Դավիթ Հարությունյանն ասում է՝ բերեք պայմանավորվենք, որ առաջիկայում ձեւավորվելիք իշխանությունը լեգիտիմ է, եթե ընտրողները քվեարկում են ազատորեն, առանց վախի, առանց միջամտության կամ նրանց ազատ կամքի արտահայտման վրա ցանկացած այլ ոչ օրինական ներգործության (նկատի ունի ընտրակաշառքը): Այսինքն՝ եթե մարդկանց պարտադրել են, վախեցրել են կամ ընտրակաշառք են տվել, այդ դեպքում իշխանությունը լեգիտիմ չէ: Լավ, հիմա ո՞վ չգիտի, որ Սերժ Սարգսյանը հենց այդ հնարքներով է «ընտրվել», դե բերեք սկզբի համար պայմանավորվենք, որ նա լեգիտիմ չէ: Դավիթ Հարությունյանը համաձա՞յն է, թե՞ պիտի ասի՝ «ահաբեկումների եւ ընտրակաշառքի փաստերը բավարար չափով ապացուցված չեն կամ որոշիչ ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա, հետեւաբար՝ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ որոշ վերապահումներով լեգիտիմ է»:
Զավեշտն այն է, որ ճիշտ այն ժամին, երբ Դավիթ Հարությունյանը տարածում էր իր այս հայտարարությունը, նրա հարազատ ՀՀԿ-ն Երեւանի մի քանի համայնքներում մարդկանց ձու էր բաժանում: Հիմա ի՞նչ, եթե ՀՀԿ-ն հաղթի՝ պիտի ասենք, որ նոր իշխանությունն ընդհանուր առմամբ լեգիտիմ է, եւ որոշ վերապահումներ կան միայն ձվերի մասո՞վ: Կամ Դավիթ Հարությունյանը չգիտի՞, որ հենց հիմա, հենց այս պահին բազմաթիվ պետական հիմնարկներում աշխատակիցներին պարտադրում են հանրապետական դառնալ ու նույնիսկ ամեն մեկի վրա մի 10-15 հոգի «պլան են դնում»:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
«Չորրորդ Իշխանություն»