Ապրիլի 4-5-ը «Ստոպ» կինոփառատոնի շրջանակներում, Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ «ՀՔԱ» Վանաձորի գրասենյակում վանաձորցիները հնարավորություն ունեցան դիտելու վրացի ռեժիսորներ Լեվան Թութբերիձեի եւ Գիորգի Խարաբաձեի «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» եւ «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ 2» ֆիլմերը:
Ֆիլմերը 90-ական թթ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների մասին են, երբ Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր, երբ երկիրը ներքաշված էր վրաց -օսական եւ վրաց -աբխազական հակամարտության մեջ:
Որպես կովկասյան եռանկյունու մի մաս` հայն ու հայկականն էլ է տեղ գտել այստեղ: «Միմինոյից» հետո, թերեւս, առաջին անգամ այս ֆիլմով հայը հնարավորություն ունեցավ իրեն տեսնելու հարեւանի` վրացու աչքերով:
«Թեեւ 90-ական թվականներին Վրաստանը մեզնից շատ ավելի ծանր վիճակում էր, այնուամենայնիվ, մեր հարեւանը ինքնամաքրման խնդիր դրեց ու կարողացավ հաղթահարել դժվարությունները: Այս ֆիլմերով նրանք մերժեցին հրացանավոր մարդկանց դիկտատուրան, հրացանավոր մարդկանց կամայականությունները, եւ այսօր Վրաստանը մեր տարածաշրջանում հենց ինքնամաքրման շնորհիվ էականորեն տարբերվում է իր արժեհամակարգով», -ասում է Խաղարարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը, որը նաեւ «Ստոպ» կինոփառատոնի տնօրենն է:
Կարդացեք նաև
Ֆիլմերի ցուցադրության նպատակը Հայաստանում հասարակության երկխոսության ստեղծումն է, օտարված քաղաքացիների ձայնը լսելի դարձնելը:
«Օտարված, որովհետեւ քաղաքացիների անունից հիմնականում հանդես ես գալիս քաղաքական, պետական գործիչները, լրատվամիջոցները, Հկ-ները, սակայն բուն քաղաքացիների ձայնը երբեք չի լսվում»: Գեորգի Վանյանը հույս է հայտնում, որ իրենից հետո կգա այնպիսի սերունդ, որ իրեն, իրենից մեծերին, իր ուսուցիչներին կասի` մնացեք պատմության մեջ, թողեք մենք ինքներս մեր այսօրը եւ վաղը կերտենք:
Բացի Վանաձորից` ֆիլմերը ցուցադրվել են Երեւանում, Գյումրիում, Իջեւանում, հաջորդը Ճամբարակն է:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ