Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարդում են նրանք, ովքեր կոչված են կարդալու»

Ապրիլ 03,2012 22:20

 Կա՞ այսօր հայ գրականություն, ունե՞նք  արդյոք հայ ժամանակակից գրողներ և բանաստեղծներ: Եթե այո, ապա ինչու՞ հայ հասարակությունը ծանոթ չէ նրանց և նրանց ստեղծագործություններին: Այս խնդրի շուրջ զրուցեցինք գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

1.Պարոն Նիկողոսյան, Դուք որպես գրականագետ` ինչպե՞ս եք գնահատում արդի հայ գրականության զարգացման միտումները:

 

__Եթե ժամանակային առումով վերցնենք, արդի հայ գրականությունն ունի մոտ քսան տարվա պատմություն: Այն իր էությամբ, իր թեմատիկ բովանդակությամբ փորձում է արտահայտել այն բոլոր խմորումները, հասարակական-քաղաքական  իրադարձությունները, մարդու ներաշխարհում տեղի ունեցած փոփոխությունները վերջին քսան տարիների ընթացքում: Այժմ հայ գրականությունը միտում ունի զարգացումների էլ ավելի խորացում, պոետիկական ձևերի ընդլայնում, ոճային բազմազանություն: Մանավանդ, որ այսօր ասպարեզ են եկել շատ երիտասարդ գրողներ և բանաստեղծներ, ովքեր փորձում են իրենց գույնը, ոճը բերել գրականություն, ինչպես նաև ազատագրվել  որոշակի կաղապարներից:

2.Իսկ ինչու՞ հայ հասարակությունը ծանոթ չէ ժամանակակից հայ գրականությանը:

 

__Ես` որպես գրականությանն առնչվող մարդ, կողմնակից եմ նրան, որ լինեն  գրականության իսկապես ճիշտ ընկալողներ, թեկուզ նրանք քիչ լինեն, քան համատարած գիրք գրողները: Ես համաձայն չեմ, որ այսօր հայ գրականությունը տարածվածության լայն շրջաններ չունի, մանավանդ որ վերջին տարիներին այն տարածում է գտել նաև սոցիալական ցանցերում, տարբեր կայքերում: Մի խնդիր էլ կա, այժմ և’ մամուլով, և’ հեռուստատեսությամբ ավելի շատ լուսաբանվում է ինչ-որ աղմկահարույց իրադարձություններ, քաղաքականություն, դրան ավելացրած հեռուստատեսությունը հեղեղած անորակ և էժանագին սերիալները: Այսօր հրաշալի բանաձևված է, որ կարդում են նրանք, ովքեր կոչված են կարդալու:

 

3.Իսկ ի՞նչ պետք է անել, որ մարդիկ զգան գրականության պակասը իրենց կյանքում և ցանկանան ծանոթանալ արդի գրականությանը:

 

__Երբ մարդը հիվանդանում է, նա անմիջապես զգում է դա և դիմում բժշկի` փորձելով բուժել իր ցավը: Ցավոք, չկա այն զգայարանը, որ մարդուն ցույց տար իր հոգևոր հիվանդությունը, եթե լիներ այդ զգայարանը, ապա բոլորը կվազեին դեպի գրքերը, որովհետև այսօր այդ հոգու սով ասվածը համատարած է տիրում: Այսինք ուզում եմ ասել, որ դա մարդու ներսից պետք է լինի ձգտումը դեպի գրականություն, մարդը պետք է զգա, թե ինչպես է իր ժամանակը դառնում գրականություն:

 

4.Համեմատելի՞ է արդյոք ժամանակակից հայ գրականությունը և արդի համաշխարհային գրականությունը:

 

__Առհասարակ  մեզ մոտ տարածված է այդ օտարամոլության աղտ կոչվածը, եթե փորձենք համեմատել ապա կտեսնենք, որ  մեր գրողները ոչնչով չեն զիջում օտարազգի գրողներին, տարբերություն ավելի շուտ աշխարհայացքի, աշխարհընկալման մեջ է, իսկ դա հավանաբար բխում է մեր երկրի պատմությունից, ինչպես նաև` հասարակական կարծիքից: Այսօր կնքվել են շատ պայմանագրեր, անգամ ստեղծվել է գրական գործակալություն, որի խնդիրը մեր գրականությունը աշխարհում ճանաչելի դարձնելն է: Ես վստահ եմ, որ շատ շուտով մեր ժամանակակից գրողներն ու բանաստեղծներն կճանաչվեն ամբողջ աշխարհում:

 

 

 

 

                                                            Ակաթի Վահանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30