Պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր ոտքով շրջում էր Կապանի փողոցներում, ինչը շատ բնակիչների համար անսպասելի եւ անսովոր էր: Իրենց պատգամավորին սովորական օրերին նրանք փողոցում գրեթե չեն հադիպել, ուստի այսօր պատգամավորին փողոցում տեսած կապանցիների համար անակնկալ էր դա, եւ նույնիսկ ոմանք ուրախությամբ էին պատմում իրենց մտերիմներին այդ մասին: «Զարմացած էի, երբ տեսա պատգամավորին, մի պահ մտածում էի ի՞նքն է, թե՞ ինքը չէ, բայց հետո համոզվեցի, որ չեմ սխալվում: Ընտրությունները լավ առիթ են սովորական քաղաքացիներիս համար` մեր պատգամավորներին գոնե մոտիկից տեսնելու», -ասում էր կապանաբնակ քաղաքացին:
ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընգրկող թիվ 38 ընտրատարածքում արդեն երրորդ տարին է առաջադրվում: Նա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: ՀՀԿ ներկայացուցչից բացի այստեղ ԱԺ մեծամասնական ընտրկարգով առաջադրվել են նաեւ պատգամավորի 4 այլ թեկնածու` ՀՅԴ-ից` Աժ պատգամավոր Գագիկ Գեւորգյանը, ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը, անկուսակցական Նարինե Մովսիսյանը եւ կրկին անկուսակցական Հայկ Բարսամյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ