«Ես չգիտեմ՝ պարոն Թովմասյանն ինչից կամ ումից է հոտ առել: Չեմ կարծում, որ նա «Ժառանգությունից» է այդ հոտն առել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսպես մեկնաբանեց կոմունիստ Ռուբեն Թովմասյանի գնահատականը` միջկուսակցական շտաբի ձեւավորման շուրջ հավաքված 4 կուսակցությունների մասին: Պարոն Թովմասյանը նշել էր, որ «այս բուկետից վատ հոտ է գալիս», իսկ «բուկետի» մեջ առայժմ մտել է 4 քաղաքական ուժ` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»: Պարոն Մարտիրոսյանը հանգստացրեց իր ավագ գործընկերոջը` ասելով. «Միջկուսակցական շտաբի ստեղծման այդ փաստաթուղթը վերջնական չէ, նախնական է, Ռուբեն Հակոբյանն էլ է ասել դրա մասին: Երբ դա վերջնական լինի` նոր կարող են գնահատական տալ»:
«Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը նույնպես վստահ էր, որ Ռուբեն Թովմասյանը իրենցից չէ, որ վատ հոտ է առել. «Դա մեզ հաստատ չի վերաբերվում: Հստակ ասեմ, որ այդ շտաբը դեռ ձեւավորված չի, մենք առաջիկայում նոր պիտի որոշենք մեր մասնակցության ձեւը եւ մոտեցումները: Ընդհանուր մեր համաձայնությունը տվել ենք, բայց եթե խոսում են ազատ եւ արդար ընտրությունների մասին եւ իրենց ստորագրությունը դրել են, ապա պետք է գնահատենք, թե նրանք իրո՞ք ցանկություն ունեն այդ ամենն անելու, թե՞ զուտ իմիտացիայով են զբաղված: Մինչեւ այս պահը մեր քաղաքական դաշտում ավելի շատ գործել են իմիտացիոն մոտեցումները, ոչ թե ռեալ քաղաքականությունը: Մենք կողմ ենք ռեալ քաղաքականությանը, այլ ոչ թե լոզունգներով եւ միայն հայտարարություններով: Իմ խորին համոզմամբ` մեր եւ իշխանական ցանկացած ուժի պատկերացումներն ազատ, արդար ընտրությունների վերաբերյալ նույնը չեն, ծեծ ու ջարդով ազատ ընտրություններ չեն անի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ