Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ համակարգող. « Մենք չենք կարող սերիական մարդասպանի հետ քննարկել չսպանելու պարտավորությունը»

Ապրիլ 06,2012 10:41

Հատված Կոնգրեսի համակարգող շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից:

– Դուք ասում եք՝ ՀՀԿն գլխավոր ընտրակեղծարարն է եւ երկրի զարգացմանը խոչընդոտում է, բայց այսօր Դավիթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ՀՀԿի անունից ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին առաջարկել է պայմանավորվել ընտրությունների հանրային վերահսկողության մեխանիգմների, մասնակից ուժերի վարքականոնների, փոխադարձ հարգանքի եւ արդար մրցակցության ապահովման շուրջ։ Դրան ինչպե՞ս եք վերաբերվում։

– Դա ընդամենը նրանց կողմից ուշացած փորձ է՝ չեզոքացնելու այն էֆեկտը, որը հասարակության վրա գործեց 4 ուժերի կողմից միասնական շտաբի մասին հայտարարության ստորագրումը։ Նրանց ներկայացուցիչը բանակցություններից հեռացավ նեղացած եւ մեկուսացած, եւ հիմա նրանք փորձում են հակահարված հասցնել, ընդամենը փորձում են հասարակության աչքերին նախաձեռնությունը ետ վերցնելու փորձ կատարել։ Բայց իրենք չեն հասկանում մի կարեւոր պահ. չի կարող լինել հանցագործների հետ համագործակցություն՝ իր իսկ հանցագործությունը կանխելու նպատակով։ Մենք չենք կարող սերիական մարդասպանի հետ քննարկել չսպանելու պարտավորությունը։ Դա նույնն է, ինչ որ՝ գողության զոհը եւ գողը համաձայնություն ստորագրեն չգողանալու մասին։ Գողը պետբ է զղջա կամ կանգնի օրենքի առջեւ, դա ինքը պետք է անի, իր զղջումով պետք է լինի միակողմանի ակտ։ Եթե մենք գողերի, մարդասպանների, հանցագործների հետ քաղաքավարության կանոնների շուրջ համաձայնագիր ենք ստորագրում, մենք հավասարվում ենք այդ գողերին, մենք, ըստ էության, պատասխանատվություն ենք ստանձնում նրանց կատարած հանցագործությունների համար։ Այդպիսի բան չի կարող լինել եւ չի լինի։

Բայց կարող է իրենք փոխվում են, իրենք հավատում են, որ կփոխվեն։

– Նախ, ես հեքիաթներին չեմ հավատում, այն հանցագործություններից հետո, որ նրանք կատարել են, նրանք փոխվելու որեւէ հնարավորություն չունեն, իսկ եթե նրանք, այնուամենայնիվ, ուզում են ցույց տալ, որ փոխվել են, դա իրենք կարող են ապացուցել իրենց կոնկրետ գործողություններով, օրինակ՝ մաքրեն ընտրական ցուցակները 700 հազար բացակա մարդկանց անուններից, դադարեցնեն ընտրակաշառքի բաժանումը։ Այսօր նրանք ծեծում են բոլոր դռները, հավաքում անձնագրերը, ընտրակաշառքներ առաջարկում, անձնագրայհն բաժիններում կատարում բազմաթիվ մախինացիաներ, եւ այդ մարդիկ այսօր երես ունեն մեզ առաջարկելու ընտրությունների քաղաքակիրթ կանոննե՞ր։ Նրանցից շատ բան չի պահանջվում, թող այս բոլոր հանցագործությունները, որոնք հիմա կատարվում են, դադարեցնեն, եւ կարծում եմ՝ բոլոր հարցերը ընտրությունների օրինականության շուրջ ընդհանրապես կվերանան։

Այսինքն, ձեր այս ասածը ենթադրում է, որ դուք չեք միանալու նրանց առաջարկին։

– Դա նշանակում է, որ մենք իրենց  հանցագործությունները կոծկող շոուի մեջ մասնակցություն չենք ունենա։ Մեզ պետք չեն պրոպագանդիստական շոուներ, մեզ պետք են մաքուր, օրինական ընտրություններ։ Այն, ինչ ՀՀԿ-ն

առաջարկում է մեզ, մաքուր փարիսեցիություն է, պրոպագանդիստական շոու, որը նշանակում է՝ մոլորեցնել մեր հասարակությանը։ Բայց մեր հասարակությունը վաղուց արդեն նման փարիսեցիությանը չի հավատում:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30