Դեռ անցյալ տարվա նոյեմբերին, նաեւ այս տարի՝ ԵԿՄ համագումարից հետո, Aravot.am-ը տեղեկացրել էր, թե ավելի քան 50 երկրապահներ ԵԿՄ-ից դուրս գալու որոշում են կայացրել եւ համապատասխան դիմումով դիմել են Միության վարչության նախագահ գեներալ Մանվելին: Պատճառը, ինչպես այն ժամանակ մատնանշել էին մեր աղբյուրները, այն էր, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որոշմամբ՝ Կենտրոն տարածքային բաժանմունքի ղեկավարի պաշտոնից, առանց այդ կառույցի անդամների կարծիքն իմանալու, հեռացվել էր դրանից ընդամենը 4 ամիս առաջ ղեկավար ընտրված Էդիկ Գյումրյանը, եւ ժամանակավոր պաշտոնատար էր նշանակվել Ռոբերտ Նազարեթյան անուն ազգանունով մեկը: Այն ժամանակ ԵԿՄ-ում հետեւողականորեն հերքում էին ազատամարտիկների՝ միությունից հեռանալու մասին մեր ունեցած տեղեկությունները:
Այսօր, սակայն, հրապարակվեց ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանին ուղղված մի նամակ, որը ստորագրել եւ ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը կասեցնելու մասին են հայտարարել ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի թվով 70 ազատամարտիկներ: Նրանցից առնվազն 5-10-ն, իհարկե, Aravot.am-ի տեղեկություններով, հասցրել են ինչ-ինչ ճնշումների պատճառով իրենց ստորագրությունը ետ վերցնել:
Փոխարենը, հայտարարությունը ստորագրածներից մի քանիսը Aravot.am-ին փոխանցեցին, թե, իսկապես, դեռ մի քանի ամիս առաջ էին որոշում կայացրել կասեցնել իրենց անդամությունը ԵԿՄ-ին, բայց հետո որոշել էին այդ գործընթացը սառեցնել ու դիմել դատարան եւ վիճարկել գեներալ Մանվելի՝ Էդիկ Գյումրյանին կառույցի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին «հրամանը», հաստատ որոշում ունենալով, որ դրանից հետո իրենք միեւնույնն է՝ ԵԿՄ-ից դուրս են գալու: Նման քաղհայցով նրանք արդեն դիմել են դատարան՝ պահանջելով ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հրամանն առ ոչինչ հայտարարել՝ բեկանել կամ հիմնավորել դրա օրինականությունը: Այս գործով դատական մի նիստ եղել է, հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 16-ին:
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի օգնական Վարդան Վարդանյանն ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ էր ամիսներ շարունակ խաբում կամ թաքցնում բաժանմունքում տեղի ունեցող խմորումների մասին՝ ասաց, թե այն ժամանակ ինքը տեղյակ չի եղել: Նաեւ հաստատեց մեր տեղեկությունը, թե ապրիլի 1-ին ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի ժողովում կառույցից արդեն 24-26 հոգի հեռացվել են՝ իրենց դիմումի համաձայն: Ինչ վերաբերում է դատարան դիմելուն՝ Վարդանյանն այսպես արձագանքեց. «Իրենց հարցրեք, թե ինչու են դատարան դիմում, այն էլ համագումարից հետո: Համագումարից հետո բոլոր կառույցներում էլ նոր ընտրություններ են տեղի ունենում այդ կառույցում էլ է եղել, ընտրել են զոհված ազատամարտիկի՝ Աշոտ Նազարեթյանի որդուն, Ռոբերտ Նազարեթյանին»:
Թե ի՞նչ ձեւակերպմամբ են հին անդամները հեռացվում՝ Վարդանյանը դժվարացավ ասել, բայց հավելեց, թե «իրենք դիմել են դուրս գալու համար՝ այդ դիմումը հարգվել է»: Հետո միայն Վարդանյանը հիշեց, որ այդ կառույցում նաեւ ֆինանսական չարաշահումներ են եղել. «60 հոգանոց անգործության մատնված կառույց է եղել, ամենափնթի կառույցներից մեկն էր ամբողջ Հայաստանում: Ինքը՝ Գյումրյանն էն ժամանակ ընդունել է, որ վատ են աշխատել: Հիմա 260 հոգի անդամագրվել է այդ բաժանմունքին: Անդամագրվել են ոչ պատահական մարդիկ՝ նրանք, ոքվեր ժամանակին նրա պատճառով այդ կառույցում չեն եղել, բոլորը արցախյան ազատամարտի մասնակիցներ են, կան որ ջոկատներով են անդամագրվել»: Ավելի ուշ էլ առաջարկեց տրամադրել ինչ-որ փաստաթղթեր, որոնք, իր ասելով, փաստելու են կառույցի նախկին ղեկավարի ֆինանսական չարաշահումների մասին:
«Ոչ մի խնդիր չեմ տեսնում, թող տան էդ փաստաթղթերը, թող հրապարակեն, եթե ունեն»,- Aravot.am-ի հետ զրույցում շատ հանդարտ տոնով ասաց Էդիկ Գյումրյանը:
Մանրամասները կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում: