Այսօր, ապրիլի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21-ի սահմաններում Ոսկեհատ գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Գասպար Գասպարյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 07 ՍՏ 724 համարանիշի ավտոմեքենան, Ոսկեվազ գյուղում՝ Հայասի կոնյակի գործարանի դիմաց, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 1988թ. ծնված Միքայել Մկրտչյանին։ Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, այլ վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները և Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Էդիկ Սերգոյանի գլխավորությամբ։