Լրահոս
Օրվա լրահոսը

Կաֆկային վերհիշելով, կամ երկու դատավոր 8 ամսում չկարողացան վճիռ կայացնել

Ապրիլ 05,2012 14:38

2011թ. հուլիսին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց էր ներկայացրել «Իջեւանի ստուդիա» ՍՊԸ -ի եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ` պահանջելով պարտավորեցնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից համապարտությամբ բռնագանձել 3 միլիոն դրամ` որպես փոխհատուցում, եւս 264 000 դրամ (որպես դատական ծախս), որից 200 հազար դրամը` փաստաբանին վճարած վարձատրության գումար եւ 64 հազարը` որպես վճարված պետական տուրքի գումար: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն հայցադիմումի մեջ նշել է, որ 2011թ. հունիսի 21-ին հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով հեռարձակված տեսանյութում տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավը արատավորող կեղծ տեղեկություններ:

Դատը սկսվել էր 2011թ. օգոստոսի 18-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում: Կայացել էին բազմաթիվ նիստեր, սպասվում էր, որ նոյեմբեր ամսին դատավոր Արշակ Շահոյանը կհրապարակի վճիռը: Սակայն անսպասելի կերպով գործը քննող դատավորը փոխվեց:

2012թ. հունվարի 20-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Արման Կուրեխյանը փաստացի «նոր տողից» սկսեց դատը: Դատավոր Ա. Կուրեխյանը Արշակ Շահոյանի նման ամիսներով քննեց գործի ապացույցները:

Նշենք, որ Նաիրա Խաչիկյանը երբեւէ դատարան չներկայացավ, դատարանում նրա շահերը ներկայացնում էր փաստաբան Գարիկ Գալիկյանը, իսկ «Իջեւան ստուդիայի» որեւէ ներկայացուցիչ չներկայացավ դատարան: Դատարանում «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ շահերը ներկայացնում էր փաստաբան Նաիրա Խաչատրյանը: Մարտի 22-ին դատավոր Արման Կուրեխյանը հրապարակել է վճիռը, որտեղ ասվում է . «…Գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները չպարզված լինելու, ինչպես նաեւ գործով կիրառման ենթակա օրենքները եւ այլ իրավական ակտերը որոշելիս դատարանը հանգել է այն հետեւության, որ անհրաժեշտ է վերսկսել գործի քննությունը եւ լրացուցիչ հետազոտել ապացույցները»: Դատավարությունը 8 ամիս շարունակելուց հետո ի՞նչ «չպարզված հանգամանքներ» ի հայտ եկան, որոնց պետք է լրացուցիչ հետազոտել: Սա հիշեցնում է Ֆրանց Կաֆկայի հայտնի «Դատավարությունը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30