Դասախոսը տալի՞ս է ուսանողին բավարար գիտելիք և վերցնու՞մ է ուսանողն այդ գիտելիքը: Հարցի պատասխանը գտնելու համար հարցում անցկացրինք տարբեր ուսումնական հաստատություններում և ի զարմանս մեզ, կամ պատահականության սկզբունքով, չգտնվեց մի ուսանող, ով կմեղադրեր միայն դասախոսին: «Կան ուսանողներ, ովքեր գալիս են համալսարան միայն ուսանող կոչվելու և ժամանակ անցկացնելու համար: Այդ դեպքում դասախոսը ինչքան էլ հարուստ գիտելիքներ ունենա ու տարբեր ձևերով փորձի սովորեցնել ուսանողին, մեկ ա, չի կարա»,- ասում է Հյուսիսային համալսարանի Լրագրության ֆակուլտետի ուսանող Տարոն Փաշայանը:
Հյուսիսային համալսարանի Որակի ապահովման վարչության տեխնիկական հանձնաժողովի ավագ մասնագետ Արմեն Ներսիսյանը հաստատում է, որ. «Ուսանողների միայն մի մասն է դասով հետաքրքրվում, պատճառը գուցե և իրենց իրավունքներն ու պարտականությունները չիմանալն է: Դրա համար յուրաքանչյուր բուհում պետք է լինի ցուցատախտակ, որտեղ գրված կլինի ուսանողների իրավունքներն ու պարտականությունները»: Մենք դա էլ ճշտեցինք և արդյունքը հուսադրող չէ. ուսանողները գիտեն միայն, որ ունեն սովորելու իրավունք, բայց թե դրանց ամբողջ ցանկին որտեղ կարող են ծանոթանալ` չգիտեն: Տարբեր բուհերից իմացանք, որ ուսանողներն իրենց պարտականություններին կարող են ծանոթանալ պաշտոնական կայքերից, որոշներն ունեն նաև բուկլետներ : Վերադառնալով բուն թեմային Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Հասմիկն ասում է. «Շատ բան է կախված «սիմպատիայից», եթե դասախոսը դուրս չի գալիս, ես իրա դասին չեմ մասնակցում, նստում եմ վերջում ու փորձում եմ լռություն պահել մինչև դասի ավարտը: Ու հաստատ ըտենց դասախոս կա»: Հյուսիսային համալսարանի Լրագրության ֆակուլտետի դասախոս Լիլիթ Զաքարյանն ասում է. «Դասախոսների մեջ ոչ բոլորն են ժամանակին համընթաց քայլել և չեն ապահովում պահանջվող մակարդակը: Մյուս կողմից՝ հաճախ դասախոսը մտնում է լսարան ու տեսնում է քար անտարբերություն, շատ բան տալու մոտիվացիան կորում է, բայց երբ գոնե երկու ուսանողի մոտ հետաքրքրվածություն կա` ասում եմ՝ կարելի է մտնել լսարան»:
Այսօր արդեն գնահատում են ոչ միայն դասախոսներն ուսանողներին, այլև ուսանողները դասախոսներին` ընդհանուր գիտելիքների, մասնագիտությանը տիրապետելու, դասաժամը հետաքրքիր ու նպատակաուղղված անցկացնելու, արտալսարանային շփման, գնահատման չափանիշների և շատ այլ հարցեր հաշվի առնելով: «Եթե որևէ դասախոսի գնահատման սանդղակը շատ ցածր է լինում, ապա Որակի ապահովման վարչությունը վերլուծում է արդյունքներն ու ներկայացնում ռեկտորին: Այն դասախոսը, ով չի համապատասխանում բուհի պահանջներին, անպայման հեռացվում է»,- ասում է Արմեն Ներսիսյանը: «Ուսանողներն էլ իրենց հերթին պետք է հիշեն, որ գալիս են համալսարան գիտելիքներ ստանալու և դրա համար բավական գումար են վճարում: Այն ուսանողը, ով համալսարանից հեռանում է առանց գիտելիքի պաշարի, նման է գնորդի, ով ապրանքի համար վճարում, ապրանքը թողնում է խանութում ու հեռանում, բայց ուսանողը ոչ միայն պետք է ապրանքը վերցնի, այլև մանրն էլ պահանջի»,- ասում է Լիլիթ Զաքարյանը:
Մալվինա Մալոյան