Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամբողջությամբ կատարվել է բյուջետային մուտքերի ծրագիրը

Ապրիլ 05,2012 12:57

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության ղեկավարը նիստն սկսել է 2012 թ. առաջին եռամսյակի բյուջետային հավաքագրման արդյունքի ամփոփումով։ «Քանի որ հարկային եկամուտների խնդիրը 2011 թվականին բուռն քննարկման առարկա էր, և մտահոգություն կար բյուջեի կատարման հետ կապված` ուզում եմ ձեզ ներկայացնել առաջին եռամսյակի արդյունքները», – ասել է վարչապետը։Մենք հարկային և մաքսային հավաքագրման, ինչպես նաև սոցիալական ապահովության վճարների  ծրագիրն ամբողջությամբ կատարել և նույնիսկ գերակատարել ենք։ Հավաքվել է 177 մլրդ դրամ, ինչը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 մլրդ 570 մլն դրամով։ Այսպիսով, ծրագիրն ամբողջությամբ կատարվում է, և համոզված եմ, որ այս տեմպը մինչև տարեվերջ կպահպանենք։

         Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական ցուցանիշներն արդեն իսկ հաստատել ենք, համաձայնության ենք եկել Կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ Հանձնարարական է տրված բոլոր գերատեսչություններին, որպեսզի իրենց ծախսային ծրագրերը նախապատրաստեն երեք տարվա կտրվածքով։ Այդ քննարկումը նույնպես կսկսենք, որպեսզի ըստ գերատեսչությունների մեզ համար հստակ լինեն առաջիկա երեք տարիների մեր ծախսերը»։

 

 

Մասնավորը հետաքրքրված է Գյումրու տեխնոպարկով

 

ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, որոնցով սահմանվում են պետբյուջեով տեխնոպարկին ընթացիկ տարում հատկացված 163 մլն դրամի ծախսման ուղղությունները։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն, որ տեխնոպարկում արդեն աշխատում են լաբորատորիաները։ «Մասնավոր հատվածի հետաքրքրությունը չափազանց մեծ է, և մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, ինչը Գյումրու տեխնոպարկին հնարավորություն է տալու մասնավոր հատվածի հետ ծրագրեր իրականացնել։ Դա նշանակում է, որ մայիսին կսկսենք շենքի շինարարությունը», – շեշտել է կառավարության ղեկավարը։

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երեքում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք կնպաստեն թանկարժեք մետաղների ոլորտում աշխատանքների իրականացման կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, հստակեցվել և ՀՀ օրենսդրության պահանջներին են համապատասխանեցվել հարգորոշման և հարգադրոշմման արտոնագրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, հայտում նշվող տվյալները, հայտի քննարկմանը վերաբերող դրույթները։ Հաջորդ որոշմամբ կրճատվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության արտոնագրման գործընթացը, այն դարձվել է առավել մատչելի, ինչի շնորհիվ ակնկալվում է նվազեցնել վարչարարությունը։ Մեկ այլ որոշման փոփոխման և լրացման արդյունքում ՀՀ օրենսդրության պահանջներին է համապատասխանեցվել երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման արտոնագրման կարգը, վերացվել են տեղ գտած անճշտությունները։

Փոփոխություն է կրել մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքը ՀՀ տարածքից արտահանելու դեպքում դրա ներմուծման համար գանձված ԱԱՀ գումարի վերադարձման կարգը։ Գումարն ստանալու համար անձն այսուհետև դիմելու է միայն մաքսային մարմին (հարկային մարմին այլևս չի դիմելու)` ներկայացնելով համապատասխան դիմում։ Որոշմամբ կբարելավվեն գործարար միջավայրի պայմանները։

Պետական գույքի հաշվառման բազայի հավաստիության և կառավարելիության աստիճանը բարձրացնելու նպատակով գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկը` ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը պարտավորեցնելով գույքի ընտրանքային ուսումնասիրության և դրա արդյունքում հայտնաբերված թերությունների հաշվետվությունը ներկայացնել ՀՀ  կառավարություն։

 

Երևանում կստեղծվեն արդիական ջերմոցներ

 

            Կառավարությունն  իր նիստում որոշել է Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ` քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքը կազմակերպելու համար։ Նկատի է առնվել այն հանգամանքը, որ առկա ջերմատները կառուցվել են տասնամյակներ առաջ և իրենց տեխնոլոգիայով և արդյունավետությամբ զիջում են ժամանակակից ջերմատներին։ Որոշման արդյունքում կստեղծվեն ներդրումային ծրագրի իրականացման նպաստավոր պայմաններ, իսկ Երևանի ջերմաէլեկտրակայանի հարակից տարածքում ջերմատների կառուցմամբ կապահովվի բուսաբուծական արտադրանքի շուրջօրյա արտադրություն, կհիմնվեն նոր աշխատատեղեր։

ՀՀ կառավարությունը «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը թույլատրել է երկարաձգել մինչև 2012 թ. հոկտեմբերի 1-ը։ Ընկերության գործունեությունն ունի բնապահպանական կարևոր նշանակություն։ Այն վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ արտադրական թափոնը` հեղուկ թռչնաղբը և ստանում կենսագազ, որից էլ` էլեկտրաէներգիա։

Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Դպրոցաշինության ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գույքը` տրանսպորտային միջոցները, մեքենաներն ու սարքավորումները, օտարել դասական աճուրդով։ Նույն սկզբունքով են օտարվելու նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի N2/1 հասցեում գտնվող օժանդակ շինությունները։ Որոշումների նպատակն է ավելացնել պետբյուջեի մուտքերը։

Կառավարության որոշմամբ Երևանի Նուբարաշենի խճուղու N7 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության զորքերի նախկին զորամասի տարածքը և շենք-շինությունները հետ են վերցվել և ամրացվել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նախարարության քրեակատարողական ծառայությանը հանձնելու նպատակով։

ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կլուծվի 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց ապահովագրական ստաժը սահմանելու հարցը։ Փախստականների մեծ մասը չունի աշխատանքային գրքույկ, անձնագիր և անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Այդ խնդրով զբաղվում է կառավարության որոշմամբ ստեղծված ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովը։

Ներդրվում են անձը հաստատող «նոր սերնդի» փաստաթղթերը

ՀՀ կառավարությունն իր երեք որոշումներից մեկով սահմանել է ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավոր վկայականի ձևերը, վերջինիս տրամադրման կարգը, մյուսով` առավել սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար գանձվող վճարի չափը, վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը, երրորդով` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը, տեղեկանքի ձևը, ինչպես նաև քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայության համարանիշ հատկացնելու կարգը։

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և 10-ով ավելացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առավելագույն թվաքանակը. նպատակը նախարարության դիվանագիտական դպրոցի լավագույն շրջանավարտներին արտաքին գերատեսչության համակարգ ընդունելու հնարավորության ստեղծումն է։

Կառավարությունն իր նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին թույլատրել է բացել «Հայաստանի Հանրապետությունում 2012-2013 թթ. ընտրությունների ընթացքում «Պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում» անվամբ արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ։

Ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունը «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 10 մլն դրամ։ Գումարը կօգտագործվի ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների ծրագրերի իրականացման նպատակով։

Ուշադրության կենտրոնում է ատոմակայանի անվտանգությունը

 

ՀՀ կառավարությունը հաստատել է`

– ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը,

– պետական վերահսկողության շրջանակում սննդամթերքի, կենդանական և բուսական ծագման հումքի, պետության կողմից իրականացվող մնացորդային մոնիթորինգի ընթացքում սննդամթերքի և կենդանական ծագման հումքի մնացորդների լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների ցանկերը, ինչպես նաև 2012 թ. սննդամթերքի լաբորատոր փորձաքննության ծրագիրը,

– Լոռու մարզի Հարթագյուղ համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման, Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային ավտոճանապարհի վերանորոգման և Լենուղի-Այգևան-Մ-5 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների գնման արդյունքները` համապատասխանաբար ընտրված մասնակիցներ ճանաչելով «Լոռու ՃՇՇ»» ՓԲԸ-ն մոտ 380 մլն դրամ և «Կուարլինի» ՍՊԸ-ն` մոտ 627 մլն դրամ պայմանագրային գումարներվ։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին։

Այլ հարցեր

 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման դեպքում դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կհեշտացնեն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիների գանգատներով կայացված որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է որպես փոխհատուցում վճարել 63 հազար 545 եվրո, 120 հազար ԱՄՆ դոլար և 29 մլն 520 հազար դրամ։ Որոշում է ընդունվել կատարել այդ վճարումները։

Գործադիրն այլ կատեգորիա է փոխադրել Արարատի մարզի Դաշտաքարի և Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար արդյունաբերական օբյեկտների կառուցման և գոյություն ունեցող արհեստանոցի ընդարձակման նպատակով։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30