Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ հինգշաբթի. Խորհրդավոր ընթրիքի հիշատակի օրն է

Ապրիլ 05,2012 17:56

Մեծ պասն վերջանում է, բայց պասը չի վերջանում: Դրան հաջորդում է Ավագ շաբաթը, որ դարձյալ պաս է, դրա համար էլ պասը տևում է 48 օր: Մեծ պասից հետո եկեղեցին մտնում է Ավագ շաբաթվա մեջ: Ավագ հինգշաբթի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Քրիստոսի կողմից Ս. Հաղորդության խորհրդի հաստատման: Այս օրը մատուցվում է Ս. Պատարագ։ Քրիստոսը վերջին ընթրիքի ժամանակ հացն ու գինին տվեց ճաշակելու իր աշակերտներին` ասելով` հացը իր մարմինն է, իսկ գինին` Իր արյունը, որ հեղվում է մարդկանց մեղքերի քավության համար։ Առավոտյան 10:00 եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: Հնում, եթե որևէ մեկը մեղք էր գործում, պետք է հրապարակայնորեն խոստովաներ: Եվ եպիսկոպոսը նրան մեկ տարի զրկում էր հաղորդությունից, տրվում էր ժամանակ ապաշխարության համար: Եվ նրանք, ովքեր ապաշխարության մեջ էին, արձակվում էին Ավագ հինգշաբթի օրը: Հետագայում այս խոստովանությունը դարձավ անհատական: Այդ օրը եկեղեցին օգտագործում է մեծ սկիհ և մեծ նշխար: 11-րդ դարում մի արարողություն ևս ավելացավ, որ Ոտնլվայի արարողությունն է: Կիլիկիայում արդեն հայերը շփման մեջ էին մտել կաթոլիկների հետ, երբ Գրիգոր Վկայասեր կաթողիկոսը նրանց մոտ տեսավ այս արարողությունը, շատ հավանեց: Արարողության ժամանակ ավագ հոգևորականը կրտսեր հոգևորականների ոտքերն է լվանում` ի հիշատակ Քրիստոսի խոնարհության դրսևորման, քանի որ վերջին ընթրիքից առաջ Քրիստոսն իր աշակերտների ոտքերը լվաց` խոնարհության և ծառայության օրինակ տալով: Նա այն ներմուծեց հայ եկեղեցի: Երեկոյան այս արարողությունը հատուկ շարականներով կատարում է ավագ հոգևորականը. հանում է պատարագի զգեստները և լվանում իր աշակերտների ոտքերը, որից հետո յուղի օրհնություն է լինում և բաժանվում հավատացյալներին: Հնում օրհնվում էր ոչ թե յուղ, այլ ձեթ` ի հիշատակ այն ձեթի, որ մեղավոր կինը լցրեց Քրիստոսի ոտքերին: Հնում նաև մեռոն էին օրհնում Ավագ հինգշաբթի օրը:

Եկեղեցում գոյություն ունի երկու տեսակի ձեթ` մեռոնը, որ օրհնում է միայն կաթողիկոսը 7 տարին մեկ: Նաև ամեն Ավագ հինգշաբթի օր ձեթ էր օրհնվում, որ բժշկության համար էր:

Ոտնլվայով Ավագ հինգշաբթի օրվա արարողությունն ավարտվում է, որովհետև սկսվում է Խավարման արարողությունը, որը, սակայն, Ավագ ուրբաթի կարգ է:

 araratian-tem.am-ից իմացավ Անդրանիկ Ջալալյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30