանց խախտումների («գլխավոր զենքն» այստեղ, ըստ ամենայնի, լինելու է ընտրակաշառք բաժանելը եւ ցուցակների հետ կապված ձեռնածությունները): Արձանագրենք նաեւ, որ իշխանական ճամբարից առայժմ չեն հնչում նաեւ «կլիզմա», «մոսկա», «բառաչող կովեր», «քաղաքական դաշտի թափոններ» եւ այլ՝ նման ոճի արտահայտություններ, ինչը նույնպես բարենպաստ է անդրադառնում ընդհանուր մթնոլորտի վրա:

Ի՞նչ կարող է տալ մեզ նման ընթացքը, եթե այն, բոլոր քաղաքական ուժերի խոհեմության շնորհիվ, շարունակվի: Նախեւառաջ՝ դա Հայաստանին եվրոպական ինտեգրման առումով շատ լայն հնարավորություններ կտա, ինչի մասին ուղղակիորեն խոսում էին մեր երկիր եկած հյուրերը: Ինձ թվում է, որ «Եվրանեսթի» արտագնա նիստից հետո եվրոպացիների համար է՛լ ավելի ցայտուն դարձավ մեր ու հարեւան պետության քաղաքական ռեժիմների տարբերությունը, եւ նրանց մոտեցումը երկու երկրներին այլեւս դժվար թե լինի համահարթեցված, պարիտետային: Հետեւաբար, քիչ թե շատ նորմալ ընտրությունների անցկացումը, կարելի է առանց չափազանցության ասել՝ ազգային անվտանգության խնդիր է:

Երկրորդ հանգամանքն այն է, որ բարեփոխումները Հայաստանի նման երկրում հնարավոր է անցկացնել միայն վերեւից՝ բարձրագույն ղեկավարության կամային որոշումներով: Դա ցավալի փաստ է, բայց հույս դնել, որ «թալանչինե՛ր, ավազակնե՛ր, հեռացե՛ք» գոռալու արդյունքում իշխանությունները կհեռանան եւ իրենց տեղը կզիջեն գոռացողներին, միամտություն է: Մյուս կողմից՝ պարզ է, որ որեւէ դրական փոփոխություն իշխանությունները կկատարեն միայն հասարակության խաղաղ ճնշմամբ՝ այն դեպքում, եթե առաջ են քաշվել հասարակությունն իսկապես համախմբող գաղափարներ, ինչպիսին էր, օրինակ, քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ճնշումը ներքեւից պետք է զուգակցվի դրսի ճնշմամբ: Ենթադրում եմ, որ իշխանությունները Երեւան եկող հյուրերին այդ առումով խոստումներ են տալիս: Դա դրական երեւույթ է՝ անկախ նրանից, թե խոստումների որ մասն է կյանքի կոչվելու:

Այդ երկու ճնշումներն էլ պետք է լինեն որոշակի սահմաններում, որպեսզի երկրում քաոս չստեղծվի: Ամեն ինչ, ինչպես ասում են, չափի մեջ է գեղեցիկ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30