Երեւանյան հատուկենտ գրախանութները ապրիլի 20-ին կհամալրվեն եւս մեկով: Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կբացվի «Իսահակյան» գրախանութը: «Առավոտն» այս առիթով հանդիպեց նշյալ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին: Նա տեղեկացրեց, որ այդ օրը կենտրոնական գրադարանի բակում կկայանա Գրքի պուրակի հիմնարկեքը, որտեղ մշակույթի եւ գրականության հայտնի դեմքեր կտնկեն ծառեր իրենց անունով: Հավելեց նաեւ, որ այդ օրը հիմնադրվելու է «Երեւանյան գրքի ակումբը»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ մինչեւ սեպտեմբեր իր տնօրինությամբ գործող գրադարանի մասնաճյուղերում (Կիեւյան 1, Տիգրան մեծի 30 եւ Մոսկովյան 31 հասցեներում) կբացվեն եւս 3 գրախանութներ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք թվարկված միջոցառումները Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման եւ հայկական գրատպության 500-ամյակի շրջանակներո՞ւմ են եւ ինչպե՞ս է պատկերացնում այսօր հրատարակված իսկապես բարձրորակ ու ճոխ գրքերի վաճառքը, մանավանդ որ՝ դրանք ունեն նաեւ «ճոխ» գին: Տիկին Կարապետյանը ասաց, թե ցանկացած խնդրի լուծում պահանջում է ամենօրյա հետեւողական աշխատանք, ինչը չպետք է կապել որեւէ տոնակատարության կամ հոբելյանի հետ, հետո էլ հավելեց. «Հասկանալի է, որ պետության գերխնդիրը ժողովրդի սոցիալական հարցերն են, սակայն չպետք է մոռանալ, որ նույն ժողովուրդը չի կարող գոյատեւել առանց հոգեւորի»: Տնօրենը հայտնեց նաեւ, որ օրախնդիր անհրաժեշտություն է պատկան կառույցներում ընդունելու ընթերցանության աջակցման եւ զարգացման ազգային ծրագիր, որն իր մեջ կներառի գրադարանները, կրթության համակարգը, գրահրատարակչությունը, կադրերի պատրաստումը, ընթերցանության մասսայականացումը՝ սկսած մանկապարտեզից:
Հասմիկ Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ օրերս լուր է ստացվել, թե կառավարությունը պատրաստվում է մշակելու ընթերցանության աջակցման եւ զարգացման ազգային ծրագիր, հույս հայտնելով, որ հավանաբար առաջիկայում այն կիրականացվի փուլ առ փուլ: Մեր զրուցակիցն ասաց, որ մայիսից իրենք՝ հանրապետությունում առաջինը, անցնում են ընթերցողների էլեկտրոնային սպասարկման եւ գրադարանային գործառույթների ավտոմատացման: «Մինչեւ տարեվերջ համակարգը կներդրվի մեր գրադարանում եւ 10 մասնաճյուղերում: Ընթերցողը կարող է տնից գիրք պատվիրել ու ստանալ հրավեր: Գրասերը կարող է ինքնուրույն ընտրություն կատարել գրականության ֆոնդերում եւ գրադարանի էլեկտրոնային բազաներում: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նվիրել է էլեկտրոնային գրքեր»,- հայտնեց տիկին Կարապետյանը: Մտահոգությանը, թե էլեկտրոնային գիրքը հնարավոր է՝ ամենամոտ ժամանակներում դուրս մղի «ֆիզիկական» գրքին, տնօրենը նշեց, թե մարտ ամսին իրենց գրադարան օրական այցելել է միջինը 1097 այցելու, հետո էլ պատասխանեց. «Ֆիզիկական» գիրքը ֆոնդերում կշարունակի մնալ եւ համալրել այն իբրեւ մշակութային ժառանգության կարեւոր մաս, իսկ զուգահեռաբար թվային գրադարաններն ու էլեկտրոնային գրքերը կդառնան գրադարանի ֆոնդային հարստության մասը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ