ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ տեղում Գագիկ Բեգլարյանն է, իսկ «Ժառանգության» նույն հորիզոնականում՝ «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ Արման Մուշեղյանը: Aravot.am-ի հարցին՝ Գագիկ Բեգլարյանի եւ ձեր ներուժն ինչպե՞ս կգնահատեք քաղաքականության մեջ՝ Արման Մուշեղյանը պատասխանեց, որ իրենք տարբեր հարթություններում, տարբեր ոլորտներում են գործում. «Իհարկե, իր ճանաչումով, կարծում եմ, պարոն Բեգլարյանը շատ ավելի հայտնի է համենայնդեպս Երեւանում, քան ես, բայց այն խնդիրը, որ ես եմ ներկայացնում, պարոն Բեգլարյանին հասանելի չէ: Կարծում եմ, տա Աստված երբեւիցե չզգա, թե ինչ է զգում հաշմանդամություն ունեցող մարդն՝ իր առօրյա կյանքում: Ես գալիս եմ, որպեսզի ապահովեմ հավասար իրավունքներ: Թե պարոն Բեգլարյանն ինչի համար է գալիս՝ ես չեմ կարող ասել: Մեր համեմատությունը իրար հետ միայն 10-րդ տեղի հետ է կապված, դրանից դուրս մենք համեմատության եզրեր չունենք»:
Իսկ թե ինչ խնդիրներ կան այսօր՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար՝ Արման Մուշեղյանը նշեց, որ ոչ բոլոր ընտրատեղամասերն են մատչելի նրանց: Բացի այդ, հասանելի պետք է լինեն նաեւ քվեաթերթիկները եւ կուսակցությունների քարոզարշավը՝ տեսողական եւ լսողական խնդիրներ ունեցող մարդկանց . «Հարցը միայն շինությունները չեն: Գրեթե ամեն քայլափոխի, ամեն օր տեսնում եմ խախտումներ: Հասարակությունը դեռ պատրաստ չէ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդուն հավասարի պես նայեն: Այդ մարդիկ պետք է ամեն պահին, ամեն րոպե ինչ–որ մեկին խնդրեն, որ իրենց օգնեն այս կամ այն խոչընդոտը վերացնելու համար: Նույնիսկ ոչ հաշմանդամ մարդիկ են նեղվում՝ ինչ–որ մեկին օգնության կանչելիս, պատկերացրեք հոգեխառնվածքը, մարդու էությունը թույլ չի տալիս ամեն անգամ խնդրել մեկին: Բնականաբար, հաշմանդամություն ունեցողներին առանց այդ էլ դիտում են որպես խեղճացած, ամեն անգամ ինչ–որ բանի կարիք ունեցող անձանց, եւ դրանից հետո մարդն ինքը շատ անգամ արդեն խուսափում է դիմել: Այս մեդալը երկու կողմ ունի. մի կողմից հասարակությունը նրանց չի ընդունում, մյուս կողմից իրենք են ուզում իրենց մեկուսացնել, քանի որ իրենց այլ ձեւ են ընկալում, ոչ որպես հավասարի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ