Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր մարդկանց լացացնելը շատ հեշտ է, դժվարը ժպիտ պարգեւելն է». Աշոտ Ղազարյան

Ապրիլ 03,2012 22:27

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ, այսօր՝ մարտի 3-ին, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կայացավ Վահե Անթանեսյանի «Լոռվա ժպիտներեր» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: Նա գտնում է, որ նման ժողովածուների հրատարակումը կարեւոր է. «Կարծում եմ սա այն դեպքն է, երբ ամեն մեկը պետք է փորձի ժողովածուն ընթերցել, այնտեղ անթեղված հումորը հասկանալ կամ չհասկանալ, ընկալել կամ չընկալել: Այս ժպիտները վկայում են, որ դրանք  պարզապես անհրաժեշտ են հավաքել, ժողովել եւ հանձնել սերունդներին»:

Գրքում զետեղված են երկար տարիների բանահավաքչական աշխատանքների արդյունքում գրի առնված անեկդոտները Լոռու եւ լոռեցիների մասին:

Գրքի հեղինակ՝ Վահե Անթանեսյանը հավաստիացնում է, որ այն շարունակական բնույթ է կրելու. «Դեռ շատ հումորներ կան թղթին չհանձնած: Պետք է պրպտել, մշակել եւ ներկայացնել»,-ասում է նա:

Ողջույնի խոսքով հանդես եկավ  հումորիստ, ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը: Նա հանդիսականներին ներկայացրեց մի քանի անեկդոտներ ոչ միայն լոռեցիների, այլեւ ապարանցիների  եւ զոքանչ մայրերի մասին: «Այսօր մարդկանց լացացնելը շատ հեշտ է, դժվարը ժպիտ պարգեւելն է»,-նկատում է նա:

Մեջբերենք հնչած  մի քանի հումորներ, որով մարմնավորվում է լոռեցու կերպարը.«Հեր ու տղա ուշ ժամի գնում են գերեզմանոց: Որդու սիրտն ահ է ընկնում, հորն ասում է.

-Այ հե՛ր, վախում եմ:

-Շան տղա՛, ընչի՞ց ես վախում, սաղ մեր գյուղացի են»,  «Մի օտարական աքորվեցուց հարցնում է, թե գյուղում բարձրանալու համար կարո՞ղ է այս ճանապարհով գնալ:

-Մեր բարձած էշը գնում ա, դու խի՞ չես կարա,-զարմանում է աքորվեցին»,

«Աիդային հարցրին.

-Աղջի՛, էդ ու՞մ ես գցել տհենց շաշ, ախր մերդ խելոք կնիկ ա:

-Խու մենակ մերս չի, ըրանքին հեր էլ կա է.. » եւ նմանատիպ մի շարք լոռեցուն բնորոշ հումորներ:

Բանաստեղծ Լիպարիդ Սարգսյանի խոսքով, այն ինչ արված է եւ այն ինչ ներառված է գրքում, հետաքրքիր է եւ ողջունելի. «Հայկական ամեն մի բնաշխարհ, ամեն մի անկյուն, ամեն գյուղ իր գեղեցկությունն ունի: Եվ այստեղ անժխտելի է Լոռվա բնաշխարհի հարստությունն ու ներդաշնակությունը»,-ընդգծում է նա:

Հնչեցին մի քանի կատարումներ գուսան Զաքարյանի ստեղծագործություններից: Երգչուհի Անահիտ Սարգսյանի ակապելա կատարումը հուզեց ներկաներին:  «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երցյանն առաջարկեց հաջորդ հանդիպումը նվիրել գուսան Սարգիս Զաքարյանի 88-ամյակին:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30