Լրահոս
Օրվա լրահոսը

«Միմինոյի» կարծրատիպը կոտրված է, «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» ֆիլմով վրացիները ճանաչեցին իրենց

Ապրիլ 03,2012 19:19

Հատված «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ-2» ֆիլմից

«Ստոպ» կինոփառատոնի շրջանակներում, Խաղաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնը մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին Նոյեմբերյանի  մշակույթի տանը  ցուցադրեց «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» եւ «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ-2» ֆիլմերը: Դրանք նկարահանել է  վրացական ստեղծագործական խումբ՝ 2005 եւ 2009 թվականներին:

Աբխազական պատերազմի մի խումբ  մասնակիցներ՝ Լեւան Կորինթելիի գլխավորությամբ   ներկայացնում է Վրաստանի  պատերազմական, խառը ժամանակների կյանքը: 2012թ. մարտի 1-ին  Վրաստանում ցուցադրվել է «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ-3» ֆիլմը:  Խաղաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը նշեց, որ այդ ֆիլմերը Վրաստանում մեծ մասսայականություն են վայելում, որ վրացիները այդ ֆիլմերով ճանաչեցին իրենք իրենց: Սկզբում «հրացանավոր մարդիկ», դրանք համարելով  դավաճանական, ընդդիմացել են, սակայն ֆիլմերը Սահակաշվիլու բարեփոխումների հետ մեկտեղ հող են  նախապատրաստել  նոր Վրաստան,  քաղաքակիրթ արժեհամակարգ ձեւավորելու համար:

«Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ-2» ֆիլմում գերակշռում են  լավատեսությունը, խաղաղասիրական ոգին. Ղարաբաղի ռազմաճակատի  ադրբեջանական հատվածից աբխազական ճակատ տարված հրետանու  արկերի տրամաչափը «չի բռնում» հրանոթի փողերի չափին, արկերը հայթայթած թմրամոլ, պարտքերի մեջ թաղված Գոգլիկոն իր  ընկեր Գիոյին  պատվիրում է լքել ճակատը եւ  «տիրություն անել» մարմնավաճառ կնոջից ծնվելիք  զավակին:

Սահմանամերձ Նոյեմբերյանում ֆիլմերը ոչ միանշանակ, սակայն  հետաքրքրությամբ  ընդունվեցին: Եվ դա բնական էր, քանի որ ֆիլմերը լի էին ենթատեքստերով : Վրացական կինոնկարների գլխավոր խորհուրդն  այն է, որ հարավկովկասյան ժողովուրդների անխռով բարեկամության՝ «Միմինոյի» կարծրատիպը կոտրված է, հայերի, վրացիների եւ ադրբեջանցիների փոխհարաբերություններում տարբեր խութեր կան: Դրանով հանդերձ՝ Հարավային Կովկասը  ընդհանուր  տուն է , ուր խաղաղության ճանապարհը բարդ, սակայն միակ ճիշտ ուղին է: Չպետք է թողնել,որ  պատերազմական թոհուբոհ լինի  եւ այնտեղ մարդկանց ճակատագրերը տնօրինեն  յուղոտ ձեռքերով գեներալները (ֆիլմի «հերոսներից» է):

Դիտումից հետո քննարկման ժամանակ  նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը խորհրդանշանական համարեց, որ «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» ֆիլմի ցուցադրումից հետո, Նոյեմբերյանի մշակույթի տան էկրանին երկար մնացին ստեղծագործական խմբի անդամների ազդագրերը՝ վրացի, ադրբեջանցի եւ հայ  դերասանների անունները ( ֆիլմն ինտերնացիոնալ աշխատանքի արգասիք է):

Ի դեպ, ֆիլմում թմրաբարոնի դերում նկարահանվել է հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, իսկ վրացիների կողմից գերված աբխազ դիպուկահարի դերում՝ Մոսկվայի Մեծ թատրոնի հայտնի  վրացուհի պարող Նոտա Մուրվանիձեն: Ակամա մտածում ես՝ հայ ռեժիսորները արցախյան պատերազմի ավարտից 18 տարի անց  ինչո՞ւ չեն ստեղծել այնպիսի կինոնկարներ, որոնք խորհելու տեղիք տան, ունենան հոգեբանական տարբեր շերտեր, դրանք հնարավոր լինի առանց ամաչելու ներկայացնել օտար հանդիսատեսին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30