Լրահոս
Օրվա լրահոսը

Արձակագիր Արմեն Օհանյան. ընտրակեղծիքների հիմքը 96-ից դրել է ՀՀԿ-ն

Ապրիլ 05,2012 18:17

Այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում կայացավ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնած «Ընտրարշավի օրակարգը» թեմայով հերթական քննարկումը: Բանախոսներն էին` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը, հրապարակագիր Արմեն Օհանյանը եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը: Քննարկման բոլոր մասնակիցներին հարց ուղղվեց՝ ին՞չ կփոխեին, եթե լինեին թագավոր կոնկրետ ոլորտում:

«Թագավոր լինելը լավ բան է, բայց մեծ պարտավորություններ է ենթադրում»,-ասաց Սամվել Ավետիսյանը ու հավելեց, որ գյուղատնտեսության նման ռիսկային ոլորտում բազմաթիվ բացթողումներ կան: «Գյուղատնտեսությունը եւ արդյունաբերություն է, եւ առողջապահություն եւ կրթություն ու արտաքին քաղաքականություն: Ցավոք, գյուղատնտեսության մեջ Հռոմի պապից կաթոլիկ ենք գտնվել ու կապիտալիզմ կառուցել, մինչդեռ շատ ավելի հզոր երկրներ գյուղատնտեսության ոլորտում սոցիալիստ են գտնվել»: Պարոն Ավետիսյանը վստահ է, որ Հայաստանը կարող է լինել ոչ թե բարձր տեխնոլոգիաների, այլ ագրարային երկիր՝ լավ իմաստով: Ըստ բանախոսի , դա ավելի իրատեսական է: Պրոֆեսորը նշեց, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Գյուղատնտեսության մասին» օրենքը, որը կարող է շատ բան փոխել: Ըստ նրա, ԱՄՆ-ի նման հզոր երկիրը 5 տարին մեկ «Գյուղատնտեսության մասին» նոր օրենք է ընդունում, նման օրենքներ ունեն ՌԴ-ն, ԵՄ անդամ երկրները, իսկ Հայաստանում ոլորտը բարձիթողի վիճակում է: Սամվել Ավետիսյանի համոզմամբ, լավ կլինի ունենայինք գյուղատնտեսության կայուն աջակցության ծրագիր, բայց այնպիսին, որը չգործեր միայն ընտրությունից ընտրություն: Տպավորիչ մի թիվ էլ հիշատակվեց. համաշխարհային գյուղատնտեսության ոլորտում, յուրաքանչյուր օր 1մլրդ դոլարի ներդրում է կատարվում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը գտնում է, որ բնապահպանական ոլորտում կարեւոր դերակատարություն պետք է ունենա կառավարությունը, իսկ ապագա խորհրդարանը լավ կլինի մտածի այդ ոլորտում հանրային մասնակցության մասին: «Այսօր հանրությունը իր ունեցվածքի տերը չէ, չի կարող բողոքել իշխանությունների կողմից կայացված որոշումների դեմ, էստեղից էլ Թեղուտի, Մաշտոցի պուրակի եւ մնացած այլ խնդիրները»: Սոնա Այվազյանի խոսքով, բոլոր հարցերը արդյունք են բնապահպանության ոլորտում հանրության մասնակցության պակասի եւ իշխանությունների սպառողական դիրքորոշման: Նրա ասելով, խնդիրներ են ծվնում նաեւ թերի օրենքների գործելու եւ դրանց կիրարկման ժամանակ:

Արձակագիր Արմեն Օհանյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը բոլոր ցավերի դեղատոմսը համարում է իշխանափոխությունը: Նա գերադասում է ունենալ ագրարային, ժողովրդավար, քան բարձր տեխնոլոգիաների եւ ո՛չ ժողովրդավար Հայաստան. «Առաջիկայում ընտրություններ են, իսկ իշխանությունները մեզ սպառնացել են, որ ունենալու ենք ցուցանմուշային, ցուցադրական ընտրություններ»: Արմեն Օհանյանը ընտրական պրոցեսները պատկերավոր նկարագրելիս հիշեց Պավլովի օրենքը եւ ասաց, որ Հայաստանում ամեն ինչ դրա հակառակն է. «Քվեարկությունը կատարվում է գլխով, ընտրությունը՝ ձեռքի շարժումով»: Նա բոլոր կեղծված ընտրությունների մեղավոր է համարում ՀՀԿ-ին: Սամվել Ավետիսյանը այս «մասով» չհամաձայնեց նրա հետ, արձակագիրն էլ՝ Ավետիսյանի հետ, քանի որ փաստարկներ ուներ, օրինակ իրենց հասցեում 2 անծանոթ գրանցված պապիկ է հայտնաբերել. «Չկա իշխանության ճյուղերի տարանջատում: Ի սկզբանե ընդդիմությունը եղել է պառակտված, իսկ իշխանության բոլոր ճյուղերը միասնական, մինչդեռ բնական ընթացքի համաձայն՝ հակառակը պետք է լիներ…Ի դեպ, 1996-ի նախագահական ընտրություններին ՀՀԿ-ն պաշտպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եւ եթե 96-ին կեղծիքներ են եղել, ստացվում է՝ դրանց հիմքը դրել է հենց ՀՀԿ-ն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30