Սաուդյան Արաբիայի օլիմպիական կոմիտեի նախագահ, արքայազն Նավաֆ իբն Ֆեյսալը բացառել է իրենց թագավորության կանանց թիմերի մասնակցությունը Լոնդոնի օլիմպիական խաղերին:
Մամուլի ասուլիսում նա ընդգծել է , որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք մեկնելու են միայն տղամարդ մարզիկները՝ ասելով. «Մենք հավանություն չենք տալիս կանանց մասնակցությանը օլիմպիական եւ միջազգային այլ մրցումներին»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, թե Սաուդյան Արաբիայի մարզուհիների առջեւ «կանաչ լույս» վառել է թագաժառանգ Նաիֆ իբն Աբդել Ազիզը: Նշվում էր նաեւ, իբր օլիմպիադայի բացման արարողությանը առաջին անգամ թագավորական հավաքականի դրոշակակիրը կին է լինելու:
Մինչեւ 2012 թվականը միայն երեք երկրի կին մարզուհիներ ներկայացված չեն եղել օլիմպիական խաղերում: Դրանք են՝ Սաուդյան Արաբիան, Բրունեյը եւ Քաթարը: Սակայն վերջինը փետրվարին հայտարարել է, թե Լոնդոն գործուղելու է երկու մարզուհու՝ լողորդուհի Նադա Արքաջիին եւ կարճ տարածությունների վազորդուհի Նուր Ալ-Մաքլիին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ