Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում հետաքրքրվել են Չարենցով

Ապրիլ 05,2012 13:17

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ հանդես է եկել չարենցյան դասախոսություններով: Գրականագետը պատասխանեց «Առավոտի» հարցերին:

Ազատ Եղիազարյանը՝ պրոֆեսորներ Ռիչարդ Հովհաննիսյանի, Պիտեր Քաուիի եւ դասախոսության ունկնդիրների հետ:

– Ո՞ր համալսարաններում հանդես եկաք դասախոսություններով եւ ի՞նչ տպավորություններ ունեք:

– Հրավերները ստացվել էին Բերկլիի, Կալիֆոռնիայի (UCLA) եւ Անն Արբորի (Միչիգան) համալսարաններից: Օրինակ՝ Բերկլիում Չարենցին նվիրված սիմպոզիում էր կազմակերպված՝ «Եղիշե Չարենց՝ ողբերգական հեղափոխականը» թեմայով, որի ընթացքում 3 զեկուցում լսվեց՝ իմ, Վարդան Մաթեւոսյանի (Նյու Յորք), Ջեյմս Ռասելի (Հարվարդի համալսարան): Ես խոսեցի դեպի հեղափոխություն Չարենցի ճանապարհի առանձնահատկությունների մասին: Վարդանի թեման էր՝ «Նաիրիի վերջին երգիչը», իսկ Ռասելը մանրամասն խոսեց «Գիրք ճանապարհիի», եւ դրա կոջոյանական նկարազարդումների մասին: Ինչպես Բերկլիի, այնպես էլ մյուս երկու համալսարաններում լսարանը հիմնականում հայկական էր, բայց ներկա էին ամերիկացիներ, չինացիներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Լոս Անջելեսում կարդացի չորս դասախոսություն՝ «Եվրոպական մթնշաղը: Անհատի ճակատագիրը», «Հայաստանը Չարենցի պոեզիայում», «Չարենցը եւ հեղափոխությունը», «Ապագան եւ ապագայապաշտությունը Չարենցի ստեղծագործության մեջ» թեմաներով: Անն Արբորում էլ խոսեցի «Չարենցը եւ հեղափոխությունը» թեմայով: Այս վերջին դեպքում թեմայի ընտրությունը ես էի կատարել, այն համոզմամբ, որ այդ խնդրի լուսաբանությունը կարեւոր է Չարենցի ամբողջ ստեղծագործությունը հասկանալու համար: Չարենցին նվիրված միջոցառումների ընթացքում երկու անգամ ցուցադրվեց մի փաստագրական ֆիլմ, որը նկարահանել է Շերին Անդերսոնը: Պետք է շնորհակալ լինել այդ կիսահայ տիկնոջը ֆիլմը նկարելու համար: Մյուս կողմից էլ՝ այդ ժամուկեսանոց նկարը այնքան մակերեսային էր եւ այնքան քիչ բան էր ասում Չարենցի մասին, որ մնում էր միայն ափսոսալ:

– Ի՞նչ հարցեր Ձեզ ուղղվեցին, հատկապես ի՞նչն էր հետաքրքրում օտարերկրացիներին:

– Անտարբեր ունկնդիրների ոչ մի լսարանում չհանդիպեցի: Շատ էին հարցերը հատկապես Չարենցի կյանքի վերջին շրջանի մասին: Անն Արբորում ունկնդիրներին հետաքրքրում էր Չարենցի եւ հեղափոխության խնդիրը: Այս հետաքրքրությունը ինձ ստիպում է մի անգամ եւս փաստել, որ հայաստանյան եւ դրսի, հատկապես օտարալեզու մասնագետների ու ունկնդիրների հանդիպումները երկուստեք կարեւոր են: Մարդիկ երբեմն մոտավոր պատկերացում ունեն մեր գրականության մասին, երբեմն էլ՝ ոչինչ չգիտեն: Հիշում եմ՝ երկու տարի առաջ նույն թեմայով դասախոսություններ էի կարդում Օքսֆորդի համալսարանում: Վերջում ինձ մոտեցավ մի ռուս աղջիկ եւ ասաց, որ դասախոսություններից հետո ինտերնետում գտել է Չարենցի ռուսերեն թարգմանությունները եւ բոլորը կարդացել…

– Խնդրում եմ զուգահեռներ տանեք հայաստանյան եւ ամերիկյան համալսարանների միջեւ (լավ եւ վատ կողմերը):

– Շատ հետաքրքիր թեմա է: Վատի մասին դժվարանում եմ խոսել, որովհետեւ այդ համալսարանների ներքին կյանքը լավ չգիտեմ: Կարող եմ ասել, որ, օրինակ, ինձ դուր չի գալիս այն թափթփվածությունը, որը բնորոշ է ուսանողների մեծ մասի արտաքինին: Բայց սրանով չես կարող դատել այդ հայտնի համալսարանների մասին: Նրանց ամենամեծ առավելությունը լավ մասնագետներ հավաքելու եւ նրանց պահելու ձգտումն ու կարողությունն է: Չեմ խոսում գեղեցիկ շինությունների եւ կանաչապատ համալսարանական ավանների մասին, մի բան, որ չունեն, մեր բուհերը…Այս պահին Անն Արբորում երեք երիտասարդ հայաստանցի մասնագետ կա, վստահ եմ՝ լավ գիտնականներ են: Ցավոք, նրանցից ոչ ոք իր ապագան երեւանյան բուհերի հետ չի կապում:

Դառնալով Չարենցին՝ հավելեմ, որ այս տարին եռակի հոբելյանական է բանաստեղծի համար՝ ոչ միայն ծննդյան 115-ամյակն է, այլեւ առաջին բանաստեղծության տպագրության 100-ամյակը եւ մահվան 75-ամյակը: Այդ տարեթվերը պետք է առիթ լինեն ոչ այնքան պաթետիկ եւ երբեմն շատ մակերեսային խոսակցությունների, որքան Չարենցի ստեղծագործության մասնագիտական խոր քննության:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30