Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է նստելու մեքենայի ղեկին՝ Կոնգրե՞սը, թե՞ ԲՀԿ-ն

Ապրիլ 06,2012 10:21

Ո՞վ է նստելու մեքենայի ղեկին՝ Կոնգրե՞սը, թե՞ ԲՀԿ-ն

Ընտրության վերահսկման միասնական շտաբի ստեղծումը առաջին հայացքից ոգևորիչ նախաձեռնություն է, սակայն մյուս կողմից` շտաբն ինքնին կարող է լինել շատ ավելի լուրջ գործընթացի ընդամենը մակերեսային մի շղարշ, ինչը փաստացի քիչ կապ ունի ընտրությունների արդարությունը վերահսկելու իրական և անկեղծ ցանկության հետ, այլ ավելի շատ ենթադրում է ընդամենը պայքար իշխանության համար, որին ի դեպ՝ կարող է ներգրավված լինել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այդ տեսանկյունից, բավական հետաքրքրական է միասնական շտաբի ստեղծման նախաձեռնության, այսպես ասած, «իրավաբանական հասցեն»: Այն քաղաքագետների միությունն է՝ Հմայակ Հովհաննիսյանի ղեկավարած կառույցը, ով էլ Բարգավաճ Հայաստան կուսակցության մեջ զբաղեցնում է միանգամայն անցողիկ մի հորիզոնական: Այստեղ գուցե ավելորդ չի լինի հիշել, որ Հմայակ Հովհաննիսյանը 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը տեղ էր զբաղեցրել Սամվել Բաբայանի Դաշինք կուսակցության անցողիկ հորիզոնականում: Իսկ թե ում քաղաքական ուղեծրում էր ստեղծվել և գործում Սամվել Բաբայանի Դաշինքը, թերևս գաղտնիք չէ քաղաքական կյանքով հետաքրքրվողների համար: Դաշինքը ստեղծվել և գործում էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղեծրում և հենց այդ իսկ պատճառով էլ Դաշինքը չմտավ 2007 թվականի խորհրդարան, որովհետև այդ խորհրդարանում բացարձակ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը: Թե ինչ գործունեություն ծավալեց հետո Սամվել Բաբայանը, ինչ եղավ Դաշինքի ճակատագիրը և ուր է Բաբայանն այժմ` արդեն էական չէ: Էական է այն, որ Հմայակ Հովհաննիսյանի վերջին տարիների քաղաքական հետքը բավական հետաքրքրական ուղղություն է տալիս միասնական շտաբի նախաձեռնությանը և դրան Բարգավաճ Հայաստանի միանալուն:

Ընդ որում` այստեղ էլ, իհարկե, մեկ այլ հետաքրքրական հանգամանք կա: ԲՀԿ-ից ստորագրություն է դնում մի գործիչ, որը կուսակցության մեջ թեև զբաղեցնում է համամասնական ցուցակի երկրորդ համարը, բայց չունի կուսակցական պաշտոնական կարգավիճակ, մինչդեռ մյուս բոլոր ստորագրողները այդպիսի կարգավիճակ ունեցող անձինք էին՝ Կոնգրեսի համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Ժառանգության փոխնախագահ: Թե ինչ քաղաքական ուղեծրում է Վարդան Օսկանյանը` թերևս դժվար չէ կռահել անգամ նրա տասնամյա արտգործնախարարությանը ծանոթ չլինելով հանդերձ: Պարզապես կռահելու համար բավական է լսել նրա ներկայիս քննադատությունը ուղղված Հանրապետականին, որի համատեքստում այն է, որ մինչև 2008 թվականը գոնե ավելի լավ էր:

Ահա այդ ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ միասնական շտաբի նախաձեռնությունն իրականում խորհրդարանի ընտրության գործընթացի վրա Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունն ապահովելու գործիքներից մեկն է, որի նպատակը Սերժ Սարգսյանի դեմ լայն ընդդիմադիր կոալիցիա ձևավորելն է: Համենայնդեպս, այն տեսքով, ինչ տեսքով, որ այժմ գոյություն ունի կամ հռչակվել է այդ շտաբը` այն ավելի շատ հենց այդ նպատակին է ծառայում կամ այդ նպատակին կարող է ծառայել, քան ընտրական գործընթացի վերահսկողություն ապահովելը: Դրա համար ընդամենը բավական է արձանագրել, թե ինչով է զբաղված, օրինակ, շտաբի առանցքային ուժերից մեկը հանդիսացող Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թե՛ այժմ, թե՛ ընդհանրապես իր քաղաքական գործունեության ընթացքում: Կուսակցությունը զբաղված է բարեգործությամբ, ինչն այլ կերպ կոչվում է նաև ընտրակաշառք: Նաև վաղաժամ քարոզչությամբ, ինչն արգելված է: Եվ եթե այդ հանգամանքները չեն դրվում միասնական շտաբի սեղանին, ապա բնականաբար առաջանում է շտաբի արդյունավետության խնդիր: Ընդ որում` ստորագրող քառյակի երկու մյուս ներկայացուցիչները՝ Դաշնակցությունն ու Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ դաշինքը, արտահայտվել են այդ խնդիրների կապակցությամբ և հայտարարել, որ սկզբունքային հարցեր կան դեռևս համաձայնեցնելու և առանց դրա շտաբը կլինի անարդյունավետ:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30