Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացի փորձագետը խորհրդարանական «ծիտիկների» ու հայկական իրավիճակների մասին

Ապրիլ 03,2012 17:03

Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստանում է բրիտանացի մեդիա փորձագետ Կիթ Հայեսը, որը աշխատել է «Ռոյթերսում», BBC-ում, CNBC-ում եւ այլուր, ունի 35 տարվա լրագրողական փորձ:

Այսօր հայաստանցի լրագրողները թեյի սեղանի շուրջ զրույց ունեցան փորձառու լրագրողի հետ: Պարոն Հայեսն էլ ծանոթացրեց գենդերային քաղաքականության ու ընտրություններում կանանց ներգրավվածության հարցերի լուսաբանման անգլիական փորձին:

Քննարկման ընթացքում նա բանաձեւեց լրագրության իր պատկերացրած ոսկե կանոնը. «Լրագրության ոսկե կանոնն այն է, որ չկա ոսկե կանոն: Լրագրողները լավ պատմություն պատմողներ են, ու ցանկացած իրավիճակում պիտի գործեն հենց այդ իրավիճակին համապատասխան»:

Բրիտանացի փորձագետին հետաքրքրում էր, թե ՀՀ ԱԺ պատգամավորության կին թեկնածուներին լրագրողները ի՞նչ հարցեր են ուղղում: Նա ասում է, որ ամենակարեւորը առաջին հարցն է, որից էլ կախված է ողջ հարցազրույցը եւ դրա հետաքրքիր լինելը: Aravot.am-ը հետաքրքրվեց, օրինակ ինքն ի՞նչ «բանալի» հարցեր է ուղղել ժամանակին բրիտանացի կին թեկնածուներին, հատկապես լրագրողների հետ դժվար հաղորդակցվողներին, լրագրողական ի՞նչ հնարքների է դիմել: Կիթ Հայեսը նշեց, որ տեղեկատվություն ստանալու համար հարցազրույցի ընթացքում ինքը հանկարծակիի է բերել զրուցակցին. «Երբ հարցազրույց տվողը շփոթվում է, սկսում է զայրանալ, իսկ զայրացած մարդիկ ավելի շատ են խոսում ու ավելի անկեղծ լինում»:

Փորձագետը գտնում է, որ թեկնածուի հետ զրուցելիս երբեք չպետք է շեշտադրել նրա սեռը եւ զրուցակցին «բացելու» համար ամենասկզբում պետք է խոսել նրա նախընտրելի թեմաներից:

Մեր դիտարկմանը, թե մի քանի կին պատգամավորության թեկնածու ունենք նաեւ լրագրողական դաշտից, քանի որ Հայաստանն էլ փոքր երկիր է, եւ լրագրողները այդ լրագրողներին հրաշալի ճանաչում են, ուրեմն իր կարծիքով ինչպե՞ս նյութ պատրաստել, որ ոչ միայն օբյեկտիվ, այլեւ հետաքրքիր լինի, Կիթ Հայեսը պատասխանեց. «Երբեք չասեք, որ Հայաստանը փոքր երկիր է եւ իրավիճակն այլ է այստեղ: Այն ունի նույն խնդիրները, ինչ Մեծ Բրիտանիան: Մեզ մոտ էլ են լրագրողները պատգամավոր դառնում: Եվ անգամ Մեծ Բրիտանիայում լրագրողները այդ լրագրողներին քաջ գիտեն: ԶԼՄ ներկայացուցիչները տվյալ պարագայում պետք է ուշադրություն չդարձնեն այն բանին, որ ԱԺ պատգամավորության թեկնածուն լրագրող է, հանդիպումների ժամանակ չպետք է ցույց տան իրենց նախապատվությունը կամ վախերը»: Նա նաեւ հավելեց. «Մեզ մոտ լրագրողները պատահում է՝ պանդոկներում հանդիպումներ են ունենում, երբեմն նրանց մոտենում են քաղաքական գործիչները ու հիշեցնում իրենց ասուլիսի մասին, խնդրում այս կամ այն հարցը հնչեցնել եւ այլն: Երբ լրագրո՛ղն է դառնում քաղաքական գործիչ, լրագրողները չպետք է խրախուսեն իրենց նախկին գործընկերներին նույն խաղը խաղալ»:

Հանդիպման ժամանակ Կիթ Հայեսը լրագրողներին խորհուրդ տվեց Մարգարեթ Թետչերներ փնտրել հայաստանցի կին գործիչների մեջ, ու մաղթեց, որ մեր խորհրդարանում կանանց այնպես չվերաբերվեն, ինչպես Մեծ Բրիտանիայի 73-րդ վարչապետ Թոնի Բլեերի պաշտոնավարման տարիներին՝ իրենց երկրում. «Կային կին պատգամավորներ, որոնց Թոնի Բլեերի «ծիտիկներ» էին անվանում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30