«Մենք գործադիրում ենք աշխատում, կարիք չկա, որ ցուցակում լինենք»,- Aravot.am-ին ինքնաբացարկ գրելու իր դիմումը այսպես մեկնաբանեց Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Նա ԲՀԿ համամասնական ցուցակի 62-րդ համարն էր: Դիտարկմանը՝ ցուցակում ընդգրկվելուց չգիտեի՞ք, որ գործադիրում եք աշխատում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Մեր կուսակցության քաղխորհուրդը որոշեց այդպես: Հիմա էլ՝ նորմալ է: Մենք համարում ենք, որ մենք գործադիրում անելիք ունենք, երկու մարզպետով որոշել ենք մեր աշխատանքով զբաղվել»:
ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկի դիմում ներկայացրած մյուս մարզպետը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն է, որը ցուցակի 60-րդ հորիզոնականում էր: Սերգեյ Բագրատյանը հավաստիացրեց, որ ինքնաբացարկների պատճառը «տեղի խնդիր չէ»:
ՀՀԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած երեք անձանց վերաբերյալ էլ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսպիսի մեկնաբանություն ներկայացրեց. «Մարդիկ այդպես են ցանկացել, կուսակցությունն էլ ընդառաջ է գնացել նրանց ցանկությանը»: Ինչը փոխվեց այս մի քանի օրերի ընթացքում, որ մարդիկ փոխեցին իրենց որոշումը, Շարմազանովը հակադարձեց. «Իրենց ուզելով չի: Կուսակցությունը որոշել է այդպես, նրանք ընդգրկվել են ցուցակում, հետո իրենց ցանկությունն են արտահայտել, կուսակցությունն էլ ընդառաջ է գնացել»: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականներից ինքնաբացարկի դիմումներ են գրել Դավիթ Սարգսյանը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, Արտեմ Սարգսյանը, Արմեն Բաղդասարյանը: Նկատենք, որ վերջիններս ՀՀԿ համամասնական ցուցակում զբաղեցնում էին, այսպես ասած, ոչ անցողիկ հորիզոնականներ:
Կուսակցական համատեղ որոշումն է փաստարկ բերվում նաեւ ՕԵԿ-ի համամասնական ցուցակից ինքնաբացարկի դիմում ներկայացրած նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի պարագայում: Թե նա, թե ՕԵԿ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում փաստեցին, որ դա համատեղ որոշում է եղել: Պարոն Ալավերդյանը կզբաղվի կուսակցական աշխատանքով: Այս պահին, ճիշտ է, դեռեւս հստակեցված չէ, թե հատկապես ի՞նչ կուսակցական աշխատանք պետք է կատարի նախկին գյուղնախարարը: ՕԵԿ մամուլի խոսնակը տեղեկացրեց նաեւ, որ ՕԵԿ համամասնական ցուցակից այլ ինքնաբացարկների դիմումներ էլ կան: Այդ մարդիկ, առաջիկա ընտրական գործընթացներում կաշխատեն ընտրական հանձնաժողովներում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ