Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապամոնտաժողները» «Քաղաքի տերերի» հետ կապ չունեն (տեսանյութ)

Ապրիլ 03,2012 16:29

Երեկ երեկոյան Մաշտոցի պուրակում «Ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող առաջին խումբը» հայտարարությամբ էր հանդես եկել, որում այսպիսի վերջնագիր կար. «Մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները պաշտոնապես հայտնեցին, որ ոստիկանությունը իրավասու չէ կասկածի տակ դնելու տեղական ինքնակառավարման մարմնի որոշման և փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրավաչափությունը: Մենք կոչ արեցինք ՀՀ պետական մարմիններին, ովքեր իրավասու են կասկածի տակ դնել տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը և փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրավաչափությունը, եռօրյա ժամկետում հանդես գալ հրապարակային հայտարարությամբ և ուղարկել Մաշտոցի պուրակ լիազորված ներկայացուցիչներին՝ հանրությանը բացատրություններ տալու համար ինքնակամ շինությունների վերաբերյալ: Ապրիլի 3-ին ժամը 13։00-ին լրանում է այս հարցում իրավասու պետական մարմնին հայտնաբերելու համար Հայաստանի իշխանություններին տրամադրված ողջամիտ ժամկետը։ Եթե մինչև նշված ժամկետի լրանալը ոչ մի իրավասու պետական մարմին ի հայտ չգա, մենք կհամարենք, որ հանրության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը վերջնականապես մերժված է իշխանությունների կողմից: Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք Հայաստանի իշխանություններին` որ նման դեպքում ոստիկանությունը չի կարողանա խոչընդոտել Մաշտոցի պուրակում մեր արդար աշխատանքի իրականացմանը»։

Այսօր ժամը 13-ին եւ դրանից հետո էլ Մաշտոցի պուրակում ոչինչ չէր կատարվում: Ոչ ոք ոչինչ չէր ապամոնտաժում: Ոստիկական ուժերն ու լրագրողներն էին սովորականից ավելի մեծաքանակ: Ոստիկանները աչալրջորեն հսկում էին կրպակները, լրագրողները փորձում էին որեւէ կերպ բավարարել իրենց հետաքրքրությունը՝ որտե՞ղ է խոստացված ապամոնտաժումը: Բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե՝ ինչո՞ւմն է խնդիրը, որ չեն ապամոնտաժում կրպակները՝ իրենց տված հայտարարության համաձայն: «Մենք չենք այդ ուլտիմատումը տվել: Դա ապամոնտաժող բրիգադն է տվել: Իրենք առանձին են, իրենք առանձին են իրենց որոշումները կոորդինացնում»: Իսկ արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե նույն բանի համար թեկուզ այլ մեթոդներով պայքարող ուժերը գոնե իրարից տեղյակ լինեին՝ մեր այս հարցին էլ պարոն Զոհրաբյանը պատասխանեց՝ «Երեւի թե ավելի ճիշտ կլիներ»:

Մեկ այլ ակտիվիստ՝ Գոռ Հակոբյանը, ասաց. «Մեր քաղաքը», «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունները որեւէ կապ չունեն «Ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող բրիգադի» հետ, որոնց մենք պայմանականորեն «ավագ սերունդ» ենք ասում: Նրանք հայտարարել են, որ ապամոնտաժման ֆունկցիան իրենց վրա են վերցնում, քանի որ համարում են, թե քաղաքացիական դատարանի որոշումը ճիշտ է եւ այդ բուտիկները չպիտի լինեն: Նրանց ուլտիմատումը չէր վերաբերում իրենց գործողություններին, ուլտիմատումը դրված էր ոստիկանության համար, բայց ոչ թե ապամոնտաժման»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30