Ինչու բնապահպանները եւ ընդհանրապես քաղաքացիական այս նախաձեռնությունները ժամանակին չպայքարեցին Օղակաձեւ զբոսայգու, Օպերայի մերձակայքի, Աբովյան փողոցի, թամանյանական ճարտարապետության ոչնչացման դեմ։ Ինչու հասարակությունը թույլ տվեց, որ Երեւանի բարբարոս քաղաքապետները երեւանցիների սիրելի վայրերը վաճառեն, ոչնչացնեն, բետոնապատեն ու տան մեծահարուստներին՝ որպես փոքր ներդրումների արդյունքում մեծ եկամուտ ապահովող բիզնես-տարածքներ։ Ինչու են մարդիկ մոռացել այդ բարբարոսություններն ամենից շատ կյանքի կոչած Երվանդ Զախարյանին, Ռոբերտ Նազարյանին եւ մյուսներին, ովքեր անպատիժ ու անարգել գործեցին ու հեռացան՝ տաքուկ պաշտոններ զբաղեցնելով եւ իրենց կուտակածը վայելելով։ Վերջին տասը տարում մեր հասարակությունը մեծ ճանապարհ է անցել։ Դա անգամ անզեն աչքով է տեսանելի։ Եվ ես հույս ունեմ, որ Մաշտոցի պուրակի եւ մյուս տարածքների լոկալ պայքարն ավարտելով՝ երիտասարդ ակտիվիստները հայացքով շրջվելու են դեպի Երեւանի մյուս ցավոտ խնդիրները։ Եվ հեռու չէ այն օրը, որ Օպերայի այգում սկսվելու են բողոքի ակցիաներն ու նստացույց-հացադուլները՝ այդ խայտառակ սրճարաններն ու վայրի կառույցները վերացնելու պահանջով։ Մի բան պարզ է, որ հասարակությունը հասկացել է կանաչ տարածքի ու բետոնի տարբերությունը, զգացել է, թե ինչքան տհաճ է ապրել անճոռնի ու անճաշակ կառույցների միջավայրում, եւ ինչքան հաճելի է եւ մարդու էությանը հարիր կանաչ գազոնի, ծառ ու ծաղկի, ազատ տարածքների առկայությունը քաղաքում։ Նաեւ հասարակությունը հասկացել է, որ ինքն անկարող ու անուժ մարդկանց ամբոխ չէ, այլ կազմակերպված մարդկանց գիտակից հանրույթ, որը կարող է պարտադրել իր կամքը եւ ստիպել, որ ցանկացած պաշտոնյա ու օլիգարխ ենթարկվի իրեն։
«Հրապարակ»