«ՀՀԿ-ի խոսքերը լուրջ չեմ ընդունում»,- այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում հայտարարեց թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը և շարունակեց. «Այն չի կարող լուրջ կուսակցություն լինել, եթե հիմնարկների վրա պարտադրանք են իջեցնում, որպեսզի դրա աշխատակիցները ստիպողաբար իրենց կուսակցության անդամ դառնան: Ի վերջո Հանրապետականները բազում խոստումներ են տվել, սակայն նրանցից ոչ մեկը դեռ չի կատարվել»:
Պարոն Խաչատրյանը, անդրադառնալով միջկուսակցական միասնական շտաբի ձևավորման գաղափարին, նշեց, որ այդ քայլը կատարվել է այն պատճառով, որպեսզի միասնական ուժերով պայքարեն ընտրախախտումների դեմ: «Չորս կուսակցությունների միավորումը կատարվել է այն պատճառով, քանի որ միայն մեկ կամ երկու կուսակցության կողմից ավելի դժվար կլիներ վերահսկողություն սահմանել»:
Պարոն Խաչատրյանը հույս ունի, որ այն ուժերը, որոնց հետ միասնական շտաբ են ձևավորել, չեն դիմի ընտրակեղծիքների: Սակայն մյուս կողմից էլ չի ցանկանում բացառել ոչինչ, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ