Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետը հարսանիքի ճոխ օբյեկտը դարձրել է ընտրատեղամաս

Ապրիլ 03,2012 18:51

Այսուհետ Գյումրու  «Հույս»  մանկատան փոխարեն որպես ընտրատեղամաս կծառայի գյումրեցի պաշտոնյաների սիրած  «Դվին» շքեղ հարսանյաց սրահը: Նշենք, որ այն կառուցվել է  վերջերս, պատկանում է  Գյումրու քաղաքապետարանի  բարձաստիճան պաշտոնյաներից  մեկին` Հովհաննես Գրքիկյանին, ով քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ ընկերն է:

Թե ո՞րն է մանկատունը հարսանյաց սրահով փոխելու իմաստը,  Գյումրու քաղաքապետը թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված գրության մեջ  հիմնավորել է նրանով, որ մանկատունը անհարմարավետ է տեղաշարժվելու համար, հատկապես սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Սակայն նկատենք, որ ՀՀԿ-ական քաղաքապետը փոփոխություններ է կատարել հենց այն ընտրատեղամասերում, որոնց ղեկավարները ԲՀԿ-ական են, այսինքն ԲՀԿ-ականների գլխավորած հիմնարկները փոխարինել է իր մարդկանց կառույցներով: Օրինակ`ԲՀԿ-ական Հակոբ Հակոբյանի ղեկավարած  թիվ 24 միջնակարգ դպրոցից ընտրատեղամասը  տարել  է Գյումրու թիվ 5 երաժշտական  դպրոց` պատճառաբանելով, որ 24 դպրոցը գտնվում է  միջպետական նշանակություն ունեցող ավտոմայրուղու վրա և ընտրությունների ժամանակ մշտապես տրանսպորտային կուտակումներ են  գոյացել, տեղադիրքը հարմարավետ չէ:

Նկատենք, որ վերջերս գիշերօթիկ դպրոցի վերածված  «Հույս» մանկատան  տնօրենը ևս ԲՀԿ-ական է`Անահիտ Կարպետյանն է: Սակայն, եթե ինչ-որ տեղ ընդունելի է թիվ 24 միջնակարգ դպրոցը երաժշտական դպրոցով փոխարինելը, ապա օրենսդրորեն անընդունելի է պետական կառույցը խնջույքի օբյեկտով փոխարինելու փաստը: Ընտրական օրենսգրքի 15.2 կետը սահմանում է, որ որպես ընտրատեղամաս կարող են ծառայել պետական կամ ՏԻՄ ենթակայության տակ գտնվող շինությունները, սրանց բացակայության դեպքում միայն հնարավոր է որպես ընտրատեղամաս ծառայեցնել մասնավոր կառույցները:

Ինչևէ, այս թեմայի շուրջ Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանից: Ի՞նչ տրամաբանությամբ է քաղաքապետը սահմանել այս երկու տեղամասային  կենտրոնները: Եթե ասենք մի ճոխ հարսանիք լինի «Դվին» հանդիսությունների տանը, ընտրազանգվածը ինչպե՞ս է  գնալու  քվերակության, ինչպե՞ս եք դա պատկերացնում և չկա՞  արդյոք այստեղ միտում ԲՀԿ-ականներին խեղճացնելու` հարցրեցինք պարոն Բաղրամյանին: Պաշտոնյան մեզ տեղեկացրեց, որ այս թեմայով իրենք բողոք են ստացել հանձնաժողովի անդամներից մեկից` Պարույր Ներսիսյանից, արտահերթ նիստ են գումարել, ու  նրա դիմումը մերժվել է  հետևյալ պատճառաբանությամբ. «Թվով 38  ընտրական տեղամասերից ընդամենը 2 են փոխարինվել մեկ այլ տարածքներով, որոնք ունեն իրենց հիմավորումները: Մենք պարզաբանում ենք պահանջել Գյումրու քաղաքապետարանից, նրանք շատ հստակ մեկնաբանել են. «Հույս» մանկատան ընտրատեղամասը, այնտեղ շատ անգամներ ենք  ընտրություններ  անցկացրել,  գտնվում է երկրորդ հարկում, բավականին դժվարություններ է առաջացնում ընտրողների, հատկապես ֆիզիկապես անկարող վիճակում գտնվող քաղաքացիների համար, այսինքն  երկրորդ հարկ բարձրանալու են բավականին նեղ միջանցքով, աստիճաններով, և իր սենյակի մակերեսով ավելի փոքր է , քան ներկայիս առաջադրված տարբերակը: Իսկ 24 դպրոցում ընտրությունը կայացվում էր  մեկ դասարանում, մոտավորապես 40-50 քառ մետր մակերեսի փոխարեն, այսօր առաջարկվում է երաժշտական դպրոցի դահլիճային մասը, որը չի կարելի համեմատության մեջ դնել նախորդ տեղամասային կենտրոնի հետ: Բացի այդ երաժշտական դպրոցը իր դիրքով, մոտեցման առումով  բավականին մատչելի է քաղաքացիների համար, այսինքն գտնվում է այն տեղում, որտեղ երկրորդական ճանպարհներով կարող են  օգտվել տեղամասային կենտրոնից»:

Պաշտոնյան վստահեցնում է , որ ճոխ հարսանքիները չեն խանգարի ընտրողներին, քանի որ  «Դվին» հարսանյաց սրահում որպես ընտրատեղամաս ընտրվել է առաջին հարկի այն հատվածը, որի  մուտքը առանձին է գլխավոր մուտքից, այսինքն  հարսանյաց սրահը որպես  ընտրատեղամաս չի ծառայի: Պարոն Բաղրամյանը նաև վստահեցնում է, որ այդ տարածքում այլ պետական կառույց չկա, որպեսզի «Հույսը» փոխարիներին մեկ այլ պետական հիմնարկով, նաև շեշտում է , որ «Դվինը» որպես ընտրատեղամաս  օգտագործելու համար վարձավճար չեն մուծելու: «Ես որպես ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ խնդիրը վերլուծում եմ ոչ թե բարեկամական կամ  հարազատական կապերից ելնելով, այլ ընդամենը ելնելով տվյալ կենտրոնի հարմարավետությունից` այն ինչ պահանջում է  Ընտրական օրենսգրքի թիվ 15 հոդվածը, այսինքն  սահմանվող կենտրոնը հնարավորինս ավելի մատչելի լինի ընտրողների համար, իսկ առաջարկված տարբերակները` անկախ իրենց սեփականության ձևից, որոնք անվարձահատույց են հանձնված` փաստորեն ավելի հարմարավետ են, քան նախորդները», ասում է Էդուարդ Բաղրամյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30