ԿԸՀ-ն երեկ հրապարակել էր այն կուսակցությունների ցանկը, որոնք 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունք են ստացել: Այդ կուսակցությունների շարքում անգամ հայտ չի ներկայացրել ՀԱԿ-ը: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց` ի՞նչն է պատճառը, չե՞ք ուզում գովազդվել` նա պատասխանեց. «Դա շատ թանկ է մեզ համար: Այսինքն, դա իսկապես բավականին մեծ միջոցներ է պահանջում»: Մեր հարցին` ՀԱԿ-ը չունի՞ այդ միջոցները` պարոն Զուրաբյանը պատասխանեց, որ ունեն սահմանափակ միջոցներ. «Հաստատ չենք կարող ոտք գցել ոչ Հանրապետական կուսակցության հետ, ոչ «Բարգավաճի», ոչ շատ այլ կուսակցությունների հետ: Հաշվի առեք, որ դուք գործ ունեք մի ընդդիմության հետ, որը 4 տարի շարունակ ենթարկվել է զրկանքների, որի հետ կապված մարդկանց բոլորի կամ նրանց բիզնեսներն են քայքայել, կա’մ նրանց հեռացրել են աշխատանքից եւ այլն: Ուրեմն մենք պետք է ճշգրիտ օգտագործենք մեր ռեսուրսները եւ կոնկրետ այս ուղղությամբ չենք օգտագործելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ