Ըմբշամարտում օլիմպիական երեք վարկանիշ ունենք. երկու ըմբիշ եւ մեկ մրցավար
Հայաստանն առայժմ Լոնդոնի օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի երեք մասնակից ունի. ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Միհրան Ջաբուրյանը եւ մրցավար Սամվել Հարությունյանը:
Սամվել Հարությունյանն այսօրվա դրությամբ հայաստանցի միակ մրցավարն է, որ օլիմպիական խաղերը սպասարկելու պաշտոնական թույլտվություն է ստացել: ՄՕԿ-ն աշխարհի 60 լավագույն մրցավարներին ընտրել է լուրջ սելեկցիա անցկացնելով: Թե ի՞նչ ճանապարհ է անցել հայ մասնագետը, «Առավոտը» տեղեկացավ նրա հետ զրույցում:
– Երբվանի՞ց է սկսվել մրցավարների օլիմպիական քննությունը:
Կարդացեք նաև
– Եթե ճիշտն ասենք, դա սկիզբ ու վերջ չունի: ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացվող ամեն մի առաջնություն քննական է, որի ընթացքում աստիճանաբար զատվում են այն մրցավարները, որոնց ՖԻԼԱ-ն սկսում է ավելի ուշադիր հետեւել: Իսկ եթե ավելի ստույգ պատասխանեմ ձեր հարցին, հիմնական սելեկցիայով ՖԻԼԱ-ն սկսել է զբաղվել Ռումինիայում կայացած աշխարհի երիտասարդական եւ այս տարվա մարտին Բելգրադում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնություններում:
– Դուք այդ երկու առաջնություններում էլ մրցավար էիք:
– Այո: Ռումինիայում առաջին օրը ես գորգի մրցավար էի: Հաջորդ օրն ինձ նշանակեցին արդեն գորգի ղեկավար, իսկ երրորդ օրվանից մինչեւ առաջնության ավարտը՝ ժյուրիի անդամ: Դժվար չէ ենթադրել, թե ինչու: Ես չէ, որ պիտի գնահատեմ ինձ: Դա արեց ՖԻԼԱ-ն:
Երկրորդ քննությունը, որն ավելի խիստ էր, Եվրոպայի մեծահասակների առաջնությունն էր, որտեղ սցենարը գրեթե նույնությամբ կրկնվեց: Առաջին օրը կրկին գորգ, իսկ երկրորդ օրվանից մինչեւ վերջ ՖԻԼԱ-ի նախագահի կարգադրությամբ կատարեցի «B» գորգի ղեկավարի պարտականությունը:
– Գորգում աշխատե՞լն է ավելի դժվար, թե՞ գորգի ղեկավար կամ ժյուրիի անդամ լինելը:
– Երկուսն էլ հավասարապես դժվար ու պատասխանատու աշխատանք են: Գորգում ահավոր լարված ես լինում, երբ գիտակցում ես, որ քո ամեն մի շարժմանը հազար աչք է հետեւում եւ յուրաքանչյուր վճիռդ կարող է ճակատագրական լինել թե գոտեմարտող ըմբիշների եւ թե քեզ համար: Շատերն այդ հոգեբանական լարվածությանը չեն դիմանում: Իսկ երբ գորգի պատասխանատու ես կամ ժյուրիի անդամ, վիճելի իրավիճակներում պետք է կարողանաս կատարել միակ ճիշտ ու արդար որոշումը, ինչը նույնպես հեշտ գործ չէ:
– Բարձրակարգ մրցավարներ շատ կան: Բայց հատուկենտ մասնագետների է հաջողվում օլիմպիական մրցավարի կարգ ստանալ: Ձեր պարագայում ո՞րն է գաղտնիքը:
– Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ իմ ուսուցչին՝ ՖԻԼԱ-ի կոորդինատոր եւ մրցավարական հանձնաժողովի նախագահ Ստեփան Ղազարյանին, որի խորհուրդներն ինձ համար միշտ էլ անգնահատելի են: Միջազգային պաշտոնական մրցումներում երկուսս էլ ներկա ենք լինում: Ու ամեն անգամ նա ինձ մատնացույց է անում թույլ տված վրիպումները, հուշում, թե ինչը՝ ինչպես կատարեմ: Մեր հարցազրույցներից մեկում ես մի օրինակ էի բերել: Պարոն Ղազարյանն ինձ սովորեցրել է, որ մրցավարը գորգում ամեն մի շարժում կատարելիս, կամ որոշում կայացնելիս դա պետք է անի վստահ, հստակ, նույնիսկ՝ արտիստիկ ժեստերով: Հավատացնում եմ, որ այդ դեպքում խնդիրներ գրեթե չեն առաջանում:
– Բայց եթե վճիռը սխա՞լ է:
– Սխալներից, առավել եւս՝ վրիպումներից ոչ ոք ապահովագրված չէ: Նայած՝ թե դրանք ինչպիսին են: Եթե կոպիտ սխալներ ես գործում, օլիմպիական խաղերի մասին կարող ես մոռանալ: Դրա լավագույն օրինակը Ռոման Ամոյանի գոտեմարտն է, որից հետո թե գորգի, թե կողային մրցավարները որակազրկվեցին, թեեւ համապատասխան բարձր որակավորում ունեին:
– Սա մրցավար Սամվել Հարությունյանի երկրո՞րդ օլիմպիական խաղերն է:
– Այո: Նորամուտս եղել է Պեկինում: Անկեղծ ասած, Աթենքում էլ պետք է մրցավարեի, բայց գտնվեցին մարդիկ, որոնք խանգարեցին:
– Հուսով եմ, Հայաստանից կամ հայ չէին:
– Ոչ-ոչ: Կանադացի էր: Հայերս միշտ էլ իրար օգնում ու աջակցում ենք: Մեր մեջ այդպիսի խնդիրներ չկան:
– Ձեր երազանքները կատարվե՞լ են:
– Լրիվ: Եվ Աստծուն շնորհակալ եմ: Այս տարի զույգ տղա թոռնիկներ ունեցա: Եվ երկրորդ՝ ինչպես մարզիկներն են երազում երբեւէ մասնակցել օլիմպիական խաղերին, այնպես էլ՝ մրցավարները: Եվ նրանք նույնպես բազմաթիվ արգելքներ են հաղթահարում օլիմպիական վարկանիշ ստանալու համար: Ես կարողացա:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ