Քաղաքագետների միությունում այս պահին դեռ շարունակվում է կուսակցությունների ներկայացուցիչների քննարկումը՝ միջկուսակցական շտաբ ձեւավորելու մասին:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը համաձայնեց ստորագրել ՀԱԿ-ի առաջարկած փաստաթուղթը՝ նշելով, որ գոնե կարող են շեղագծով ընտրացուցակներում առանձնացնել, եթե ոչ հանել երկրից բացակայողներին: Արմեն Ռուստամյանը, սա ասելուն պես, գրիչ խնդրեց ու տեղում ստորագրեց ՀԱԿ-ի առաջ քաշած փաստաթուղթը՝ ուղղված Վլադիմիր Գասպարյանին: Այնուհետեւ Ռուստամյանն ու Զուրաբյանը իրար ձեռք սեղմեցին՝ ի նշան համաձայնության:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար անհասկանալի է շտաբի գաղափարը. «Շատ անպաճույճ եւ ռոմանտիկ ներկայացվեց: Սրանից տաս օր առաջ ԱԺ-ն նմանատիպ մի հռչակագիր հրապարակեց, որ ստեղծվում է համապատասխան նմանատիպ կառուց, որին կարող են մասնակցել ոչ միայն խորհրդարանական ուժերը, որպեսզի հնարավորինս վերահսկելի դարձնենք ընտրությունները: Իմ կարծիքով ԱԺ-ի հնարավորությունները շատ ավելի բարձր են, կարող են մասնակցել բոլոր քաղաքական ուժերը: Հլը շտաբը չստեղծված՝ արդեն փաստաթուղթ են ստորագրում: Ես ձեռնպահ կմնամ, որովհետեւ նման փաստաթղթերը պիտի քննարկվեն կոալիցիայի կողմից: Սա կքննարկվի կոալիցիայի շրջանակներում, եւ նոր, կարծում եմ, պատասխան կտրվի: Բայց ասում եմ, այս նույն մոտիվներով, ավելի գրագետ կառուցվածքով արդեն հռչակագիր կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև