Ապրիլի 12-ին Տրապիզոնում մեկնարկող բռնցքամարտի օլիմպիական միակ վարկանիշային մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյան քաղաքում:
«Առավոտը» երեկ զրուցեց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ:
– Այս հավաքը վճռորոշն է: Ինչի՞ վրա եք հիմնական ուշադրություն դարձնում:
Կարդացեք նաև
– Տեխնիկա-տակտիկական պատրաստվածության: Տղաները ֆիզիկական, ֆունկցիոնալ պատրաստվածության խնդիրներ չունեն: Նրանց մասնակցությամբ վերջին երկու մրցաշարերը ցույց տվեցին, որ նրանք հիմա մոտենում են լավագույն մարզավիճակին: Մարզիչներիս խնդիրը մնացած այս մի քանի օրերին, ինչպես ասում են, նրանց մաքրելն ու շտկելն է, մարտերին հոգեբանորեն պատրաստելը:
– Քանի՞ հոգի է Տրապիզոնում ռինգ մտնելու եւ ովքե՞ր են:
– Կորյուն Սողոմոնյան՝ 49 կգ, Հովհաննես Դանիելյան՝ 52, Արամ Ավագյան՝ 56, Վլադիմիր Սարուխանյան՝ 60, Արա Պուլուզյան՝ 64, Հրայր Մաթեւոսյան՝ 69 եւ Արթուր Խաչատրյան՝ 81: Ընդհանուր առմամբ՝ յոթ բռնցքամարտիկ:
– Եվ նրանք ի՞նչ տեղեր պետք է զբաղեցնեն, որպեսզի ուղեգրի արժանանան:
– Տարբեր քաշային կարգերում պահանջները տարբեր են: Ես կնշեմ միայն այն քաշային կարգերը, որոնց մենք մասնակցելու ենք: 49 կգ՝ առաջին քառյակ, 52, 56 եւ 81 կգ՝ լավագույն եռյակ, 69 կգ՝ մտնել եզրափակիչ, իսկ 64 կգ՝ միայն հաղթող դառնալ:
– Առայժմ միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն ուղեգիր ունի, որը նա նվաճել է Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում: Տրապիզոնից հետո նրան Լոնդոնում ընկերակցողներ կունենա՞նք:
– Պայքարը շատ դժվար ու ծանր է լինելու: Բայց ես ունեմ վիճակագրություն այն մասին, թե ովքե՞ր են մնացել ասպարեզում: Եթե ռեալ նայենք իրադրությանը, Թուրքիայում եւս 1-2 վարկանիշ հնարավոր է ձեռք բերել:
– Սովորաբար, անհաջողության մատնվելու դեպքում մեղքը բարդում են մրցավարության վրա…
– Որ դժվար է լինելու, իրոք, այդպես է: Այս էլ որերորդ անգամ կարեւորագույն մրցումներն անցկացվում են Թուրքիայում կամ Ադրբեջանում: Բայց մի բան ուզում եմ ասել անցած տարվա Բաքվի աշխարհի առաջնության մասին: Վերջին 15 տարում ես այդպիսի լավ մրցավարություն չէի տեսել: Ու երեւի օլիմպիական ուղեգրեր նվաճելու ամենալավ տարբերակը հենց այնտեղ էր, որտեղ պետք էր մտնել տասնյակի մեջ: Իսկ թե ինչո՞ւ չեղավ, թույլ տվեք չպատասխանել:
– Լոնդոնում մեդալ նվաճելն իրատեսակա՞ն եք համարում:
– Անդրանիկ Հակոբյանն արդեն այնքան կայացած բռնցքամարտիկ է, որ ի վիճակի է մեդալի համար պայքարել: Բայց ի՞նչ գույնի, գուշակել չեմ կարող: Նա ամենայն պատասխանատվությամբ մարզվում է, ինչի համար ես նրա օրինակը բերում եմ հավաքականի մյուս անդամներին: Նա այս ընթացքում միջին մակարդակի մրցման մասնակցեց Ֆինլանդիայում: Գոհ եմ: Ճիշտ է, դրանք նրան ոչինչ չէին տալիս, բայց կարեւոր էին ռինգն ու մրցակիցներին զգալը պահպանելու, մրցակցական պրակտիկան չկորցնելու առումով:
– Եթե էլի ուղեգրեր նվաճողներ էլ ունենանք, այդ պրակտիկան նրանց համար է՞լ եք կիրառելու:
– Այո: Եվ ոչ միայն նրանց համար: Մեր գլխավոր մրցումը օլիմպիադան է: Բայց ես, որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, պարտավոր եմ նաեւ ապագայի մասին էլ մտածել: Մենք ունենք տղաներ, որոնք այսօր պատրաստ են պայքարել նաեւ Տրապիզոնի վարկանիշային մրցումում, բայց օլիմպիադայում բարձր տեղերի՝ դեռ ոչ: Դրա համար աչքիս առջեւ պահում եմ նրանց եւ հետեւից եկող մյուսներին՝ երիտասարդներին, որոնց նույնպես պետք է հավաքներում ընդգրկել եւ միջազգային մրցումներ գործուղել, որպեսզի «եփվեն»:
– Այդքան հնարավորություններ կա՞ն:
– Եթե նկատի ունեք ֆինանսական եւ նյութական միջոցները, այո: Պետբյուջեն մեր հավաքականներին բավարար չափով ֆինանսավորում է: Ամեն հարցով աջակցում են նաեւ ՀԱՕԿ-ն ու ֆեդերացիան: Այնպես որ, բողոքներ չկան:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ