Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ն պատրաստվում է միաժամանակյա խաղի սեանսի

Ապրիլ 05,2012 21:38

«Մենք հանգիստ ենք վերաբերվում 3+1 ձեւաչափին»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձեւավորելու մասին փաստաթղթին քաղաքական 4 ուժերի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի միանալուն:

Նա նշեց. «Իրականում շատ մակերեսային է այն ընկալումը, թե այդ 4 քաղաքական ուժերը դաշնակիցներ են եւ տեսնում են մեկ մրցակից՝ ի դեմս ՀՀԿ-ի: Խորքային վերլուծության մեջ, ինչպես կասեր նախկին ԱԳ նախարարը, քաղաքագիտական տեսակետից՝ հենց այդ 4 կուսակցություններն են իրական մրցակիցները: Բացատրեմ ինչու. Հայաստանում ընդդիմադիր ընտրազանգվածը ավանդաբար ձեւավորվել է ազգաբնակչության 1/3-ի չափով: Եվ ընդդիմադիր կեցվածք որդեգրած կամ որդեգրող քաղաքական 4 ուժերը իրականում պայքարելու են իրար դեմ՝ այդ 1/3-րդ ձայները համապատասխան բաշխման ենթարկելու համար: Մնացյալ երեք կուսակցությունների համար առանց այդ էլ՝ ի սկզբանե նեղ ընտրազանգվածային դաշտը բաժանելու խնդիր կա: Եվ իրական մրցակիցները խորքային քաղաքական գործընթացներում հենց երեկվա միջոցառումը կազմակերպած քաղաքական ուժերն են»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ չի ցանկանում այս համատեքստում հանգամանալից անդրադառնալ կոալիցիոն կուսակցության՝ ԲՀԿ-ի նախընտրական ռազմավարությանը. «Սա առանձին մեկնաբանության կարժանանա ընտրարշավի ժամանակ»: Իսկ առայժմ միայն նշեց. «ԲՀԿ-ի կողմից Վարդան Օսկանյանի առաջարկած փաստացի քարոզչական ուղղությունը՝ խաղալ ընդդիմության, իրականում, կարծում եմ, գործելու է իրենց էլեկտորալ հնարավորությունների դեմ, քանի որ այդ դեպքում ամբողջությամբ ՀՀԿ-ին են հանձնվում իշխանամետ կամ կենտրոնամետ ընտրազանգվածի ձայները»:

Ի դեպ, անդրադարձավ նաեւ Օսկանյանի այսօր հրապարակած հետեւյալ պարզաբանմանը. «Յուրաքանչյուր ընտրության ժամանակ միշտ նույնն եմ ասել՝ ցավալի է, որ ընտրախախտումների հետևանքով ժողովրդի մոտ կասկածներ կան ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Հիմա էլ ասում եմ նույն բանը՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ժողովրդի մոտ կասկածներ չլինեն ընտրությունների օրինականության վերաբերյալ»: ՀՀԿ փոխնախագահը նշեց.  «Ազատ, արդար եւ արժանահավատ արդյունքներով ընտրությունների անցկացումը պետության գերակայությունն է՝ բազմիցս բարձրաձայնած երկրի նախագահի կողմից: Քաղաքական դաշտի որոշ հատվածներից հնչող կոչերը՝  նման ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ինձ սկսում են հիշեցնել միջնադարից եկած մի երեւույթ, երբ ամենաբարձր գոռացողները «բռնիր գողին», հաճախ լինում էին հենց իրենք՝ գողերը»:

Արմեն Աշոտյանը նաեւ պնդեց, որ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք իրենց միակ մրցակից են համարում ՀՀԿ-ին՝  «իրականում այսօր կախված են Հանրապետական կուսակցության քաղաքական դիրքորոշումից՝ ՀՀԿ-ի կողմից իրենց գլխավոր կամ «սիրելի» մրցակից ճանաչելուց: Ըստ այդմ՝ կուսակցությունները, որոնք հավակնում են ՀՀԿ-ին դարձնել նախընտրական հակաքարոզչության թիրախ, այսօր շատ ավելին են կախված Հանրապետականից, որպեսզի մեր կուսակցության կողմից «ճանաչվեն» ընդդիմության պարագլուխ, ու նաեւ կարողանան ըստ այդմ խաղարկել քարոզչական այդ սխեման»:

Մեր հարցին, թե ՀՀԿ-ն այսուհանդերձ ո՞ւմ է հակված ճանաչել իբրեւ գլխավոր մրցակից՝ ՀԱԿ-ի՞ն, ԲՀԿ-ի՞ն, թե՞ որեւէ այլ ուժի, նա պատասխանեց. «Իրական քաղաքական եւ քաղաքագիտական այսօրվա ներուժով ՀՀԿ-ի հետ շախմատ խաղալու համար չկա քաղաքական միեւնույն խաղատախտակի մոտեցող որեւէ քաղաքական ուժ: Մեր քարոզչությունը բավարարելու է սեփական ծրագրերն իրականացնելու, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ սեւ PR-ին եւ անտեղի քննադատությանը համարժեք պատասխանելուն»:

Եվ նորից պնդեց. «Ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը երազում են, որ նախընտրական քարոզչության մեջ ՀՀԿ-ի հետ նստեն «առաջին խաղատախտակի» առջեւ: Բայց Հանրապետականը չի ընտրելու առաջին խաղատախտակի ընդդիմախոս, քանի որ մենք իրականում պատրաստվում ենք բոլորի հետ միաժամանակյա խաղի սեանսի»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30