Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» արձագանքեց դեսպան Հեֆերնի հայտարարությանը

Ապրիլ 03,2012 21:20

Ապրիլի 2-ին, «Հրազդան» հյուրանոցում երեւանյան տարբեր բուհերի ուսանողների եւ դասախոսների առջեւ ունեցած իր ելույթում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն, անդրադառնալով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հայտարարել, էր, թե հասկանում է, որ լուրջ թերահավատություն կա այդ ընտրությունների առնչությամբ, բայցեւ հավելել էր. «Հիմա պետք չէ, որ մենք այսօր փորձենք պարզել, թե նրանց կասկածները ինչքանով են հիմնավորված, սակայն ես ուզում եմ հարցնել, թե այսպիսի կասկածներ ունեցող մարդիկ ինչպե՞ս են արձագանքելու: Արդյո՞ք նրանք ամեն ինչ թողնելու են իշխանությունների տնօրինմանը, թե՞ ավելի վատ՝ նրանք ուղղակի բաց են թողնելու փոփոխության հնարավորությունը: Օրինակ, ոմանք արդեն կանխավ հայտարարել են, որ մայիսին կայանալիք ընտրությունները կեղծվելու են եւ այժմվանից արդեն կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցերի քվեարկության հաջորդ օրը: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են կառուցել ժողովրդավարություն Հայաստանում, չեն կարող սահմանափակվել հայտարարություններով այն մասին, թե ինչ պետք է անեն «նրանք»: Դրա փոխարեն, այդ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր եւ դաշինքներ` իրենց ձայները լսելի դարձնելու համար, մշակեն եւ գործարկեն կեղծիքները կանխելու ու կառավարությանն հաշվետվողականությունն ապահովելուն ուղղված մեխանզիմներ»:

«Չէի ուզենա մեկնաբանել պարոն Հեֆերնի դիտարկումները: Ասեմ միայն , որ ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա, անկախ այն բանից` ունեցե՞լ ենք սեփական թեկնածու թե ոչ, մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտեցել ընտրություններին եւ մեզ հասանելի բոլոր լծակներն ու ռեսուրսները գործի ենք դրել դրանց ազատ եւ արդար լինելն ապահովելու համար, թույլ չտալու ընտրակեղծիքներ եւ ապօրինի այլ գործողություններ: Սակայն Հայաստանում բոլորը գիտեն, թե ովքեր են լինում արդեն 17 տարի կրկնվող զանգվածային եւ համակարգային բնույթ կրող ընտրակեղծարարությունների պատվիրատուներն ու շահառուները. դրանք երբեւէ ընդդիմության դաշտում չեն եղել: Դա, սակայն, մեզ համար երբեւէ հիմք չի եղել հուսալքության եւ անգործության գիրկն ընկնելու համար: «Ժառանգությունը»՝ հիմա էլ արդեն «Ազատ Դեմոկրատների» եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին շարունակելու է իր հետեւողական աշխատանքը եւ համառ պայքարը: Մենք, իհարկե, եւս ողջունում ենք իշխանությունների հավաստիացումները` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին: Սակայն մենք վստահ ենք, որ եթե անգամ իշխող կոալիցիան կրկին փորձի կեղծել ընտրությունները` այս անգամ դա նրան չի հաջողվելու . մենք պարզապես դա թույլ չենք տա»,- անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30