Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի ազնվության ուշացած պոռթկո՞ւմն էր, թե՞…

Ապրիլ 05,2012 11:33

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է. «Հայաստանում բոլոր նախորդ ընտրություններն անցել են խախտումներով՝ բացառությամբ մի ընտրությունից»՝ չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ որ ընտրությունը նկատի ունի։ Թեեւ, դրա կարիքն առանձնապես չկա էլ՝ բոլորն էլ գիտեն, որ անկախությունից ի վեր ՀՀ-ում անցկացված ամենաթափանցիկ ու արդար ընտրությունները եղել են 1991թ. նախագահական ընտրությունները։ Նույն կերպ եւ բոլորը գիտեն, որ դրանից հետո անխտիր բոլոր ընտրություններն էլ անցել են կեղծիքներով: Հետեւաբար, ի՞նչն է Օսկանյանի ասածի մեջ ուշագրավ՝ ի վերջո, նա որեւէ նորություն չի ասում։ Իսկ ուշագրավն այս դեպքում ոչ թե ասածն է, այլ ասողը։ Անկախության շրջանում անցկացված 9 համապետական ընտրություններից 8-ը կեղծելու մասին հայտարարում է մի մարդ, ով 10 տարի շարունակ եղել է ՀՀ կառավարության անդամ՝ զբաղեցնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ էլ՝ 3 տարի՝ 1994-1997թթ, եղել փոխարտգործնախարար։ Ասել է թե՝ այն միակ չկեղծված ընտրությունը, որի մասին խոսում է Օսկանյանը, անցկացվել է այն ժամանակ, երբ ինքը դեռ չէր եկել իշխանության։ Իսկ մնացած բոլոր 8 կեղծված ընտրություններն էլ անցկացվել են իր՝ իշխանության մեջ լինելու տարիներին։ Հետեւաբար, ով ով, բայց Վարդան Օսկանյանը նման հայտարարություններ անելուց առաջ պետք է մտածի՝ արդյոք ինքն իր անցած ուղով եւ քաղաքական վարքագծով դրա բարոյական իրավունքը վաստակել է: Չէ՞ որ լինելով իշխանության ամենավերին օղակներում՝ Օսկանյանը փաստացի ինքն էլ է մասնակցել այդ ամբողջ ընտրակեղծարարությանը։ Ուստի, նրա երեկվա հայտարարությունը պետք է դիտարկել որպես ինքնախոստովանական ցուցմունք։ Եվ այն հանգամանքը, որ նա, լինելով արտգործնախարար, անմիջականորեն ներգրավված չի եղել ընտրական գործընթացում, շատ բան չի փոխում, եթե անգամ Օսկանյանն անձամբ զբաղված չի եղել իր վերադասի՝ Ռոբերտ Քոչարյանի համար ընտրակաշառք բաժանելով կամ կեղծ քվեաթերթիկների լցոնմամբ, ապա որպես երկրի ԱԳՆ ղեկավար՝ հաստատ տեղեկացված է եղել կատարված կեղծիքների մասին՝ առնվազն միջազգային կազմակերպությունների կողմից հնչող կոշտ քննադատությանը դիմագրավելու համար։ Հետեւաբար, Օսկանյանն ամեն դեպքում պետք է պատասխանատվություն կրի՝ առնվազն հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար։

Իսկ ընդհանրապես, Օսկանյանի՝ վերջին շրջանի հայտարարությունները բավականին տարօրինակ են. նա մեկ «ամպոտ ոտքերով» քննադատում է իր անմիջական շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք արմատավորված կլանային-օլիգարխիկ համակարգը, ծաղկող կոռուպցիան, «Ա1+»-ի փակումն ու «մարտի 1»-ի սպանդը, մեկ հարազատ ԲՀԿ-ին մեղադրում տարիներ շարունակ «ձեւական կոալիցիայում» խամաճիկի դերում լինելու մեջ, հիմա էլ, փաստորեն, ուղղակիորեն հայտարարում է, որ Քոչարյանը լեգիտիմ նախագահ չի՛ եղել։ Ի՞նչ է սա՝ քաղաքական անմեղսունակությո՞ւն, թե՞ ազնվության ուշացած պոռթկում։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30