Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա ընտրությունները անհատ պատգամավորների ու կուսակցությունների վրա մոտ 80-100 մլն դոլար է «նստելու»

Ապրիլ 05,2012 12:09

Խորհրդարանական ընտրություններն արդեն թողնում են իրենց ազդեցությունը տնտեսության վրա: Ըստ պաշտոնական վիճակագրության` փետրվար ամսին ամենացածր գնաճն է արձանագրվել: Մարտին վստահաբար ավելի սրսուռ պատկեր է արձանագրվելու: Պաշտոնական վիճակագրությունը բազում ապրանքների գծով գնանկում է արձանագրելու: Եվ սա իր բացատրությունն ունի: Չնայած Հանրապետական կուսակցության խոստումներին` մեր խոշոր գործարարների մեծ մասն, այնուամենայնիվ, առաջադրվեց: Առաջադրված օլիգարխները` որպես խոշոր ներկրող ու արտադրող, հասկանում են, որ գնաճը զսպելն իրենց անձնական շահերից է բխում: Այլապես` ընտրությունների շեմին կաճի դժգոհությունը: Իսկ դա կհանգեցներ ընտրակաշառքի անկառավարելի գնաճի: Արդեն կան փորձագիտական հաշվարկներ, թե որքան փող է ծախսվելու խորհրդարանական ընտրությունների վրա: Առաջիկա ընտրությունները անհատ պատգամավորների ու կուսակցությունների վրա մոտ 80-100 մլն դոլար է «նստելու»: Բավական մեծ գումար է՝ քարոզարշավի, բուկլետ-ծրագրերի, շտաբների աշխատավարձերի ու ընտրակաշառքների համար: Փորձագետներն այս անգամ ենթադրում են, որ աննախադեպ աճելու է նաեւ ընտրակաշառքի վերին շեմը: «Հին ու բարի հինգհազարանոցի» փոխարեն` այս անգամ կատաղի թվերի մասին է խոսվում՝ քսան ու քսանհինգ հազար դրամի: Նրանց կարծիքով` նախորդ տարիների անխիղճ գնաճն ու արժեզրկումը վերջապես վերաֆինանսավորեց ընտրակաշառքի տոկոսադրույքը: Պարզ է, որ օլիգարխներն ու կուսակցություններն այդ ծախսերի ապահովման համար տարադրամ են մտցնելու շուկա: Հետեւաբար` սպասվում է, որ մարտի երկրորդ կեսից սկսած` դրամի արժեւորման գործընթացը շարունակվելու է: Գոնե առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Հետեւաբար` Կենտրոնական բանկի համար արձակուրդի պես մի ժամանակաշրջան է սկսվում: Մի կողմից` տարադրամի հավելյալ չափաբաժին է հայտնվելու, մյուս կողմից՝ օլիգարխներն իրենց վրա են վերցնելու ԿԲ միակ պարտավորությունը՝ գնաճը զսպելը: Եթե այս ենթադրությունը չափազանցություն եք համարում, հետեւեք գներին ինքներդ: Ներմուծվող շատ ապրանքատեսակների գծով նույնիսկ գնանկում է արձանագրված: Ի տարբերություն, ասենք, բենզինի, որն անցած շաբաթ նորից թանկացավ: Նախկինում վառելիքի թանկացումը սովորաբար ուղեկցվում էր գնաճով: Իսկ այս անգամ հակառակը ստացվեց: Իհարկե, կարելի է սա բացատրել այն փաստով, որ Հայաստանում ավտոմեքենաները հիմնականում գազով են աշխատում: Հետեւաբար` բեռնափոխադրության վրա բենզինի թանկացումն այլեւս էական ազդեցություն չունի: Իսկ բենզինի թանկացումը կարելի է բացատրել նրանով, որ այս ապրանքատեսակի ներկրողները նախընտրական կրքերի հետ կապ չունեն: Նրանցից ոչ ոք պատգամավորության թեկնածու չի առաջադրվել: Հետեւաբար` վառելիք ներկրողներն «արխային» կարողանում են գին բարձրացնել: Հարազատ կառավարությունը հավանաբար հաշվարկել էր այս քայլը: Որովհետեւ գյուղատնտեսական գարնանային աշխատանքների համար դիզվառելիքի փոխհատուցում է տալու գյուղացիներին: Սա էլ յուրօրինակ ընտրակաշառք է: Ինչպես հողի հարկի գծով պարտքերի ներումը:

Արա ԳԱԼՈՅԱՆ

«168 ժամ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30